Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև

Օգոստոսի 1-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ճապոնականը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարի փոխօգնական, Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և ՎՈՒԱՄ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Հիդեկի Ույաման (Hideki Uyama):

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ընթացքը: Զրուցակիցները քննարկեցին հայ-ճապոնական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման և խորացման վերաբերյալ:

Անդրադարձ կատարվեց, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, շրջական միջավայրի պահպանության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին:

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ զարգացմանը ցուցաբերվող բազմաբնույթ օգնության կապակցությամբ:

Ճապոնական կողմը պատրաստակամություն հայտնեց շարունակելու աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին, տարբեր բնագավառներում կարողությունների ավելացմանը: 

Խորհրդակցությունների ընթացքում նաև մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կարևորվեց նաև բազմակողմ ձևաչափով միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունը։