ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կոռուպցիոն ռիսկ չի տեսնում նրանում, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ իրենց ծառայությունն անցկացնում են մեկ զորամասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավթյանն այս մասին ասաց փետրվարի 7-ին լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Auroranews.am»-ի կողմից հրապարակված «էլիտար» զորամասի մասին հոդվածին:
«Կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում: Զորամասում 1000 զինծառայող է ծառայում, երկու կամ երեք հոգի ինչ-որ մեկի հետ կապված են: Ցանկացած մեծ զորամասում, որտեղ 1000 զինծառայող է ծառայում, կգտնենք 2 հոգի, որոնք այս կամ այն ձևով փոխկապակցված են ինչ-որ պաշտոնյայի հետ»,- ասաց Դավթյանը:
Գլխավոր շտաբի պետը նշեց, որ զորամասն իրոք էլիտար է, քանի որ էլիտար խնդիրներ է կատարում:
«Այս պահի դրությամբ զորամասը մարտական հերթապահություն է կատարում»,- նշեց նա: