Մեր պետության արտարժույթի պաշարները բավարար են, որպեսզի դրամի փոխարժեքը կայունանա. Կարեն Սարգսյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, ինչո՞վ է պայմանավորված հայկական դրամի փոխարժեքի նվազումը վերջին օրերին, ի՞նչ հետևանքներ է դա ունենալու:

– Ցանկացած արժույթ, որը լողացող փոխարժեքով է, շատ զգայուն է տարբեր տեսակի իրադարձությունների նկատմամբ, կոնկրետ վերջին իրադարձությամբ պայմանավորված՝ կապված արցախահայության բռնի տեղահանության հետ ու նաև տարածաշրջանի ընդհանուր լարվածությունը, ցանկացած արժույթ արձագանքում է այդ փոփոխություններին ու գործոններին: Ըստ այդմ՝ նաև ազգաբնակչության մոտ միգուցե խուճապային տրամադրություններ, կապված ռազմական տարբեր սցենարների հետ, կարծում եմ՝ ստիպել են, որ մարդիկ հավելյալ մեծ քանակի արտարժույթ ձեռք բերեն, ինչն էլ ազդել է փոխարժեքի վրա: 

Կարծում եմ, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, Կենտրոնական բանկը համապատասխան քաղաքականություն է իրականացնում, փոխարժեքը շուկայում կկարգավորվի, ու նաև կապված տարբեր սցենարների հետ՝ Ռուսաստանից արտարժույթի հոսքի նվազում և այլն, գուցե նաև սա է ազդել, որ դոլարի փոխարժեքը բարձրանա, ու մարդիկ, թեկուզ ոչ խուճապային, այլ սպեկուլյատիվ նպատակով հիմա էժան ձեռք բերեն, որ հետագայում թանկ վաճառեն: 

Սակայն նման խնդիր հիմա չկա, մեր պետության արտարժույթի պաշարները բավարար են, որպեսզի դրամի փոխարժեքը կայունանա և լինի իրական, որը համապատասխանի նաև մեր տնտեսական իրավիճակին:

– Եթե Ռուսաստանի մասով արվող ընդհանուր կանխատեսումներն իրականություն դառնան, ու ռուսական արտարժույթի հոսքը նվազի, ի՞նչ ռիսկերի առաջ կկանգնենք:

– Անկախ արտաքին քաղաքական զարգացումներից, հոսքերը տատանողական են, ու միշտ չէ, որ դրանք լինելու են կայուն աճող տեմպերով, հնարավոր է, որ որոշակի փուլերում նաև նվազեն: Դա կախված կլինի նաև Ռուսաստանի տնտեսության ներսում արժութային քաղաքականության առանձնահատկություններից: Սա, չեմ կարծում, թե կարող է ինչ-որ դեր խաղալ մեր արժույթի փոխարժեքի վրա, այսինքն՝ եթե մեր միակ հույսը պետք է լինի Ռուսաստանի տրանսֆերները, դա սխալ մոտեցում է: 

Մինչև ռուս-ուկրաինական պատերազմը, որից հետո արտարժույթի բավական մեծ հոսք սկսվեց, դրանից առաջ էլ դրամի փոխարժեքը երկար ժամանակ բավական կայուն միջակայքում էր, ու դա որևէ կերպ չի ազդել մեր փոխարժեքի վրա, ընդհակառակը՝ այս ցածր փոխարժեքը մեր որոշ արտահանողների համար որոշակի դժվարություններ է ստեղծում:

– Պարո՛ն Սարգսյան, իսկ դիզվառելիքի բարձր գներն ինչո՞վ եք բացատրում:

– Քանի որ դիզվառելիքը հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից, իսկ Ռուսաստանի ներքին շուկայում առնվազն վերջին մեկ շաբաթվա կտրվածքով որոշակի թանկացում է տեղի ունեցել՝ շուրջ 3-4%, բնականաբար, քանի որ այդ ներկրումներն անընդհատ տեղի են ունենում, դրան արձագանքել են նաև մեզ մոտ՝ սկզբնական շրջանում շուրջ 4-5% գների բարձրացմամբ: 

Այնուհետև, երբ որ դոլարը դրամի նկատմամբ որոշակի արժևորվեց, ապա նաև դա ազդեց, որպեսզի գինը էլ ավելի բարձրանա, բայց, կարծում եմ, որ դա ժամանակավոր երևույթ է, քանի որ դիզվառելիքի գները միջին շուկայական գներով են որոշվում, ու այդ գինը տատանողական է, այսինքն՝ եթե ընդհանուր նվազման միտում նկատվի, ապա մեզ մոտ էլ աստիճանաբար կնվազի: Ինչպես տեսնում ենք, արտարժույթի փոխարժեքը նվազման միտում ունի, ու, կարծում եմ, սա նաև կազդի, որ այդ վառելիքի գինը որոշակիորեն նվազի: 

– Այսինքն՝ դիզվառելիքի գնի բարձրացման հիմնական պատճառն օբյեկտի՞վ է:

– Օբյեկտիվ է, բայց արտարժույթի փոխարժեքի փոփոխությունը, բնականաբար, եթե վառելիք վաճառող ընկերությունը դա պետք է ձեռք բերի դրսից ու դրա համար վճարի արտարժույթով, վաճառի դրամով, փոխարժեքի որոշակի փոփոխության պարագայում ինքը ճշգրտում է գինը, որպեսզի վնասներ չկրի: Բայց եթե փոխարժեքն իջնում է, այդ մասով գինը կնվազի:

– Քաղաքական որոշակի իրադարձություններով պայմանավորված՝ վերջին շրջանում շատ է խոսվում, թե Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ: Եթե իսկապես բանը դրան հասնի, մեր տնտեսությունն ի՞նչ վնասներ է կրելու:

– Նման մտավախություններ կան, վերջին օրերին Լարսում կոնյակ արտահանող բեռնատարների մանրակրկիտ ստուգումներ են կատարվում: Դա իհարկե իրենց իրավունքն է, ընթացակարգ է, ու ապօրինի ոչինչ տեղի չի ունեցել: Այնուամենայնիվ, հնարավոր են որոշակի դեպքեր, դրա համար մենք բազմիցս նշել ենք, որ պետք է դիվերսիֆիկացնել արտաքին շուկաները: 

Մեկ արտաքին շուկայից խիստ կախվածությունը մեզ համար շատ ռիսկային է, ու այդ քաղաքականությունն աստիճանաբար վարվում է, որպեսզի էլ ավելի դիվերսիֆիկացնենք, նոր շուկաներ ներգրավենք, այսինքն՝ նույն այդ Չինաստանի շուկան, իրանական շուկան, Արաբական Միացյալ Էմիրությունը, եվրոպական շուկան, ամերիկյան շուկան, այսինքն՝ այս աշխարհագրությունը ընդլայնելով՝ մենք այդ ռիսկն աստիճանաբար նվազեցնելու ենք: Իհարկե սա մեկ օրում լուծելի խնդիր չէ, բայց պատկերն աստիճանաբար փոխվում է: 

Այն ապրանքները, որ արտահանվում են, բնականաբար, Ռուսաստանի ներքին տնտեսության համար անհրաժեշտ են, ու չեմ կարծում, թե միանգամից հնարավոր է վերցնել ու արգելել ապրանքների մուտքը: Արհեստական դժվարություններ հնարավոր է ստեղծել, բայց սա, կրկնում եմ, մեզ պետք է ստիպի, որ մեր արտաքին շուկան էլ ավելի դիվերսիֆիկացնենք ու ռիսկերը կառավարելի դարձնենք: 

– Այնուամենայնիվ, այսօր արտաքին հիմնական շուկան ռուսակա՞նն է:

– Այս պահի դրությամբ՝ այո՛, բայց պատկերն աստիճանաբար փոխվում է, այսինքն՝ այլ շուկաների տեսակարար կշիռը բարձրանում է, դրական միտում կա այդ մասով:

– Պարո՛ն Սարգսյան, եթե Ռուսաստանը որոշի Հայաստան մուտք գործող բնական գազի սակագնի մասով ինչ-ինչ փոփոխություններ անել, ինչպես արդեն որոշակի մտահոգություններ հնչում են, Հայաստանն այդ դեպքում այլընտրանք ունի՞:

– Նման խոսակցություններ, այո՛, կան, չնայած պաշտոնական որևէ հայտարարություն չի եղել: Այլընտրանքը իրանական գազն է, որը հնարավոր է մատակարարել Հայաստան, պարզապես այդ դեպքում գազամուղի խողովակաշարի մասին պետք է արդեն մտածենք: Գիտենք, որ իրանական գազ Հայաստան մտնում է, ուղղակի դա բնակչությանը չի մատակարարվում, այլ Երևանի ՋԷԿ-ի աշխատանքի համար է օգտագործվում, իսկ եթե արդեն ազգաբնակչությանը ևս տրամադրվի, այդ դեպքում գազամուղի տարողունակությունը պետք է մեծացվի, ինչը ժամանակի հարց է: 

Ինչ վերաբերում է սակագնի փոփոխությանը, ապա չեմ կարծում, թե կտրուկ կլինի, որովհետև կան կնքված պայմանագրեր, որոնցով սահմանվել են սակագները, իսկ այդ պայմանագրերը, կարծում եմ, իրավական ուժ ունեն ու միակողմանի հրաժարումն այնքան էլ հեշտ չի լինի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am