«Նախարարի շատ հայտարարություններ պիտակավորված են, պետք չէ կրթության ոլորտը դարձնել պատերազմի դաշտ»․ Կրթության փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

Պարոն Խաչատրյան, մի քանի օրից մեկնարկում է արտասովոր ուսումնական տարին՝ անսովոր պայմաններում։ Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք՝ հաշվի առնելով համավարակային պայմանները։

Իհարկե, մեծ սպասելիքներ չենք կարող ունենալ, որովհետև արդեն իսկ խնդիրներ ենք ունեցել նախորդ կիսամյակից սկսած՝ ըստ նախարարության տվյալների, երեխաների 20 տոկոսը չի մասնակցել հեռավար դասընթացներին, մասնակցածների զգալի մասը ձևական է մասնակցել, իսկ ապրիլի 27-ից սկսած երբ հայտարարվեց, որ թվանշանները հաշվի չեն առնվելու, շատ ավելի մեծացավ մասնակցողների թիվը։

Այսնքն՝ մենք արդեն իսկ ունենք բավական լուրջ խնդիր նախորդ կիսամյակից եկած, և կարելի է ասել, որ ունենք երեխաներ, որոնք 6-7 ամիս ընդհանրապես կրթությունից դուրս են մնացել։ Այսպիսի երկարատև ընդհատում երբևէ չէր եղել, ու նաև հիշում ենք, որ ամառային երեք ամիսների հանգստից հետո առաջին շաբաթները դժվար էր լինում երեխային վերադառնալ դասապրոցես։ Հիմա այս տարի շատ ավելի է դժվարանալու, որովհետև նախ ընդմիջումն է երկարել, և, բացի այդ, պայմանները, որոնցում դաս են անելու երեխաները, շատ ավելի դժվար են լինելու, քան նախկինում։

Իհարկե, երեխաներն ունեն մի լավ հատկանիշ՝ նրանք կարողանում են հարմարվել, ավելի ճկուն են, բայց ամեն դեպքում ես մտահոգված եմ՝ հարմարվել, չի նշանակում, որ նրանք լավ են սովորելու։ Կարծում եմ, որ ընդհանուր ուսուցման որակի մասով այս տարվա հետ մեծ սպասելիքներ պետք չէ կապել, մեծ արդյունքներ պետք չէ սպասել․ բացակայություններն են շատ լինելու, որոշ երեխաներ ընդհանրապես չեն գնալու, դպրոցներն ավելի շատ կենտրոնանալու են կազմակերպման ձևերի վրա, քան բովանդակության։

Տեսեք՝ ինչքան կազմակերպչական հարցեր կան՝ ջերմաչափում անել, հետևել, որ երեխաները դասարանից դուրս չգան, հետևել, որ դիմակը չհանի կամ դիմակը փոխի, ախտահանել դասարանները և այլն։ Այս բոլոր հարցերը մեծացնում են դպրոցների բյուրոկրատական բեռնվածությունը։ Իսկ թե ինչ բովանդակություն կսովորեն երեխաները, ցավոք սրտի, մղվում է երկրորդ պլան։ Մեկ այլ խնդիր է նաև այն, որ երեխաների մի մեծ խումբ շաբաթական երեք օր է գնալու դպրոց, իսկ մյուս օրերին ինքնուրույն պետք է սովորեն դասը։ Ի՞նչ երաշխիք ունենք, որ այդ երեխաները կսովորեն, ի՞նչ է անելու, օրինակ, առաջին դասարանցին մյուս օրերին, եթե նրա ծնողները աշխատում են, ո՞վ է հետևելու նրան, տնային աշխատանքների ծավալը կմեծանա։ Խնդիրները շատ են։

Ի՞նչ եք կարծում, ԿԳՄՍ նախարարությունն ունե՞ր այլընտրանք, այլ մեթոդներով աշխատելու, այլ կերպ սկսելու ուսումնական տարին համավարակի ժամանակներում։

Կարծում եմ՝ այո, ուներ։ Այլընտրանքը կարող էր լինել հետևյալը՝ բացել 1-4-րդ դասարանները կամ 1-6-րդ դասարանները և մինչև 200 աշակերտ ունեցող գյուղական դպրոցները, և գուցե առանձնացված ավագ դպրոցները։ Դա մեզ հնարավորություն կտար ավելի մեծ ազատություն ունենալ շենքերում, հնարավոր կլիներ դասարանները միմյանցից հեռու տեղակայել, և այն հերթերը, որ կարող են մեծ դպրոցներում առաջանալ, կարող էինք խուսափել դրանից, վարակի տարածման ռիսկը նվազագույն կարող էր լինել։ Հիմնական ու առաջնային խնդիրը այն է, որ պետք է մտածենք կրտսեր դպրոցի երեխաների մասին, որովհետև նրանց համար շատ կարևոր է այս փուլը սահուն անցնել։ Մյուս դասարանների դեպքում այդքան խնդրահարույց չէ, բայց կրտսեր դպրոցն ուշադրության կենտրոնում պետք է լինի, մեզ համար դա շատ կարևոր է, որպեսզի հիմքը լավ դրվի։ Հանկարծ հիմքում կորուստ չունենանք։ Մեծերի պարագայում գուցե կարելի էր բավարարվել հեռավար ուսուցմամբ։ Բայց սա ընդամենը կարծիք է, և նաև հասկանում եմ, որ եթե նախարարությունը այս տարբերակն առաջարկեր, դարձյալ քննադատության էր արժանանալու, մեծ աղմուկ էր բարձրանալու։

Պարոն Խաչատրյան, ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում այս նախարարության գործունեության հանդեպ քննադատությունը, նախարարի հրաժարականի պահանջը, այսօր էլ նույն պահանջով մի քաղաքացի հացադուլ է հայտարարել։ Երեկ էլ իշխանական պատգամավորը մանդատը վայր դնելու մասին էր հայտարարել և պարզվեց, որ դարձյալ ԿԳՄՍ նախարարի հետ սկզբունքային անհամաձայնության պատճառով։ Ի՞նչն է ըստ Ձեզ խնդիրը։

Իմ կարծիքով, ամենամեծ խնդիրը սկսվեց այն պահից, երբ այս բոլոր նախարարությունները միավորվեցին՝ կրթությունը, մշակույթը, սպորտը։ Բոլորս էլ գիտենք, որ այս երեք ոլորտները հանրային խոշորացույցի տակ են․ կրթությունը նայեք՝ 1 մլն մարդ այսպես, թե այնպես առնչվում է կրթությանը, մշակույթը նույնպես բարդ ոլորտ է, այստեղ էլ գործ ունենք արվեստագետների հետ։ Մենք բերեցինք հանրային առումով բարդ ոլորտներ դրեցինք մեկի մեջ։ Ես միշտ էլ ասել եմ՝ այս նախարարությունը հայտնվելու է հանրային հարձակումների տիրույթում։

Մյուս խնդիրը բացատրեմ կրթության ոլորտի մասով, որովհետև ես այդ ոլորտով եմ մասնագիտացած․ կրթության ոլորտը սիրում է ներառականություն, հանրային համերաշխություն, հանրային բարիք և ապացուցված է, որ այն երկրները, որոնք համերաշխ են կրթական հարցերում։ Համերաշխ չի նշանակում նույն ձև մտածել, այլ նշանակում է, որ կան այլընտրանքի հնարավորություններ։ Հիմա մեզ մոտ կրթական ոլորտում սևեր, սպիտակներ, լուսավորիչներ, խավարամիտներ բաժանումը շատ են պառակտել համակարգը։

Բոլորս էլ գիտենք, որ կրթության ոլորտի մարդկանց զգալի խումբ նախկին իշխանությունների կողմից կուսակցականացվել է, զարգացման լիարժեք հնարավորություն չէր ունեցել։ Հիմա այդ հնարավորությունը կա, ինչո՞ւ մենք չկարողացանք ավելի մասնակցային դարձնել կրթության պրոցեսները։ Չեմ կարծում, թե կրթության ոլորտն այն ոլորտն է, որ մի մասը, լինի դա մեծամասնություն, թե փոքրամասնություն, պետք է լուսավորչական պատերազմ հայտարարի մյուսի դեմ։  Այսօր մեր կրթության ոլորտն ամբողջությամբ դադաիստական վիճակում է հայտնվել․ ցանկացած քայլ բերում է պոռթկում, սկանդալ, որը երբեմն ուռճացվում է։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս համակարգը ամբողջութամբ դարձել է պայթունավտանգ, և այս պարագայում կարծում եմ, նախարարությունը պետք է մտածի կամուրջներ կառուցելու մասին։ Եթե կան մարդիկ, ովքեր կոռուպցիոներ են եղել, դա այլ դաշտ է, խնդրեմ, դիմեք իրավապահ մարմիններ, թող նրանք զբաղվեն այդ անձով։ Բայց կրթության ոլորտը դարձնել պատերազմի դաշտ, կարծում եմ, շատ վտանգավոր է։

Դա նախարարի մեղավորությո՞ւնն է, այդ կամուրջները ո՞վ է քանդել։

Այո, նախարարի շատ հայտարարություններ պիտակավորված են, և նախարարը, իմ կարծիքով, պետք է խուսափի պիտակավորումներից, մարդկանց խմբին կամ անհատներին ինչ-որ անուններ փակցնելուց՝ ով ում բարեկամն է, ով որ կուսակցությունից է և այլն։ Այս տեսակ բաները շատ տգեղ են հնչում։ Մենք պետք է ոչ թե անձերի հարթությունում միմյանց դեմ դուրս գանք, այլ պետք է գաղափարական բանավեճ լինի։ Եթե անձերի հետ կապված խնդիր կա, խնդրեմ՝ նախարարը հայտարարում է, որ նախկինների դեմ արկղերով քրեական գործեր ունի, դե խնդրեմ, թող հարուցվեն այդ գործերը։ Ինչո՞ւ չեն հարուցվում։ Բայց հայտարարել նման բան ու քայլ չանել, համակարգը արդեն լարվում է, և նախարարության ցանկացած քայլ արժանանում է ուժեղ դիմադրության։

Այսինքն՝ նախարարի հրաժարականի պահանջը արդարացվա՞ծ է։

Ես երբեք չեմ համարել, որ հարցը պետք է լուծել անձերի առումով։ Պետք է վերջապես մի փոքր կրթությանը լուրջ մոտենանք։ Մենք միշտ անլուրջ մոտեցում ենք ցուցաբերում կրթությանը։ Այստեղ միայն անձերի խնդիր չէ, այլ համակարգային մոտեցման։ Նախարարության այս կառուցվածքում ով էլ հայտնվի և ով էլ դառնա նախարար, կգտնվի հարձակումների թիրախում։ Պետք է կառուցվածքը փոխել, մոտեցումները փոխել, աշխատաոճ փոխել։ Ինչ վերաբերում է նախարարի հրաժարականին, գուցե դա ինչ-որ փուլում տեղի ունենա, բայց չեմ կարծում, թե այս պահին դա է առաջնայինը։ Պետք է այլ ձևով աշխատել։ Այ եթե հայտարարվի, որ այլ կերպ հնարավոր չէ ու սա է միակ ձևը, այդ դեպքում գուցե այլ ելք չմնա, քան հրաժարականը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am