Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով հունվարի 12-14-ը Հայաստան կժամանի Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից, նրան կուղեկցի հայ-ֆրանսիական հարաբերություններում ներգրավված ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը։ Այցի նպատակն է ամրապնդել երկու խորհրդարանների միջև կապերը և հավաստել Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին ներկայիս դժվարին համատեքստում։
Ֆրանսիայի ԱԺ նախագահը կհանդիպի իր հայ պաշտոնակցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։
Դեսպանությունից հայտնում են, որ Բրոն-Պիվեն կայցելի Ցեղասպանության հուշահամալիր և կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նա կայցելի նաև Զինվորի տուն և Հայաստանում ֆրանսիական համալսարան։
Ավելի վաղ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն «Թվիթեր»-ի իր էջում գրառում էր կատարել, նշելով, որ կմեկնի Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով: