Վրաստանը դրական է գնահատում Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան. Բոճորիշվիլի

Վրաստանը դրական է գնահատում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։

Ինչպես հայտնում է Վրաստանի առաջին ալիքը, այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին՝ ընդգծելով, որ այցը ցույց է տալիս՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարևորում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը։

Նրա խոսքով՝ Թբիլիսին ևս իր ներդրումն է ունենում այդ գործընթացում։

Անդրադառնալով այն պնդումներին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցային ուղիների ապաշրջափակման դեպքում Վրաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանային գործընթացներից, Բոճորիշվիլին նշել է, որ Վրաստանի դերը հնարավոր չէ թերագնահատել։

«Ոչ ոք չի բացառում այլընտրանքային ուղիների գոյությունը, և դրանում ոչ մի վատ բան չկա», – ասել է նախարարը։