Թշնամին այսօր փորձել է առաջանալ դեպի Բերձոր և Հայաստանի սահման՝ կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել․ ՊՆ ներկայացուցիչ

Թշնամին այսօր փորձել է առաջանալ դեպի Բերձոր և Հայաստանի սահման, կիրառելով այդ թվում՝ հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել։ Այդ մասին քիչ առաջ ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հայկական գյուղերի ուղղությամբ թեթևազեն թշնամին նույնպես փորձում է առաջանալ և հետ շպրտվում», -հավելեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, դաշտավայրերում որոշակի հաջողությունից հետո թշնամին փորձում է հարձակում զարգացնել նաև լեռնային-անտառային տեղանքներում, որտեղ այդքան էլ հաջողություն չի ունենում, և ընթանում է մարտավարական առումով բարդ պայքար։

«Պատերազմը, որոշակիորեն փոխելով բնույթը։ Պաշտպանության բանակը վարում է բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում։ Պետք է ասել, որ թշնամին որոշակիորեն կորցրել է քանակական ու տեխնոլոգիական առավելությունները, որը բխում է ինչպես տեղանքից, այնպես էլ մեր հմտությունների կատարելագործումից», -նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այսօր չեզոքացվել են թշնամական մի քանի դիվերսիոն խմբեր։