Բաքվի դատարանը լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց

Այսօր Բաքվի Յասամալի շրջանի դատարանում շարունակվել է լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանի նկատմամբ հարուցված շինծու գործով դատավարությունը, գրում է Factor.am-ը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավոր Էլբեյ Ալլահվերդիևը հրապարակել է դատավճիռը․ Էուլջեքչյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Ավելի վաղ կայացած նիստում նման պատժաչափ էր սահմանել մեղադրող դատախազը, իսկ Վիգեն Էուլջեքչյանը դատարանին խնդրել էր արդարացնել իրեն։ Ազատազրկման 5 տարին հայ ռազմագերին անցկացնելու է բանտում, մնացյալ մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։

Հիշեցնենք՝ Բաքուն շինծու քրեական գործ է հարուցել Վիգեն Էուլջեքչյանի նկատմամբ՝ նրան մեղադրելով վարձկանության մեջ։ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Բեյրութում բնակվող Էուլջեքյանը, իբր, ընդունել է Հովակ Կիկիյանի առաջարկը՝ մասնակցել ռազմական գործողություններին որպես «վարձկան»՝ 2․500 դոլար վարձատրության դիմաց։ Այսպիսի շինծու գործերով Բաքուն ցանկանում է խոչընդոտել հայ գերիների վերադարձին։