«Մեր դիվանագիտական ջանքերը պետք է ուղղված լինեն Մինսկի խմբի համանախագահներին գործընթացում ներգրավելուն, ոչ թե Ադրբեջանին առաջարկություններ անելուն». Էմիլ Օրդուխանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը

 – Պարո՛ն Օրդուխանյան, ադրբեջանական կողմը մերժել է սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների վերաբերյալ հայկական կողմի առաջարկությունները, ավելին՝ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանը ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական, ո՛չ որևէ այլ իրավունք չունի նախապայմաններ առաջ քաշելու, քանի որ, ըստ Բայրամովի, 30 տարի օկուպացրել է ադրբեջանական տարածքները: Հայաստանի Հանրապետության արտգործանախարարությունն էլ առնվազն տարօրինակ է համարել Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը: Այս պարագայում հնարավոր համարո՞ւմ եք սահմանազատման գործընթացի մեկնարկը: 

– Դեռ ամիսներ առաջ եմ ասել, որ սահմանազատումն ու սահմանագծումը կողմերը տարբեր կերպ են պատկերացնում, և այդ հայտարարություններն ասածներիս ապացույցն են:

Ըստ էության, ստացվում է, որ կողմերի միջև կոնսենսուս չի էլ կարող լինել, իհարկե դիվանագիտական իմաստով, առաջարկություններ անելը ցույց է տալիս, որ այս գործընթացում մենք որոշակի դերակատարություն ենք ստանձնում, այս իմաստով դրական կարելի է գնահատել այդ հանգամանքը:

Ես կարծում եմ, որ սահմանագծում ու սահմանազատում չի կարող լինել մոտ ապագայում, որովհետև եթե մենք ուզում ենք, որ մեր առաջարկները հաշվի առնվեն, առնվազն պետք է փորձենք ուժերի հաշվեկշիռը վերականգնել, ու այս ժամանակը պետք է օգտագործենք հենց դրա համար, հակառակ դեպքում որքան էլ առաջարկներ լինեն, պարզ է, որ մերժվելու են, եթե դրանք Ադրբեջանի շահերի հաշվառումով չեն լինելու:

Իսկ հնարավո՞ր է, որ Ադրբեջանի որոշումը փոխվի Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին:

– Հայաստանը որևէ պարագայում Թուրքիային չպետք է այս գործընթացում դիտարկի, որովհետև Թուրքիան այն պետությունն է, որը պատերազմի օրերին բացահայտորեն պաշտպանում էր Ադրբեջանի դիրքորոշումը և օգնում, այսինքն՝ նա չի կարող անաչառ  լինել: Հետևաբար, հայկական օրակարգում չպետք է լինի այս գործընթացում Թուրքիային ներառելու որևէ հարց:

Մենք պետք է դիտարկենք գործընթացում արևմտյան պետություններին ներգրավելու հարցը, ինչի մասին ակնարկ եղավ բրյուսելյան հանդիպումից հետո՝ Շառլ Միշելի կողմից:

Ռուսաստանի միանձնյա միջնորդությունը ևս պետք է բացառել, եթե լինելու են սահմանազատում ու սահմանագծում, պետք է լինեն առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ պետությունների ներգրավմամբ, ինչը թույլ կտա գործընթացն ավելի օբյեկտիվ իրականացնել:

Մենք պետք է այս ուղղությամբ աշխատենք ու Ադրբեջանին առաջարկներ անելու փոխարեն ավելի շատ պետք է աշխատենք այդ սուբյեկտներին գործընթացում ներգրավելու ուղղությամբ, ինչը թող մերժի Ադրբեջանը, բայց այս դեպքում կստացվի, որ մերժում է ոչ թե Հայաստանի առաջարկները, այլ մերժում է խնդրի կարգավորման անաչառ ձևաչափը: Դրանով մենք խնդիրներ կստեղծենք նաև Ադրբեջանի համար: Մեր դիվանագիտական ջանքերը պետք է ուղղված լինեն այդ ուղղությամբ, ոչ թե Ադրբեջանին առաջարկություններ անելուն:

Պարո՛ն Օրդուխանյան, նկատի ունեի ոչ թե Թուրքիային մասնակից դարձնել, այլ ելնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկից՝ հնարավո՞ր է, որ Թուրքիան ինչ-որ ձևով Ադրբեջանին մղի այս հարցում որոշումը փոխելուն, ինչպես մյուս հարցերում է ազդում վերջինիս որոշումների վրա:

– Թուրքիան, բնականաբար, այս հարցում պաշտպանելու է Ադրբեջանի ցանկացած դիրքորոշում, քանի որ ինչքան էլ ասեն, թե Թուրքիայի ու Ադրբեջանի միջև որոշ հարցերում տարակարծություններ կան , այդպես չէ, դրանք արտաքին ֆոն են, ներքին քաղաքականությունում իրենք համահունչ են գործում:

Հիշեցնեմ, որ Շուշիի հռչակագիրը, որը վերջերս կողմերի խորհրդարանները վավերացրին, ցույց է տալիս, որ նրանք ռազմավարական շահերի համընկնում ունեն: Դրա համար եմ ասում, որ մենք պետք է կարողանանք ներգրավել այնպիսի սուբյեկտների, որոնք իրենցից ուժ են ներկայացնում, որպեսզի կարողանանք մեր շահերն այս հարցում պաշտպանել:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում առաջարկություններ անել սահմանազատման հարցով, այլ նաև որոշել է գնալ միակողմանի սահմանազատման ու սահմանագծման: Ի՞նչ է սա ենթադրում:

– Դա նշանակում է զավթել Հայաստանի Հանրապետության տարածքները, այն, ինչ ինքը դե ֆակտո արել է անցյալ տարվա մայիս ամսից: Լավ կլիներ, որ հայկական կողմը նախ դիտարկեր մեր տարածքներից ադրբեջանական զինուժի հետքաշման հարցը, նոր առաջարկություններ աներ: Առհասարակ, եթե այդ հարցը լուծված չէ, ի՞նչ սահմանազատման ու սահմանագծման մասին կարող է խոսք լինել, մինչև մեր տարածքներից դուրս չգան, սահմանազատման օրակարգ չպետք է քննարկվի, հակառակ դեպքում՝ ստացվում է, որ դու նրանց օրակարգով ես շարժվում:

Հայաստանը պետք է առաջնային այդ պահանջը առաջ քաշի ու միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնի, ու երբ Ադրբեջանն այդ քայլը կանի, նոր միայն հնարավոր կլինի դիտարկել արդար սկզբունքով սահմանազատման ու սահմանագծման գործընթացը:

Երբ Ադրբեջանը տեսնում է, որ այդ հարցերի մասին խոսք չկա, բնականաբար կարող է ասել, որ կգնա միակողմանի սահմանազատման ու սահմանագծման: Մեզ պետք են օբյեկտիվ միջնորդներ, այս ուղղությամբ եթե աշխատենք՝ կկարողանանք ադրբեջանական նկրտումները զսպել, հակառակ դեպքում մենք կխոսենք, նրանք՝ կգործեն, ինչպես միշտ:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի ասած՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու գաղափարը միայն Հայաստանի կողմի՞ց է ընդունելի, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը բնավ էլ դրան կողմ չե՞ն:

– Խաղաղությունը բոլոր կողմերը տարբեր ձևով են պատկերացնում: Առանց ուժերի հաշվեկշռի վերականգնման՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելն ուղղակի անհնար է, եթե մենք իսկապես ունենք նպատակ, ու այն անկեղծ է, պետք է Հայաստանի ներուժը բարձրացնենք:

Խաղաղությունը լինում է պետության ներուժի հաշվառումով, դա ուղղակի խաղաղություն չէ, իսկ խաղաղությունը միայն բանակով չի լինում, բոլոր ոլորտներում պետության ներուժը պետք է բարձրացնենք: Հա՛, դա շատ լավ է հնչում, դրա մասին խոսել են 30 տարի շարունակ, և մենք ստացել ենք պատերազմ ու այսօր ունենք նաև չավարտված պատերազմ, որովհետև տարիներ շարունակ պետության ներուժի մասին չենք մտածել, մենք պետության ռազմավարական օբյեկտները հանձնել ենք օտարին:

Սրանք են կարևոր հարցերը, եթե իսկապես ուզում ենք խաղաղության դարաշրջան ունենալ: Եթե չենք լուծելու այս հարցերը, դրանք մնալու են այդպես պաթետիկ ձգտումներ, որոնք իրականություն չեն էլ դառնալու, որովհետև մյուսները այս ընթացքում հզորանում են, իսկ մենք նման նախանշաններ Հայաստանում չենք տեսնում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am