Գրավադրված շարժական գույքը չի հատի ՀՀ սահմանը. օրինագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ի նիստում երկրորդ ընթերցմամբ  քննարկեց պատգամավորներ Արթուր Դավթյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից:

Առաջարկվում է կանխել առանց գրավառուի համաձայնության գրավադրված տրանսպորտային միջոցները հանրապետության սահմանը հատելու հետ կապված հնարավոր խնդիրները:

Գրավատուն եւ գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի, կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը:  Կապահովվի գրավի առարկայի վերադարձելիությունը, կնվազեն ավտովարկերի  տոկոսադրույքները:

Հարակից զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը որոշ խնդիրներ է տեսնում առաջարկվող լրացման մեջ: Նրա խոսքով` նախագծի ընդունմամբ  կշահեն միայն բանկերն  ու վարկային կազմակերպությունները:  Կտուժի վարկով ավտոմեքենա գնած անձը, որը չի կարողանա գրավադրված մեքենայով հատել հանրապետության սահմանը:   Նա առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումը, ինչը հեղինակները չընդունեցին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն էլ նշեց, որ Կառավարությունն ընդհանուր առմամբ կողմ է նախագծին` պայմանով, որ կատարվեն որոշ փոփոխություններ,  ինչը հեղինակներն     ընդունեցին:

Նախագիծը  հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ «ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հիմնական զեկուցող Անի Սամսոնյանի առաջարկով հետաձգվեց մինչեւ երկու ամիս ժամկետով: