Կորոնավիրուսով վարակման հետեւանքով մահացած քաղաքացու հուղարկավորությունը կանցկացվի համաճարակաբանական ցուցումներով. ԱՆ. Armtimes.com

Կորոնավիրուսով վարակման հետեւանքով մահացած մեր 72-ամյա քաղաքացու հուղարկավորությունը կազմակերպվելու է համաճարակաբանական ցուցումների համապատասխան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Դետալներ ներկայացնել չէի ցանկանա, դագաղը փակ է լինելու»,- ասաց նա:

Այն հարցին, թե կա՞ արդյոք դիակիզման պահանջ, ինչի մասին վերջին օրերին շատերն են խոսում, Նիկողոսյանը բացասաբար արձագանքեց. «Դիակիզման պահանջ չկա, ուղղակի հուղարկավորությունն անցկացվելու է՝ ըստ համաճարակաբանական ցուցումների»:

Սոցցանցերում տարածվող գրառումներ կան, որոնցով քաղաքացիները միմյանց կոչ են անում մնալ տանը, քանի որ եթե վարակը տուն տանեն եւ փոխանցեն իրենց տարեց բարեկամներին, նրանց՝ հիվանդության մասին հայտնի լինելու օրը կարող է լինել իրենց միասին լինելու վերջին օրը, ավելին՝ իրենք անգամ վերջին հրաժեշտի պահին իրենց սիրելիի դեմքն այլեւս չեն տեսնի: Որքանո՞վ են տեղին նման մտքերը՝ Ալինա Նիկողոսյանը մեկնաբանել չկամեցավ, սակայն հիշեցրեց. «Բացառել չենք կարող, իսկ վարակվածների հուղարկավորության կարգը դա է»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում բավական մանրամասն են ներկայացված համաճարակաբանական ցուցումները բուժաշխատողների եւ վարակվածի հարազատների համար: Դրանց համաձայն՝ բուժաշխատողները բացառապես համապատասխան հանդերձանքով, որոշակի հաստության մեկուսիչով, փակ դագաղում դրված դին փոխանցում են հարազատներին: Նրանք կարող են հուղարկավորությունը կազմակերպել իրենց կրոնական համոզմունքների կամ սովորույթների համապատասխան այդ օրը:

Մանրամասները՝ Armtimes.com-ում