Գունավոր հեղափոխությո՞ւն. ԱՄՆ դեսպանի` «սարեր տեղաշարժելու» ուղերձը տարատեսակ գնահատականների առարկա

Գունավոր հեղափոխությո՞ւն. ԱՄՆ դեսպանի` «սարեր տեղաշարժելու» ուղերձը տարատեսակ գնահատականների առարկա
Գունավոր հեղափոխությո՞ւն. ԱՄՆ դեսպանի` «սարեր տեղաշարժելու» ուղերձը տարատեսակ գնահատականների առարկա

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի վերջին ելույթը տարատեսակ արձագանքներ է գտել Հայաստանում թե´ փորձագետների և թե´ քաղաքական ուժերի ներկայացուցիչների շրջանում: Փետրվարի 28-ին Երևանի պետական համալսարանում հանդես գալով «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» թեմայով զեկույցով` տիկին դեսպանն ասել է, թե «դուք չեք կարող ապրել ձեր ուզած երկրում, եթե չգործեք»:
«Երբ կա ազատություն, քաղաքացիական հասարակությունը կարող է սարեր տեղաշարժել: Կառավարությունները երբեմն կուզենային, որ այդ սարերն հենց իրենց տեղերում էլ մնային, սակայն երբ քաղաքացիական հասարակությունն ունի բավարար օժանդակություն` մղելու կառավարությանը դեպի հիմնարար փոփոխություններ, դա հստակ նշան է, որ եկել է սարը տեղաշարժելու ժամանակը»,- իր խոսքում ասել էր տիկին Յովանովիչը:

ԱՄՆ դեսպանը նաև ասել է, թե քաղաքացիական հասարակությանն իրավասություններով օժտելը ոչ միայն Հայաստանի ժողովրդավարության ու բարօրության առանցքն է, այլ նաև կենսական նշանակություն ունի երկրի ազգային անվտանգության համար:

«Իսկ իրավասություններով օժտելու համար մի՞թե կա ավելի լավ ժամանակ, քան հենց այս պահը»,- ասել է Յովանովիչը:

Տիկին դեսպանի այս ելույթից հետո քաղաքական շրջանակներում և ԶԼՄ-ներում սկսեցին կարծիքներ շրջանառվել, թե Մարի Յովանովիչը գունավոր հեղափոխություն սկսելու կոչ է անում:

Իշխող հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ շտապեց հերքել այդ կարծիքները:

Մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սահակյանը հայտարարել է, թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի վերջին ելույթը գունավոր հեղափոխության կոչ չէ «մի պարզ պատճառով, որ հայ ժողովուրդը գույն չունի»:

«Հայերը մեկ տեսակի են և մի խնդիր ունեն աշխարհի առջև դրված: Այնպես որ, չեմ կարծում, թե ԱՄՆ-ը գունավոր հեղափոխության կոչ է անում»,- ասել է Սահակյանը:

Փորձագետները, սակայն, կարծում են, որ տիկին դեսպանի խոսքում ամեն ինչ ասված էր ուղիղ և պարզ:

«ԱՄՆ դեսպանը բաց տեքստով խոսեց Հայաստանի, այդ թվում նաև` իշխանությունների հետ: Ասե՞լ եք, որ պետք է ժողովրդավարացնել, ժողովրդավարացրե´ք: Սա մենք ողջունում ենք»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Քաղաքագետն ասում է, որ եթե ԱՄՆ դեսպանի` այս բաց տեքստով խոսակցությունը «Հայաստանը չհասկանա, նրանք վաղը կարող են այլ ձևով խոսել»:

«Վաղը կարող են ասել` գնացե´ք գրողի ծոցը, մեզ այսպիսի երկիրը հետաքրքիր չէ: Եվ այլևս չբողոքեք: Արե´ք ինչպես ուզում եք և ինքնե´րդ գլուխ հանեք երկրի ներսում և տարածաշրջանում ու աշխարհում ձեր գործընկերների հետ»,- ասում է Սարգսյանը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ ԱՄՆ դեսպանի ելույթն աննախադեպ է համարում անկախ Հայաստանի պատմության մեջ:

«Միայն հարցի բովանդակային կողմը, Հայաստանի ներքաղաքական խնդիրների համակարգված ներկայացվածությունը չէ, որ բերում է այդ եզրակացության: Խիստ կարևոր է նաև ընտրված պահը` փետրվարի 28-ին, այսինքն` միավորված ընդդիմության հանրահավաքից մեկ օր առաջ, հանրահավաք, որում իշխանություններին ներկայացվեց 15 կետից բաղկացած պահանջների ցուցակ: Դա կարելի է անվանել նաև իշխանությունների կատարելիք գործողությունների մինիմալ ծրագիր»,- ասում է քաղաքագետը:

Նրա խոսքով` բազմաթիվ հարցերում առկա են զուգահեռներ Յովանովիչի հարցադրումների և Կոնգրեսի ներկայացրած պահանջների միջև առնվազն ոգու, գաղափարախոսության տեսակետից, «նաև այն տեսակետից, թե ո´ր իրողություններն են մերժելի, նաև այն, թե ո´ր արժեքների վրա կարելի է հիմնել ապագան, ինչպես նաև գործելու անհրաժեշտությունը»:

«Սա ամենևին չի նշանակում, թե Կոնգրեսը գործում է ԱՄՆ մեսիջներով. Կոնգրեսը բարձրացրել է ամբողջ հասարակությանը հուզող հարցեր, և նման մեսիջների կարիք ամենևին չունի: Սակայն կարելի է հետևություն անել, որ ԱՄՆ-ը ոչ միայն գիտակցում է Հայաստանում առկա օրհասական վիճակը, այլև արվում են որոշակի գործնական եզրակացություններ` գործընթացներից հետ չմնալու միանգամայն հասկանալի և ռացիոնալ ձգտումով»,- «Մեդիալաբին» ասում է Մեհրաբյանը:

Նրա խոսքով` եթե փորձենք մեսիջ փնտրել, ապա դա այն մեսիջն է, «որով ԱՄՆ-ն իր դեսպանի բերանով հայտնում է իր նախասիրությունները Հայաստանում ծավալված քաղաքացիական պայքարում»:

«Այն է` ԱՄՆ համակրանքը քաղաքացու և հասարակության կողմն է»,- ասում է քաղաքագետը:

ԱԳՆ մամլո նախկին խոսնակ, ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն էլ այն կարծիքին է, որ այդ ելույթով Միացյալ Նահանգների ներկայացուցիչը «հետևողական գտնվեց այն գաղափարների և, ամենակարևորը` այն արժեքների հարցում, որոնք ԱՄՆ-ը դավանում է և որի առաջատարն է այդ երկիրը ողջ աշխարհում»:

«Կարծում եմ` սա կարևոր ուղերձ էր, որն առաջին հերթին ուղղված էր քաղաքացիական հասարակությանը, հասարակական կազմակերպություններին, բայց Հայաստանի բոլոր քաղաքացիները նույնպես պետք է ընկալեն ԱՄՆ դիրքորոշման հստակեցումը ընթացող զարգացումների շուրջ»,- ասում է Կարապետյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am