Համոզված եմ, որ Ձեր վերընտրությունը նոր լիցք կհաղորդի հայ-եգիպտական բարեկամությանը. Փաշինյանը՝ Եգիպտոսի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի արդյունքում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու իմաստությունը կշարունակեք ծառայեցնել ինչպես Ձեր երկրի հետագա զարգացմանն ու առաջընթացին, այնպես էլ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում խաղաղության և կայունության հաստատմանը:

Համոզված եմ, որ Ձեր վերընտրությունը, ինչը վկայում է եգիպտացի բարեկամ ժողովրդի՝ Ձեր նկատմամբ ունեցած վստահության մասին, նոր լիցք կհաղորդի հայ-եգիպտական բարեկամությանը և հնարավորություն կընձեռի շարունակելու համատեղ համաձայնեցված մեր ծրագրերը, այդ թվում՝ տնտեսության և անվտանգության ոլորտներում փոխգործակցության աշխուժացմանն ուղղված ջանքերը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և շարունակական բարգավաճում»։