Վրաստանում գնալով ավելի շատ մարդկանց են գաղտնալսում

Վրաստանում գնալով ավելի շատ մարդկանց են գաղտնալսում
Վրաստանում գնալով ավելի շատ մարդկանց են գաղտնալսում

Վրաստանում պաշտոնապես արգելված է գաղտնալսումը և մարդկանց հետևելը: Սակայն 2018թ. «գաղտնալսել» և/կամ գաղտնի հետևել են 9000 մարդու: Նման եզրակացության է եկել Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI)՝ ուսումնասիրելով տարբեր պաշտոնական գերատեսչությունների տվյալները:

Ինչու է գաղտնալսում իրականացվում

Համաձայն հրապարակված տվյալների՝ գաղտնալսման ենթարկված մարդկանց թիվը զգալիրեն ավելացել է հենց վերջին մի քանի տարիներին:

Համեմատության համար. 2015թ. դատարանը ստացել է գաղտնալսման 2,719 հայց, իսկ 2018թ. 9,606 հայց: Դատարանը բավարարել է այդ բողոքների 97 տոկոսը:

Ըստ IDFI՝ իրավապահ մարմինները գաղտնի հետևելու թույլտվություն են ստանում խարդախության, շորթման, միջազգային հանցավորության, «օրենքով գողերի» հետ առնչության, կաշառակերության և թմրամիջոցների անօրինական շրջանառության համար:

Ինչ են նշանակում այս տվյալները

IDFI-ն նշում է, որ երբ 2017թ. ուղղումներ կատարվեցին գաղտնի գործողությունների մասին օրենքում, դրանք չէին բավարարում ոչ կառավարական կազմակերպությունների պահանջները, որոնք առաջ էին քաշվել «Դա վերաբերում է ձեզ» բողոքի արշավի շրջանակում:

«Դա վերաբերում է ձեզ» արշավը քաղաքային քաղաքացիական շարժում է, որում միավորվել էին մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ: Արշավն առաջին անգամ անցկացվել է 2012թ. փետրվարին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել երկրում նախընտրական իրավիճակը բարելավելու համար:

Արշավը վերսկսվեց 2014թ.` այս անգամ գաղտնալսումների և գաղտնի հետևելու դեմ: 2015թ. «Դա վերաբերում է ձեզ» շարժումը դիմեց Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել գաղտնի հետևելու համակարգը: Սահմանադրական դատարանը 2016թ. ապրիլի 14-ին համաձայնեց այդ բողոքի հետ:

2017թ. մարտին խորհրդարանն ընդունեց օրենսդրական փաթեթ, որպեսզի իրականացնի Սահմանադրական դատարանի որոշումը: Ստեղծվեց հատուկ օպերատիվ-տեխնիկական գործակալություն, և միայն այդ կառույցն այսօր իրավունք ունի գաղտնալսել կամ հետևել մարդկանց: Բայց գործակալությունը գտնվում է անվտանգության պետական ծառայության հսկողության տակ, ուստի նոր օրենքը սուր քննադատում են  և՛ ընդդիմությունը, և՛ ոչ կառավարական կազմակերպությունները:

«Ինչի՞ վրա ենք մենք ծախսում մեր հարկերը և մյուս ռեսուրսները: Պետության ոչ ճիշտ նպատակների»,- IDFI հետազոտությունը մեկնաբանել է պատգամավոր Գիորգի Կանդելակին, որը ներկայացնում է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը:

«Արդյունքում բաց հասանելիությամբ տարածվում են գաղտնի ձայնագրություններ, որոնցում անօրինական կերպով նկարահանված են ընդդիմության առաջնորդները: Այդպիսի տեսանյութերի մի մասը շինծու է, մյուսները իրական ձայնագրություններ են, այդ թվում նկարահանված է մարդկանց անձնական կյանքը:

Ընդ որում այն, որի համար պետք էր հետևել, ուշադրությունից դուրս է մնացել: Օրինակ, պարզվել է, որ հսկողության տակ չի եղել այն տունը, որտեղ եղել են Չատաևը և մյուս ահաբեկիչները [նկատի ունի 2017թ. դեկտեմբերին Թբիլիսիում իրականացված հատուկ գործողությունը, երբ սպանվեց այսպես կոչված «Իսլամական պետության» գրոհային Ահմեդ Չատաևը]: Բացի այդ, այս տարիների ընթացքում չի ձերբակալվել և ոչ մի ռուս լրտես»,– ասել է Գիորգի Կանդելակին:

Բաց հասանելիությամբ գաղտնի ձայնագրությունների տարածվելու խնդիրը

Տարիներ շարունակ Վրաստանում խնդիր է մնում թաքնված տեսախցիկներով նկարահանելու խնդիրը և հետո՝ ոչ միայն քաղաքական գործիչների, այլև այլ մասնագիտությունների տեր մարդկանց անձնական կյանքի մասին տեսանյութերի տարածումը:

Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 2019թ. փետրվարին, երբ տարածվեցին իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Էկա Բեսելիայի՝ գաղտնի տեսանկարահանված կադրերը: Այդ միջադեպը համընկավ այն շրջանի հետ, երբ նա հայտարարել էր, որ համաձայն չէ կուսակցական իր գործընկերների հետ Գերագույն դատարանի դատավորի թեկնածության հետ:

Այդ ձայնագրությունների պահպանման և տարածման մեղադրանքով ձերբակալվեց 16 մարդ: Բայց քննությունն այդպես էլ չպարզեց՝ ով է իրականացրել գաղտնի տեսագրությունը:

Դրան նախորդած նմանատիպ սկանդալը 2016թ. մարտին էր՝ կապված կին քաղաքական գործիչների անձնական կյանքի մասին տեսագրությունների հրապարակման հետ: Ի դեպ, հենց դա էլ հանգեցրեց «Այստեղ հենց ձեր հայտարարությունն է» արշավի վերկսմանը և Սահմանադրական դատարան դիմելուն:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, իշխանության գալով 2012թ., աղմուկ բարձրացնելով հարցի շուրջ՝ մեղադրեց նախորդ՝ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությանը բնակչության գաղտնալսումների մեջ: Կառավարությունը պնդում է, որ այն ժամանակվա բոլոր գաղտնի ձայնագրությունները ոչնչացվել են:

JAMNEWS