«Կոնֆլիկտն ավելի է խորացվելու, ավելի սրված հարաբերություններով ենք դուրս գալու այս ամենից». Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, վերջին օրերին դժգոհության ալիք է բարձրացել ԿԳՄՍ նախարարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ, որով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու բուհերում։

Ուսանողները բողոքի ակցիաներ են անում, նախարարությունից ասում են, որ այս փոփոխություններով բուհերին ավելի մեծ ինքնավարություն է տրվում։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս փոփոխություններին։

– Այս պահին չպետք է դասադուլի ու հրաժարականի պահանջի խնդիր դրվի։ Կարծում եմ՝  նախարարությունն այս իրավիճակում պետք է նախաձեռնությունը իր ձեռքը վերցնի ու երկխոսություն սկսի ուսանողների ու մասնագետների հետ։ Այս իրավիճակն առաջացավ նաև նախարարության պասիվության պատճառով, որովհետև արդեն մեկուկես տարի է՝  նոր իշխանություն ունենք, բայց կրթության ոլորտում օրակարգ չկա։ Անորոշություն է, սպասողական վիճակ ու վակուում։

Եվ, որպես կանոն, այդ իրավիճակներում ինչ-որ պահի ինչ-որ հարցով գտնվում են մարդիկ, ովքեր օրակարգ են թելադրում։ Դրա համար կարծում եմ, որ հիմա պետք է սկսել քննարկումներ։ Նաև ասեմ, որ սա չէ մեր կրթության համակարգի գլխավոր հարցը։ Այսինքն՝ այստեղից սկսելը սխալ է։

Այս պահին գլխավոր հարցն այն չէ, թե բուհերում հայոց լեզուն օրենքով պարտադիր կլինի՞, թե՞ պետք է թողնենք բուհերի հայեցողությանը։ Այս հարցը դեռ հասունացած չէ, դրանից առաջ դեռ շատ հարցեր պետք է լուծենք։

Երկրորդ՝ ի վերջո, այնպես չէ, որ մենք արդեն հասել ենք այն մակարդակի, որ բոլոր մասնագիտական առարկաները բուհերում շատ որակով են դասավանդվում, և պետք է արդեն անցնենք հայերենի ու պատմության հարցերին։ Նաև այստեղ նախարարությունը պետք է մի փոքր երկար հաշվարկի իր քայլի հետևանքները։ Տեսեք, մենք ասում ենք՝ թող բուհը որոշի՝ այդ առարկան մնա պարտադի՞ր, թե՞ ոչ։ Բայց մենք պարտավոր ենք իմանալ, թե այսօր ի՛նչ վիճակ է բուհերում։

Այսօր բուհերում ուսանողների կրճատման, ֆինանսական վատ վիճակի պատճառով տիրում է միջամբիոնային, միջֆակուլտետային լարվածություն։ Առարկաներ են կրճատում, մեկը մյուսի առարկան հանում է, որովհետև ժամերը քիչ են, կռիվ կա այդ ժամերի համար։ Հիմա, եթե այս որոշումն ուժի մեջ մտնի, ի՞նչ է տեղի ունենալու՝ բուհերի խորհուրդներում, հատկապես տեխնիկական բուհերի, հավաքվելու են մարդիկ, ովքեր ասելու են՝ «Հայոց լեզուն» ու «Հայոց պատմությունը» մեր ինչի՞ն են պետք, եկեք սա հանենք, մեր մասնագիտական դասախոսների ժամերն ավելացնենք։ Ես սա ցավով եմ ասում, բայց այսօր մեր բուհերում ժամերի կռիվ է գնում։ Այնքան կարևոր չէ, թե ի՛նչ են դասավանդում, որակո՞վ են դասավանդում, թե՞ ոչ, կարևորը ամբիոնի դասախոսները ժամեր ունենան։ 

– Այսինքն՝ նախարարությունում այդ ռիսկը չե՞ն հաշվարկել։

– Այո՛, չեն հաշվարկել։ Արդեն պարզ է, որ հումանիտար ֆակուլտետներում, ԵՊՀ-ի, Բրյուսովի նման բուհերում գուցե այդ առարկաները մնան, բայց մնացած բուհերը հանելու են։ Հետո, ես կարծում եմ, որ ամեն դեպքում Հայաստանի նման երկրի համար հայագիտական առարկաների որոշակի չափաբաժին ունենալը բուհերում նաև մեր առանձնահատկությունից է բխում։ Այսինքն՝ փոքր ազգ ենք, մեզ պետք է մեր լեզուն ավելի պաշտպանված լինի։ Ես այդքան էլ համաձայն չեմ, երբ մեզ համեմատում են Անգլիայի ու ԱՄՆ-ի հետ, նրանք այդ խնդիրները չունեն։ Նախ եկեք դեռ մնացած չափանիշներով հավասարվենք այդ երկրներին, եկեք դեռ մեր դասախոսներին ամերիկացիների չափ աշխատավարձ տանք, հետո մյուս պարամետրերով կհամեմատվենք։

Այս իմաստով ես կարծում եմ, որ, այո՛, շատ կարևոր է, որ բուհերն իրենք որոշեն, բայց այս պահին մենք դեռ չենք հասունացել և հասել այդ վիճակին, որ կարողանանք խելամիտ որոշումներ կայացնել։ Սա ավելորդ լարվածություն է առաջացնելու և այնպես էլ չէ, որ նպաստելու է կրթության որակի բարձրացմանը։ Այսօր մենք բուհերում ունենք բազմաթիվ անիմաստ առարկաներ, անհաջող դասախոսներ, եկեք այս հարցը լուծենք, որ համակարգն ազատվի վատ դասախոսներից։

Չգիտեմ ինչու, հիմա մեզ մոտ այս առարկաներից են կպել։ Սա կարող է նաև վատ նախադեպ ստեղծել։ Կարող է մի քանի տարի հետո մի ազգայնական կուսակցություն գա Հայաստանում իշխանության, և սրանք էլ որոշեն, որ նախորդ իշխանությունները սխալ են արել, որ հանել են, հիմա պետք է հետ բերենք։

Այսինքն՝ կրթական համակարգը պետք է մի քիչ հանգիստ թողնենք, կուսակցական ազդեցությունից ազատենք։ Հայաստանում 20 տարի իշխանափոխություն չի եղել, բայց եթե նայենք կրթության ոլորտին, այստեղ 5-6 անգամ իշխանափոխություն է եղել այս տարիներին։ Հանել են ՀՀՇ-ականներին, եկել է «Օրինաց երկիրը», հետո եկել են դաշնակցականները, հանել են օրինացերկրականներին, եկել է ՀՀԿ-ն, հանել են դաշնակցականներին, հետո հետ է եկել Դաշնակցությունը, ինչ-որ մի պահ երկիշխանություն է եղել, հիմա «Քաղաքացիական պայմանագիրն» է եկել, էլի գնում է Դաշնակցություն-ՀՀԿ-ՔՊ պայքարը։ Այ մարդ, էս կրթական համակարգը հո կրակը չի՞ ընկել այդ կուսակցական խաղերի ձեռքը։ Թողեք համակարգը մի քիչ մասնագիտական հարցերի վրա կենտրոնանա, այս ի՞նչ օրակարգեր են գալիս կրթության ոլորտ։

– Պարո՛ն Խաչատրյան, քննարկվում է նաև հարցը, որ պետք է բարեփոխումներն սկսել դպրոցից, ոչ թե բուհերից, դպրոցում պետք է բարձրացնել այդ առարկաների ուսուցման որակը, որ այսօր նման խնդիր չլիներ։ Դուք համաձա՞յն եք, որ դպրոցից պետք է սկսել։

– Այո՛, ճիշտ են ասում։ Բայց այնպես էլ չէ, որ մենք միայն բուհում կարող ենք հայերեն սովորել։ Ես հիմա էլ եմ հայերեն սովորում, այսինքն՝ այս սահմանափակումը չեմ հասկանում, որ միայն մեկ տեղ պետք է սովորենք։ Իսկ ինչո՞ւ չենք կարող բուհում սովորել, բուհից հետո սովորել։

Շատերն ասում են՝ թող կամընտրական լինի, բայց մենք շատ լավ գիտենք, թե  դրա հետևանքը ո՛րը կլինի, կասեն՝ մարդ չի ընտրել, միայն դու ես, քեզ համար հո փող չե՞նք ծախսելու։ Համաձայն եմ՝ հիմքը պետք է դրվի դպրոցներում, բայց դա չի նշանակում, որ բուհում չպետք է դասավանդվի։

Գուցե այլ որակով, այլ ձևով, գուցե կամաց-կամաց այս անցումն անենք, որովհետև մենք նաև այսպես հարյուրավոր մարդկանց աշխատանքից դուրս ենք շպրտելու։ Այս մոտեցումն էլ է վտանգավոր, երբ ինչ-որ բան վատ է աշխատում, ասում ենք՝ եկեք հանենք, փակենք, կտրենք։ Իսկ արդյոք հնարավոր չէ՞ եղածը բարելավել այս փուլում, մինչև երկիրը մի փոքր ավելի լավ վիճակում կհայտնվի, նոր սուր որոշումներ կկայացնենք։ Մի քիչ ճկուն պետք է մտածենք, այն, ինչ հիմա տեղի է ունենում, անկախ նրանից, թե որ կողմը կհաղթի, մենք պարտված ենք դուրս գալու։

Կոնֆլիկտն ավելի է խորացվելու, ավելի սրված հարաբերություններով ենք դուրս գալու այս ամենից՝ բուհերի ամբիոնների միջև կռիվն ավելի խորացնելով։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am