Երբ բոլորն են հանցագործ, ոչ ոք հանցագործ չէ

Երբ բոլորն են հանցագործ, ոչ ոք հանցագործ չէ
Երբ բոլորն են հանցագործ, ոչ ոք հանցագործ չէ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը պատրաստվում է դատել ոմն Նորայր Մելքոնյանի` «Կրպակ» սուպերմարքեթից 1050 դրամանոց օղի թռցնելու փորձի համար: Գողությունը չի հաջողել: Իսկ դատել պետք է: Ավելին, գողոնի արժեքը 5000 դրամի էլ չի հասնում, որի դեպքում միայն, ըստ օրենքի, նա պարտավոր է պատասխան տալ:

Նորայրն ընտրել է խանութի ամենաէժան օղին: Հաստատ կեղծված: Այսինքն` նպատակային ընտրել է ամենաէժանը, ամենավատը: Բայց գողությունը մնում է գողություն: Հենց այստեղ կանգ կառնենք: Հայաստանում վաղուց հանցագործություններ չկան: Կա համընդհանուր անիշխանություն: Այսինքն` հանցագործությունը դատապարտելի է, երբ յուրաքանչյուրն իր տեղում է, և ինչ-որ մեկը փորձում է իր անբարոյականությունը թելադրել բոլորին: Հանցագործությունը միշտ մեկի անբարոյականության թելադրանքն է արդեն ձևակերպված բարոյականության կրիչներին: Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Կրպակի» աշխատակիցները ՀՀԿ-ի օգտին քվեարկողներ են, ինչպես ցանկացած սուպերմարքեթի աշխատակից: Նրանք սեփական ձայն չունենալը հանցանք չեն համարում: Ավելին, համոզված են, որ ՀՀԿ-ի օգտին քվեն տվել են միանգամայն «օյաղ» գլխով: Այսինքն` իրենց դերն են ունեցել այն բանում, որ «համակարգված» անիշխանությունից Նորայրը հանկարծ էժան չպրծնի:

Նորայրի արարքը հանցագործություն է, երբ խաղի կանոններով ոչ ոք չպետք է գողություն անի: Նորայրն ինքն իրենով հանցագործ չէ: Չի կարող Նորայրը հանցագործ լինել, եթե հանցագործ չէ Սերժ Սարգսյանը: Հանցագործ չի կարող լինել նույնիսկ այն կինը, որը կացնով սպանել էր քնած ամուսնուն: Երբ բոլորն են հանցագործ, ոչ ոք հանցագործ չէ:

Անիշխանությունը խաղի կանոնների հակառակը չէ, անիշխանությունն այն է, երբ խաղի կանոններ չկան: Երբ կեղծում ես Սահմանադրության հանրաքվեն, Նորայրին ուղարկում ես գողության, կնոջը ծափահարում ես կացնով ամուսնու գլուխը ջարդելիս, հենց նոր ծննդաբերած մորն ասում ես՝ երեխայիդ խեղդի´ր ու դին նետի´ր աղբարկղը, 35-ամյա երիտասարդի ձեռքը բռնած տանում ես Դավիթաշենի կամրջի մոտ և ասում՝ նետվի´ր: Որովհետև ո՞վ է ասել, որ Ծառուկյան Գագիկը չպետք է ունենա սկզբունքներ ու շարունակի թալանել այս երկիրը, իսկ 1050 դրամ չունեցող Նորայրը պետք է ունենա ու չգողանա:

Ի՞նչ եք առաջարկել Նորայրին, որ նա չգողանա: Զորամասի հրամանատարը ծեծում է ընթերցող զինվորին հենց գիրք կարդալու համար, իսկ Նորայրն ի՞նչ պետք է անի՝ «Կրպակի» դիմաց վերլուծի Դոստոևսկու «Ոճիր և պատի՞ժը»: Հանցագործի ձեռքից բռնելու համար այդ ձեռքը պետք է հաց դնել: Անիշխանությունը սկսվում է հացը խլելուց: Հանցագործության չափիչը հացն է կամ դրա հնարավորությունը: Նույնիսկ պետական հեղաշրջում անողի չափիչը հացն է, որպեսզի կարողանաս դատել, թե էդ մարդու ի´նչն էր պակաս, որ գնաց էդ քայլին:

Նորայրի հանդեպ հետապնդումը պետք է դադարեցվի, քանի դեռ ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանը պատասխան չի տվել ԱԺ ընտրությունների քարոզարշավի օրերին իր 200 աշխատակիցներին նվաստացնելու համար, քանի դեռ Միհրան Պողոսյանը համոզված է, որ պետության փողերը պանամական օֆշորներում քոռ ու փուչ անելով ոչ մի վատ բան չի արել, քանի դեռ մսագործ Երանոսյան Լյովան ու իր եղբայրը բարձրաստիճան ոստիկան են և այդ ապարատում են պահվում հենց անմեղ մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու համար: Էս մարդիկ Սերժ Սարգսյանի ուղղակի հովանավորությամբ գործող քրեական հանցագործներ են: Կարելի է ասել, որ սրանք Նորայրին ուզում են դատել հենց անմեղության համար: Այդ մեր՝ գողություն չանողներիս համար է Նորայրը հանցագործ: Այս մարդկանց համար նա անմեղ է և պատասխան պետք է տա իր անմեղության համար: Իր գողոնով Նորայրը ակամայից ցույց է տվել, որ մտադիր չէ սպանել, մտադիր չէ որևէ վնաս պատճառել պետությանը, որ կարելի է գողանալ, Նորայրին պետք է դատել գողությունն արժեզրկելու համար, հենց 1050 դրամանոց օղի թռցնելու փորձի համար, որովհետև, ընկեր, դու էս ի՞նչ «դիշովի» պլանկա ես սահմանում գողության համար:

Նորայրն ապագա քաղբանտարկյալ չէ, քանի որ Հայաստանը չունի քննիչներ, դատախազներ և դատարաններ, որոնք կոչված են մեղքը հիմնավորել և դատապարտել: Դատավորը և քննիչը անիշխանության նույնպիսի ներկայացուցիչ են, որքան օղի թռցնելու փորձ անող Նորայրը: Նորայրի այս «մեղքը» «Սասնա ծռերի» արարքի մակետն է: Եվ, ընդհանրապես, ամեն արարք է դառնում այդպիսին՝ սպանությունից մինչև ինքնասպանություն՝ ամեն ինչ հանցագործություն է, բայց պետությունը դատելու բարոյականություն չունի:

Մհեր Արշակյան

MediaLab.am