«Կրեմլը իր երկու խամաճիկներին՝ ՀՀ իշխանությանն ու կեղծ ընդդիմությանը, խաղացնում է՝ ներքին խժդժությունների նպատակով»․ Վարուժան Ավետիսյան

Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնող խմբի անդամ, պահեստազորի սպա Վարուժան Ավետիսյանը

Պարո՛ն Ավետիսյան, դատարանը կայացրեց «Սասնա ծռերի» գործով վճիռները, այդ թվում՝ ձեզ դատապարտեց ազատազրկման։ Միաժամանակ, դատավորը նշեց, որ խմբի անդամները կարող են օգտվել համաներման հնարավորությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են լինելու։

– Ես չորրորդական եմ համարում մեր գործով զարգացումները, մեր գործը ուղիղ գծով կապված է Հայաստանի վիճակի հետ։ Եվ Հայաստանի ազատազրկված լինելն ու մեր ազատազրկումն ուղիղ կապի մեջ են։ Այնպես որ, մենք պետք է զբաղվենք Հայաստանի ազատագրմամբ, ոչ թե մեր մասին մտածելով։ 

Իսկ այդ ձևական ընթացակարգերը․․․ պաշտպաններն ինչպես հարմար կգտնեն, այդպես էլ կվարվեն։ Հավատացե՛ք՝ ես մինչև հիմա մեղադրական եզրակացությունը չեմ կարդացել, գործի նյութերին չեմ ծանոթացել, դա ինձ չի հետաքրքրում։

– Մարտի 16-ի ձեր հանրահավաքն ուժի մե՞ջ է։ Ձեր պայքարը նույն շեշտադրումներով շարունակելո՞ւ եք։

Գիտեք, թե մարտի 16-ն ինչ օր է՝ Մոսկվայի պայմանագրի օրն է։ Եվ մեր նպատակը Հայաստանի ազատագրումն է, ՀՀ վերակերտումը՝ Առաջին հանրապետության իրավահաջորդության հիման վրա։

Այն, ինչ այսօր գոյություն ունի՝ պայմանական Երրորդ հանրապետություն անվամբ, ռուսական կիսագաղութ է, որն այսօր արդեն Ռուսաստանի ռազմավարական թուլացման և նահանջի պատճառով կանգնած է Ռուսաստանի և Թուրքիայի միջև կիսվելու վտանգի առաջ։

Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, գլխավոր փորձն էր։ Եվ հաջորդը նախատեսված է ամբողջ Հայաստանի համար։ Այնպես որ, մենք այդ աղետը պետք է կարողանանք կանխել։ Իսկ դա հնարավոր է ինքնիշխան Հայաստան ստեղծելով։ 

– Այսօրվա իշխանությունները գործում են արտաքին ուժերի թելադրանքո՞վ։

– Այսօրվա իշխանություններն էլ, երեկվան էլ, բոլորն էլ՝ Երրորդ հանրապետության համակարգի մեջ գործող բոլոր իշխանությունները գաղութային ադմինիստրացիաներ են, դավաճանական խմբակներ, որոնց գործունեությունը սահմանափակվում է ազգային շահի հաշվին ռուսական կայսրության շահը սպասարկելով։ Եվ դրա դիմաց, իհարկե, անձնական և կլանային շահաբաժիններ են ստանում։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ, իհարկե, ոչ 100 տոկոսով, բայց իրենց հաջողվում է լուծել Հայաստանի անվտանգային խնդիրները։

– Ես Նիկոլ Փաշինյանին չեմ լսում ու չգիտեմ, թե ինքն ինչ է ասում։ Մենք տեսանք, թե ինչպես Արցախի մասով ապահովվեց անվտանգությունը, հիմա էլ նիկոլփաշինյանները Հայաստանի բանակն են ոչնչացնում՝ այն վերածելով ռուսական բանակի կցորդի և սպասարկում են մեր երկիրը ռուս-թուրքական նոր պայմանավորվածություններով մեջ-մեջ անելու դավաճանական պլանը։ Նրանք բոլորը պատասխան են տալու շուտով։ Այնպես որ, թող նրանք իրենց անձնական անվտանգության ու ազատության մասին մտածեն։

Օրերս պաշտպանության նախարարն ասաց, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մի մասը կտեղափոխվի Հայաստանի արևելք։ Ի՞նչ զարգացումներ են սրանք։

– Դա իմ ասածի տրամաբանության մեջ է։ Փաստորեն արևմտյան ուղղությունից, այսինքն՝ Թուրքիայի դեմ ուղղությունից, ներուժը տեղափոխվում է դեպի Ադրբեջան, որովհետև այդպիսի աշխարհաքաղաքական վերադասավորումներ են նախատեսվում։

Չբացառենք նաև թուրքական հավանական հարձակումը Հայաստանի վրա։ Եվ ռուսներն իրենց բանակն այդ հատվածի վրա պակասեցնում են, որ հնարավորինս քիչ կորուստներ կրեն։

Բացի դա, իրենք այդտեղ չեն կռվելու, չեն դիմադրելու։ Բոլորին էլ հասկանալի է, որ Հայաստանում ռուսական բանակը Հայաստանը գաղութացնելու համար է, ոչ թե Թուրքիայի դեմն առնելու։

Իհարկե, կարողանում են մինչև հիմա խաբել մեր ժողովրդին, բայց շուտով բոլորի աչքերը կբացվեն, որովհետև հայրենիքի վաճառքն արդեն վերջին փուլ է մտնում, և բոլոր դավաճանների դիմակները պատռվում են։

Հայաստանում ընդդիմադիր ուժերը հանրահավաքներ են անցկացնում ու ժողովրդին ապստամբության կոչեր անում։ Ի պատասխան՝ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե իրավունք ունեն կրակ բացելու ապստամբների ուղղությամբ։ Իրավիճակի լարում հնարավոր համարո՞ւմ եք։

– Այո՛, վատթար սցենարներից մեկը, որը Կրեմլի սցենարներից է, Հայաստանում քաոս ստեղծելն է։ Եվ որպես տիկնիկավար՝ իր երկու խամաճիկներին՝ գործող իշխանությանն ու կեղծ ընդդիմությանը, խաղացնում է՝ ամենայն հավանականությամբ նաև ներքին խժդժություններ առաջացնելու նպատակով։

Որքան Հայաստանը քայքայվի, թուլանա, այնքան կհեշտանա Կրեմլի գործը։ Եվ այս երկու շրջանակը լծված է Կրեմլի շահերը սպասարկելուն՝ մեկը շարժառիթավորված լինելով կերակրամանը պահելով, մյուսը՝ այդ կերակրամանը վերադարձնելով։

Այստեղ քաղաքական պայքարի ու քաղաքական ուժերի մասին խոսք լինել չի կարող։ Գաղութում նման բան չի լինում, գաղութում կամ ազգային-ազատագրական պայքար է լինում, կամ դավաճանություն՝ կոլաբորացիոնիզմ։ Այդ հատվածում մենք կոլաբորացիոնիզմ ենք տեսնում, ուրիշ բան չկա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am