Քաղաքացիներն առանց ճաշի համն առնելու աղ են ավելացնում․ նախարարը խոսեց նոր օրինագծի մասին

Հանրային սննդի կետերում սեղաններին աղամաններ չդնելու օրինագիծն հանրային քննարկման շատ լավ առիթ դարձավ և այս օրինագիծը պետք է դիտարկել ընդհանուր առողջության պահպանման քաղաքականության շրջանակներում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մեր նախարարությունը կոչվում է առողջապահության նախարարություն, հետևաբար՝ պետք է աշխատենք մարդկանց առողջությունը պահպանելու, հիվանդությունները կանխարգելելու, վաղ հայտնաբերելու և դրանց դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ։

Շատ ուրախ եմ, որ մեր քաղաքացիները ակտիվ և բուռն քննարկում են այս թեման, սա ևս մեկ առիթ է ուշադրությունը կենտրոնացնելու այն փաստի վրա, որ մենք օրական թույլատրելի չափաբաժնից կրկնակի անգամ ավել ենք օգտագործում աղը, ինչը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրացման, խրոնիկական հիվանդությունների վատթարացման»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարը մարդկանց վարքագծային փոփոխության անհրաժեշտություն է տեսնում, որպեսզի հնարավոր լինի պահպանել առողջությունը։

Նա նշեց, որ հետազոտությունները ցույց են տվել, որ մեր բնակչությունն օգտագործում է կրկնակի անգամ ավել աղ, քան թույլատրվում է։ 

«Օրինագիծը դրել ենք հանրային քննարկման, որպեսզի նաև ստանանք առաջարկներ, այլ հետաքրքրիր լուծումներ, ինչպես կարող ենք մենք վարքագծային փոփոխություն մտցնել։ Մեր քաղաքացիները, ըստ սովորության, առանց ճաշի համն առնելու աղ են ավելացնում, պետք է փորձենք մարդկանց սովորությունների մեջ որոշակի փոփոխություն մտցնել»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ օրական 5 գրամ աղը բավարար է մեր օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար, այդ թվում՝ յոդի ստացման: Նախարարն ընդգծեց, որ դրանից ավել օգտագործումը հանգեցնում է առողջական խնդիրների սրացման կամ առաջացման։