Քրիստինե Հալաջյանը «Տիգրան Մեծ» պետական շքանշանով չի պարգևատրվել․ FIP.am

«Հրապարակ» օրաթերթն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, «Լոսի Քիսոն պարգևատրվել է «Տիգրան Մեծ» մեդալով» վերնագրով նյութ է հրապարակել՝ գրելով, թե ամերիկաբնակ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը, որը վերջին օրերին Հայաստանում է գտնվում, «X զորամաս-թանգարանում» պարգևատրվել է «Տիգրան Մեծ» մեդալով։

Հրապարակումն օգտատերերի շրջանում մեծ վրդովմունք և դժգոհություն էր առաջացրել։ Այն արտատպել էին 7or.amzham.amanalitik.amauroranews.ampolitik.amarmday.am լրատվականները և մի շարք սունկ կայքեր։ Տեղեկությունն ակտիվորեն տարածվում էր նաև ֆեյսբուքյան էջերում և օգտատերերի շրջանում։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հրապարակումը և պարզել, որ տեղեկությունը մանիպուլյատիվ է տարածվում։ 

Մեդալը պետական չէր

Թեև hraparak.am կայքի ամբողջական հոդվածում նշված էր, որ «Քրիստինե Հալաջյանը պարգևատրվել է «Հայոց ազգային բանակի» ռազմական միավորման կողմից», միևնույն է, բազմաթիվ ընթերցողների մոտ սխալ կարծիք էր ձևավորվել, որ մեդալը պետական է, իսկ պարգևատրումն իրականացվել է իշխանությունների կողմից։

Սակայն ուսումնասիրելով Քրիստինե Հալաջյանի ֆեյսբուքյան անձնական էջում հրապարակված պարգևատրման տեսանյութը՝ FIP.am-ը պարզեց, որ Հալաջյանը չի պարգևատրվել պետական մեդալով։ Նրան մեդալը շնորհվել է հասարակական կազմակերպության կողմից։

Հրապարակված տեսանյութում ներկայացված է «X զորամաս-թանգարանում» տեղի ունեցած պարգևատրման արարողությունը, որի ժամանակ էլ Հալաջյանն անձամբ մի քանի անգամ հայտնում է, որ պարգևը ստացել է «Հայոց ազգային բանակի» կողմից, ինչպես նաև ցուցադրում մեդալը՝ այն, սակայն, սխալմամբ շքանշան անվանելով։

Տեսանյութից վերցված այս կադրից պարզ է դառնում, որ և՛ վկայականը, և՛ մեդալը որևէ աղերս չունեն պետական բարձր պարգև հանդիսացող «Տիգրան Մեծի» շքանշանի հետ։

Հարկ է նշել, որ «Տիգրան Մեծ մեդալ» պետական պարգև գոյություն չունի և բացակայում է օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության մեդալների ցանկում։ Համաձայն «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 3-րդ հոդվածի՝ կա նմանանուն «Տիգրան Մեծի» շքանշանը։

Նույն օրենքի արդեն 10-րդ հոդվածում նշվում է, որ Տիգրան Մեծի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և հստակ սահմանվում է այն անձանց շրջանակը, որոնք կարող են պարգևատրվել «Տիգրան Մեծի» շքանշանով։

Բացի այդ, համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության նախագահը` միայն վարչապետի առաջարկությամբ։ Պարգևատրման վերաբերյալ նախագահը հրապարակում է հրամանագիր։ Քրիստինե Հալաջյանին պարգևատրելու մասին նախագահի կայքում որևէ տեղեկություն չկա։

Իսկ ո՞վ էր պարգևատրել

Տեսանյութում ներկայացված վկայականից, ինչպես նաև պարգևը ստացած Հալաջյանի խոսքերից պարզ է դառնում, որ մեդալը նա ստացել է «Հայոց ազգային բանակ» կազմակերպության կողմից, որի կնիքն էլ հենց դրված է վկայականի վրա։

Ժամեր անց մամուլում տարածվեց տեղեկություն, որ «Հայոց ազգային բանակում» ՀԿ-ն հերքում է իր կողմից պարգևատրումը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ հասարակական կազմակերպության անունից մեդալը հանձնած Գագիկ Մնացականյանը չի հանդիսանում կազմակերպության անդամ։

«Գագիկ Մնացականյանը վաղուց իմ տեղակալը չէ և ՀԱԲ անունից որևէ Քրիստինե ոչ մի շքանշան չի ստացել»,- Newspress.am-ի հետ զրույցում հայտնել էր ՀԿ-ի նախագահը։

Նկատենք, որ նույնանուն մեդալներով Հայաստանում պարգևատրում են նաև այլ բազմաթիվ ռազմա-մարզական միավորումներ և կազմակերպություններ, ինչն էլ հաճախ շփոթությունների տեղիք է տալիս։ 

Նշենք, որ ըստ համացանցում առկա տեղեկատվության՝ «Տիգրան Մեծի» պետական շքանշանով պարգևատրվել են Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, Սեյրան Օհանյանը և ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ համացանցում տարածվող տեղեկությունն այն մասին, որ ամերիկաբնակ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը պետական պարգև է ստացել, մանիպուլյատիվ է։

Փաստերի ստուգման հարթակ