Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով մայիսի 19-ին Շիրակի մարզում էր:
Մարզային այցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարն այցելել է Արթիկի և Ախուրյանի բժշկական կենտրոններ, Գյումրու թիվ 2 և «Բեռլին» պոլիկլինիկաներ, ծանոթացել բուժհաստատությունների շենքային պայմաններին և հագեցվածությանը, ինչպես նաև իրականացվող պատվաստումային գործընթացին, հանդիպել բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ:
Այցի ավարտին, լրագրողերի հետ ունեցած ճեպազրույցում Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Շիրակի մարզը պատվաստումների բավական լավ ցուցանիշներ է արձանագրել. 1850 պատվաստում, որից 982՝ Sputnik V, իսկ՝ 868 AstraZeneca պատվաստանյութով:
«Բայց, ընդհանուր առմամբ, տեմպը մեր հանրապետությունում դեռ գոհացուցիչ չէ: Դեռ պետք է աշխատենք, որ հնարավորինս լայն շերտեր արագ պատվաստումներ անցնեն»,-նշեց նախարարի պաշտոնակատարը վստահեցնելով, որ քովիդի 3-րդ ալիքի նվազման փուլում ենք, սակայն դա քիչ է:
«Բարեբախտաբար, օրական գրանցված թվերը բավական նվազում են, բայց մենք չենք կարող ասել, որ հաղթահարել ենք համավարակը, կամ հաջորդիվ ալիքների ակնկալիքը չունենք»,-նշեց նախարարը՝ որպես իրավիճակը շտկելու հիմնական գործողություն նշելով պատվաստումային գործընթացը հնարավորինս արագ ու սահուն կազմակերպելը: