Կարևոր է բոլորի մեջ ձևավորել քովիդի դեմ պայքարի պահանջարկ, այսինքն՝ քովիդի դեմ պետք է պայքարեն բոլորը. Դավիթ Մելիք-Նուբարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը

– Պարո՛ն Մելիք-Նուբարյան, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարծես ծայրահեղական է, այո՞:

– Ինչո՞ւ է ծայրահեղական:

– Դե, օրինակ՝ այսօր 43 մահ է գրանցվել …

– Այո՛, իհարկե ծայրահեղական է, բայց այդպես կարող ենք մտածել ես, դուք, էլի մի քանիսը, բայց ոչ՝ լայն հանրությունը:

– Ինչո՞ւ է այդպես, պարո՛ն Մելիք-Նուբարյան, մարդկանց չի՞ հետաքրքրում հանրային առողջությունը, ի վերջո՝ իրենց, իրենց հարազատի առողջությունը:

– Մի երկրում, որտեղ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ աղքատությունն արդեն հասնում է մոտ 50 տոկոսի, մարդիկ ամեն օր արթնանում են մեկ մտքով՝ ինչպես լուծել իրենց օրվա ապրուստի խնդիրը: Մնացած հարցերը՝ Արցախի հարց, Հայաստանի անկախության հարց, Սյունիք, կորոնավիրուս և այլն, չորրորդական նշանակություն ունեն:

Մյուսը պատճառն այն է, որ մենք, ըստ էության, այդքան էլ արդյունավետ ազգ չենք և չենք գիտակցում, որ 40 մահը, 30 մահը, 20 մահը, անգամ 10 մահը նորմալ չէ, հասկանո՞ւմ եք: Մեզ մոտ արդյունքի գնահատման որակները չկան:

Մյուս խնդիրն այն է, որ մենք ունենք առողջապահական ցածր գրագիտություն, այսինքն՝ մարդիկ չեն կարողանում առողջության մասին փաստերը կարդալ, ընկալել, վերլուծել ու փաստերի հիման վրա հետևություն անել ու փոխել վարքագիծը: Երբ ասում եք՝ աղետալի, մարդկանց մեծ մասի համար սա նորմալ է: Ու խնդիրն այն է, որ և՛ իշխանության, և՛ ընդդիմության, և՛ քաղաքացիական հասարակության մեծ մասի համար իրավիճակը նորմալ է: Ո՞վ է այսօր խոսում քովիդի դեմ պայքարի մասին: Ոչ մեկը: Օրինակ՝ սեպտեմբերին հրապարակված հարցումների համաձայն՝ բնակչության 15 տոկոսն ասել է, որ պետք չէ քովիդի դեմ պայքարել: Պատկերացնո՞ւմ եք՝ 15 տոկոսը:

– Իսկ առողջապահության նախարարի հրամանով նոր սահմանափակումները կարո՞ղ են նպաստել գործընթացին. երբ հայտարարվում է՝ ՊՇՌ թեստով կամ պատվաստված կգաս աշխատանքի: Ավելի ճիշտ է պատժողակա՞ն քաղաքականությունը, թե՞ բացատրականը:

– Իհարկե դա էլ է խնդիր: Իմ նշած խնդիրների մասին, որ առկա է հանրության շրջանում, որոշում ընդունողները շատ լավ գիտեն: Հիշենք՝ 2020-ի մայիսին քովիդի դեմ պայքարը բաց տեքստով դրվեց մարդկանց վրա (նկատի ունի վարչապետի հայտարարությունը – հեղ.), և մարդիկ էլ դա ընդունեցին: Չեմ ուզում քաղաքականացնել, բայց դա է իրավիճակը: Ուղիղ կերպով ասվեց՝ դուք եք սկսելու պայքարել քովիդի դեմ, դե իսկ մարդիկ էլ լավ չգիտեն՝ քովիդն ինչ է, իսկ համավարակի դեմ պայքարը դրվեց իրենց վրա, սկսեցին արխային լինել՝ մտածելով՝ կվարակվեն՝ կամ կբուժվեն, կամ կմահանան: Սա է խնդիրը:

Բայց ես անձամբ համարում եմ, որ այս մոտեցումը լավ չէ, ու մարդկանց հետ պետք է հաղորդակցվել, ոչ թե քարոզ անել, իրազեկել և այլն: Հաղորդակցվել, այսինքն՝ հնարավորինս ավելի լայն հաղորդակցման ուղիներով շփվել մարդկանց հետ, դեմ առ դեմ շփումներ ունենալ, փորձել պատասխանել իրենց հուզող հարցերին և ասել՝ եթե այսօր ունենք հացի խնդիր, վաղը կարող է ունենանք գոյության խնդիր:

– Երեկ նախարարը նոր հնարավոր սահմանափակման մասին ակնարկեց, որն այժմ եվրոպական շատ երկրներում է կիրառվում՝ համերգներ, ռեստորաններ այցելելու համար պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ մտցնելու տարբերակը: Ի՞նչ եք կարծում, սա աշխատո՞ղ մեթոդ կլինի:

– Մեկ տարուց ավելի է՝ մենք ապրում ենք քովիդի պայմաններում, ու տարբեր որոշումներ են ընդունվում, իրագործվում: Օրինակ՝ քրեականացվեց մարդուն քովիդով վարակելու գաղափարը, բայց ես չեմ լսել, որ որևէ մեկ անգամ դրա համար քրեական գործ հարուցվի: Հետո էլի ռեսուրս ներդրվեց տեղորոշման համակարգն աշխատեցնելու համար. մենք վերլուծել ենք և պարզել, որ ծայրահեղ անարդյունավետ մեխանիզմ է եղել դա: Այդպիսի որոշումները շատ են: Հիմա՝ նույն տրամաբանության մեջ. չգիտեմ՝ որքանով կարող է այդ որոշումն թղթից բացի իրական կյանքում աշխատել:

Նայենք աշխարհի փորձը. օրինակ՝ Իսպանիայում նրանք էլ փորձեցին դա ներդնել, և նրանց մոտ չստացվեց, չկարողացան պրակտիկ դաշտում իմպլեմենտացնել: Ելնելով նախկին փորձից՝ միգուցե ինչ-որ թուղթ ծնվի, բայց այդ թուղթը իրական կյանքում որքանո՛վ կաշխատի՝ դժվար է ասել:

Սպասենք, տեսնենք՝ ինչպես են այդ մատյանները (նկատի ունի ԱՆ հոկտեմբերի 1-ից կիրառվող ԱՆ որոշումը – հեղ.) իրական կյանքում աշխատում: 21-րդ դարում նման վիճակը տխուր է:

– ՀՎԿԱԿ պաշտոնյան երեկ մեզ հետ զրույցում ասում էր, որ այս գործիքակազմը արդյունքներ տալիս է, ակտիվություն կա գործընթացում:

– Ես չգիտեմ՝ ինչ է ասել, բայց փաստեր կան ենթադրելու, որ պատվաստման տեմպը հասել է նախկինում ունեցած տեմպին, այսինքն՝ ով պետք է պատվաստվեր, պատվաստվել է: Արդյունքում՝ տեմպը նվազել է:

Բայց մեկ նրբություն էլ կա. շատ կարևոր է հասկանալ՝ ովքեր են պատվաստվում՝ ռիսկի խո՞ւմբը, թե՞ այն մարդիկ, որոնց վրա մենք լծակ ունենք:

– Դուք՝ որպես մասնագետ, ի՞նչ եք առաջարկում, որ չի անում առողջապահության նախարարությունը, այսինքն՝ ի՞նչ պետք է անել, որ չի արվում համավարակի դեմ պայքարում:

– Շատ կարևոր է հասկանալ, որ միայն առողջապահության նախարարությունը կամ միայն վարչապետը, կամ վարչապետն ու առողջապահության նախարարությունը երկուսով չեն կարող պայքարել քովիդի դեմ: Քովիդի դեմ կարող են պայքարել ամբողջ պետական կառավարման ապարատը՝ համայնքներով ներառյալ, և ամբողջ հասարակությունը: Այդ դեպքում մենք կունենանք արդյունք:

Կարևոր է բոլորի մեջ ձևավորել քովիդի դեմ պայքարի պահանջարկ՝ ասել, որ, այո՛, քովիդից ժամը մեկ երկու հոգու մահանալը նորմալ չէ, պատվաստումները դավադրական տեսություն չեն, այլ գործիք, որը կարող է մեզ օգնել դուրս գալու դրանից:

Իսկ դա կարելի է անել միայն, եթե դու ունես ռազմավարություն՝ իր կոնկրետ միջոցառումների ծրագրով ու չափելի գործիքներով: Իսկ ռազմավարությունն էլ պետք է հաստատի կառավարությունը: Նախարարությանն այս պարագայում պետք է արդարացնել, անում է այն, ինչ կարողանում է, բոլորը պետք է միանան այս պայքարին:

Պայքարի ռազմավարություն չկա, կա միայն ծրագիր, որը ստորագրված է նախարարության կողմից, բայց սա նախարարության ուժերից վեր է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am