Ամեն ինչ կախված է նրանից, թե ԵՄ առաքելությունը ինչպիսի կազմով, սահմանի ինչ հատվածներ է ծածկելու. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, այսօրվա հայտարարությունից հետո, ըստ որի ԵՄ դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, կարո՞ղ ենք ակնկալել անվտանգություն գոնե կարճաժամկետ կտրվածքով, որ սադրանքներ, ռազմական գործողություններ չեն լինի:

– Դա կախված է այն հանգամանքից, թե մենք ինչպիսի մոնիթորինգային խմբի հետ գործ կունենանք, այսինքն՝ նախ ինչպիսի կազմով, սահմանի ինչ հատվածներ է ծածկելու այդ խումբը, արդյոք տեղակայվելու է ամբողջ սահմանով և փաստացի չի մնալու մոնիթորինգից ազատ գոտի: Արդյոք տեղակայումը լինելու է հենց անմիջականորեն այն հատվածներում, որտեղ փաստացի տեղի են ունենում մարտական գործողությունները հրադադարի խախտման դեպքում:

Այս ամենից է կախված, թե մոնիթորինգային խումբը ինչպիսի արդյունավետություն կունենա և որքանով հուսալի երաշխիք կլինի հրադադարի խախտում թույլ չտալու և առավել ևս մարտական գործողությունների մասշտաբ թույլ չտալու համար: Ըստ այդմ, պետք է սպասել, տեսնել՝ ինչպիսի խմբի հետ գործ ունենք:

Իսկ ընդհանրապես, այդ հարցում համաձայնության առումով մի շարք հարցեր առաջացնող հանգամանք է այն, որ սա փաստացի ոչ այնքան հայ-ադրբեջանական համաձայնություն է, համենայնդեպս, դատելով Պրահայից հետո հաղորդագրության ձևակերպումներից, որքան Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնություն, որովհետև հայտարարությանը, որը հաջորդեց Պրահայի քառակողմ հանդիպմանը, կար այսպիսի ձևակերպում, որ Ադրբեջանը համաձայնել է գործակցել այդ խմբի հետ այնքանով, որքանով հարցերը կառնչվեն իրեն:

Եվ սա, բնականաբար, ևս հարցադրումներ առաջացնող հանգամանք է, կապված նաև մոնիթորինգի խմբի հնարավոր արդյունավետության կամ հրադադարի առավելագույն պահպանման երաշխիքների կարողության հետ: Բայց կրկնեմ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչ խմբի հետ գործ կունենանք, և խումբը կոնկրետ ինչ գործառույթներ, ինչ կոնկրետ տեղաբաշխում կունենա: Դա թույլ կտա միայն շատ թե քիչ ճշգրիտ գնահատել արդյունավետության հեռանկարները:

– Այսինքն՝ քանի դեռ չեն եկել, չգիտենք՝ կոնկրետ ինչ գործողություններ են անելու և որտեղ, վաղ է անվտանգության տեսանկյունից որևէ բան երաշխավորվա՞ծ համարել:

– Մենք հիշում ենք, որ կար ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հայտնի խումբը, որը երկու տասնամյակ իրականացնում էր դիտորդություն, և մենք տեսնում էինք, որ այդ դիտորդությունը, այդ խմբի զեկույցները որևէ կերպ չէին խանգարում Ադրբեջանին առաջ տանել այդ սողացող պատերազմը և ավելի ու ավելի թեժացնել:

Ի վերջո, մենք պետք է մի բան արձանագրենք, որ, մեծ հաշվով, հրադադարի պահպանումը և կայունության կառավարումը ռազմաքաղաքական ավելի խոշոր հարաբերակցության և համաձայնությունների հարց են, և մնացած տեխնիկական դետալներն ու մեխանիզմները սպասարկում են այդ համաձայնությունները:

Եթե մենք խնդիրներ ունենանք ավելի լայն ուժային խաղացողների հարաբերակցության և փոխհարաբերությունների իմաստով, ապա այդտեղ, ես կարծում եմ՝ ԵՄ մոնիթորինգի խումբը չի կարող մեծ հաշվով արդյունավետ իրականացնել իր առաքելությունը, եթե մենք հրադադարի խախտման լրջագույն նախադրյալներ ստանանք ուժային կենտրոնների փոխհարաբերությունների հետ կապված:

Այդ իմաստով, իհարկե, շատ ողջունելի է, որ ստեղծվում է մեխանիզմ, որը թույլ կտա մի փոքր ավելի կառավարել իրավիճակը, ապահովել կայունությունը: Բայց այդ մեխանիզմի բուն արդյունավետությունը, այդուհանդերձ, կախված է այդ երկու հանգամանքից. նախ՝ ինչպիսին է լինելու այդ մեխանիզմը շատ առարկայորեն, և երկրորդը՝ ինչպիսի ռազմաքաղաքական համաձայնությունների, ռազմաքաղաքական մթնոլորտում է այդ մեխանիզմն աշխատելու:

– Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարությունից հետո Արցախում որոշ շրջանակներ լուրջ մտահոգություններ հայտնեցին, որ Հայաստանը, ըստ էության, գնում է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու տարբերակով: Կա՞ն այդ մտահոգությունները ձեզ մոտ:

– Կարևոր չէ՝ ինձ մոտ կա մտահոգություն, թե ոչ, ավելի կարևոր է այն, որ նման մտահոգություն կա Արցախում: Սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել: Սա, կարծում եմ՝ միանգամայն օրինաչափ ու բնականոն փաստ է, որովհետև իրավիճակն ինքնին այնպիսին է, որ ոչ միայն Արցախում, նաև Հայաստանում է մտահոգություններ առաջացնում շատ հարցերի առումով:

Արցախում արտահայտվող մտահոգությունները միաժամանակ կարող են նաև օգտակար լինել, որովհետև մենք, այդուհանդերձ, գտնվում ենք բարդ աշխարհաքաղաքական միջավայրում վարվող բանակցային գործընթացի մեջ, որտեղ շատ կարևոր է նաև, թե Հայաստանի ու Արցախի ներսում ինչպիսի հարաբերակցություն կա տարբեր մոտեցումների իմաստով:

Այստեղ շատ կարևոր է, որ Արցախի մտահոգությունները, այդուհանդերձ, չարտահայտվեն զուտ միտինգային տրամաբանությամբ, այլ ստանան քաղաքական բովանդակային ձևակերպում և դառնան քաղաքական օրակարգի մաս, լինեն քաղաքական օրակարգ պարունակող առաջարկ թե՛ Հայաստանին, թե՛ ընդհանրապես գործընթացում ներգրավված միջնորդ կողմերին: Որովհետև, իհարկե, նաև Արցախի սուբյեկտությունը այդ մտահոգություններով պետք է կարգավորվի ու ձևավորվի: Բայց կրկնեմ՝ դա չպետք է ունենա միայն միտինգային տրամաբանություն, երբ մարդիկ հավաքվում են, ինչ-որ հռչակագրային բաներ են պահանջում, իշխանությունից են պահանջում պատասխաններ տալ:

Այդ մեթոդաբանության ժամանակը վաղուց է անցել, և հիմա ժամանակն է, որ այդ մտահոգությունները դառնան այլընտրանքային բովանդակություն ունեցող քաղաքական կոնկրետ առաջարկներ, որոնք թե տվյալ հասարակության համար են շատ ավելի հասկանալի, ընդունելի և ինչ-որ ճանապարհ ցույց տվող, և միաժամանակ նաև լսելի են դառնում թե Հայաստանի, թե գործընթացում ներգրավված միջազգային դերակատարների համար:

– Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումները որքանո՞վ կարող են արդյունավետ ու կենսունակ լինել:

– Այն, որ Ստեփանակերտ-Բաքու շփման մեխանիզմը կարևոր է և դրան պետք է գնալ, ես կասկած չունեմ, բայց ամբողջ հարցը դարձյալ այն է, թե այդ մեխանիզմը ինչ բովանդակություն և ինչ տրամաբանություն է ունենալու, որովհետև եթե դա լինելու է այն տրամաբանությամբ, որով Բաքուն է առաջնորդվում կամ ներկայանում, այսինքն՝ Արցախի հանրության հետ ընդամենը խոսակցություն Ադրբեջանի հասարակության մեր ռեինտեգրացիայի վերաբերյալ, սա, բնականաբար, այլ բան չէ, քան պարզապես Արցախի հայաթափման մի ճանապարհ, քանի որ այնտեղ որևէ մեկը չի մնա այդ պայմաններով Ադրբեջանին ինտեգրվելու հեռանկարի համար: Սա նշանակելու է կամ հայաթափում, կամ նոր բախումների տանող ուղի:

Փոխարենը կարող են լինել արդեն միջազգային ձևաչափ ենթադրող մեխանիզմներ, որոնք կարող են բերել Ստեփանակերտ-Բաքու շփման արդյունավետ խոսակցության, որը, ի վերջո, պետք է լինի նաև Արցախի սուբյեկտայնություն արտահայտող գործոններից և դրսևորումներից մեկը:

Ի վերջո, եթե մենք դնում ենք ինքնորոշման իրավունքի հարց, ապա, բնականաբար, դա ենթադրում է, որ ինչ-որ փուլում, ինչ-որ տարբերակով ինքնորոշվող կամ ինքնորոշված սուբյեկտը պետք է որևէ կերպ որպես սուբյեկտ հարաբերվի այն միավորի հետ, որից ինքնորոշվում է:

Ես չեմ կարծում, որ այստեղ ինքնին գաղափարը կարող է դատապարտելի, մերժելի կամ վնասակար լինել: Մերժելի, դատապարտելի կամ վնասակար կարող են լինել այս գաղափարի օգտագործման մեխանիզմները, բովանդակությունը, թե ինչպես է դա տեղի ունենալու: Եվ այստեղ հայկական կողմի խնդիրը պետք է լինի սեփական վարքագծով, այդ թվում նաև՝ տարբեր բովանդակային մոտեցումների միջև մրցակցությամբ աշխարհի հետ հարաբերվել և փորձել ստանալ մեզ համար նպաստավոր մեխանիզմ ու բովանդակություն:

Մանե Հարությունյան

MediaLab.am