ՀՀ ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտների անօրինական ճանապարհով իրացնելու փորձը

Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկիր՝ Վրաստան, հայտարարագրել է «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտային արտադրանք: 

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ հայտարարգրված ծխախոտի քաշը կազմել է շուրջ 13 տոննա:

Որոշ ժամանակ անց, ընկերությունը, արտահանման նպատակով ներկայացված մաքսային հայտարարագիրը չեղարկելու համար, դիմել է  ՊԵԿ։ «Բաց թողնումը չեղարկված» կարգավիճակ ստանալուց հետո, ընկերությունը ապրանքները մաքսային հսկողության գոտուց դուրս է բերել և ապրանքը չի տեղափոխել ընկերության արտադրամաս, փոխարենը  տեղափոխել է այլ մասնավոր տարածք՝ առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքն անօրինական ճանապարհով  իրացնելու  նպատակով։

Բեռնատարի ամբողջ շարժը գտնվել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության ու Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների հսկողության ներքո։

Արդյունքում, կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ: Գործին առնչվող փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե,  նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։