Առաքել Մովսիսյանի որդին կալանավորվել է զինծառայողի մահվան գործով

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Հիշեցնենք, որ Դավիթ Մովսիսյանը ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) որդին է։