ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոչ բարեկամական քաղաքականություն» է վարում Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին նա գրել է Max-ի իր ալիքում, փոխանցում է «Վեդոմոստին»։
«Պետդումայի պատգամավորների կարծիքով՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը ոչ բարեկամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ՝ ցինիկաբար օգտագործելով մեր երկրի տրամադրած հնարավորությունները»,- գրել է Վոլոդինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում «իրեն վնասելով»՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարով, ինչը, ըստ Վոլոդինի, գրեթե չորս անգամ ավելի էժան է եվրոպական գնից՝ 633 դոլարից։
«Դրա դիմաց ստանում ենք Փաշինյանի ստորությունն ու անազնվությունը»,- հայտարարել է Պետդումայի նախագահը։
Վոլոդինը նաև պնդել է, թե Փաշինյանի՝ ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունը փորձ է շարունակել ֆինանսական նպատակներով օգտագործել եվրասիական տարածքը։ Նրա խոսքով՝ դա Հայաստանին արդեն ապահովել է ՀՆԱ-ի 2,5 անգամ աճ։
Պետդումայի նախագահը հիշեցրել է նաև, որ Հայաստանի խորհրդարանն ընդունել է Եվրամիությանը անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը, իսկ ավելի վաղ Հայաստանը ճանաչել է Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը և դարձել դրա լիիրավ անդամ։
«Քաղաքական առումով Փաշինյանը բոլոր որոշումներն արդեն ընդունել է՝ հօգուտ այն երկրների հետ հարաբերություններ կառուցելու, որոնք Ռուսաստանի համար ոչ բարեկամական են և պատերազմում են մեզ հետ»,- նշել է Վոլոդինը։
«Վեդոմոստին» հիշեցնում է, որ մայիսի 4-ին Երևանում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովը, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի վարչապետները, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Հայաստանի իշխանություններն այդ կերպ խախտել են Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը։



















