Արմեն Գրիգորյան․ Խելքին ձյուն դրածը

Մհեր Արշակյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ըստ էության գտել է միակ տրամաբանական բացատրությունը, թե ինչո՛ւ ենք կորցնում մեր պետականությունը՝ ձմռանը սահմանը չեն կահավորել։ Ու պարզ է, որ Հայաստանն արդեն այնքան թույլ է, որ նույնիսկ ձմռանը չի կարող պատերազմ հայտարարվել գարնան էս փորձանքների համար։ 

Սրանք իսկապես լավ չեն։ 

Բա վարչապետն ԱԺ ամբիոնից ծիծաղում էր պատգամավորի վրա, որն ասում էր, թե մեր սահմանները լավ կահավորված չեն։ Ասում էր, չէ՞, վարչապետը՝ ուրեմն այնքան լավ են կահավորված, որ դու չես տեսնում, իսկ եթե դու տեսնեիր, ադրբեջանցին էլ կտեսներ։ 

Պարոն Գրիգորյանը մեր անգործությունն արդարացնում է հետևյալ նախադասությամբ՝ այնպես չէ, որ 1994 թվականին ամբողջ սահմանը կահավորված է եղել, դա անելու համար երկար ժամանակ է պահանջվել։ 

Ընկե՛ր, նախ էդ ժամանակը կար, երկրորդ՝ էդ կռիվն ավարտվել էր մեր հաղթանակով։ Թե՞ քեզ թվում է, թե հենց հիմա Ադրբեջանը կահավորում է Հադրութ-Ջաբրայիլ սահմանը։ 1994-ին մենք հաղթել էինք ու մտել բոլորովին այլ մարտահրավերներ, որոնք այսօր չկան։ Մեր այսօրվա մարտահրավերը հենց սահմանն է, այսինքն՝ Հայաստանի ինքնապաշտպանությունը։ 

Ասում է՝ Սյունիքում ադրբեջանցիների հայտնվելը չպետք է ընկալել որպես լոկալ միջադեպ, սա գլոբալ պրովոկացիա է, որը կատարվել է Ադրբեջանի և, համոզված եմ, դաշնակիցների դրդմամբ։ 

Իսկ կանխատեսողն ո՞ւր է։ Դաշնակից ասվածն էլ Ռուսաստանն է։ Ու ի՞նչ։ 

Հիմա դիմում ենք Ռուսաստանին, որ գա ի՞նչ անի։ Պուտինն ասում է՝ Նիկոլ Փաշինյանն ինձ չի դիմել, Ալեն Սիմոնյանն ասում է՝ դիմել է։ 

Պարո՛ն Գրիգորյան, գիտե՞ք, մեծ հաշվով ուզում ենք հասկանալ՝ ինչո՞ւ աշխարհը չի տեսնում, թե ինչպես է մի պետություն անարգել մտել մեկ այլ պետության տարածք ու ախ էլ չի քաշում (Ֆրանսիան ու Կանադան հաշիվ չեն, երկուսն էլ համարյա Ֆրանսիան են, երկրորդ՝ «Բայրաքթարների» բարգավաճմանը նպաստած Կանադան ի՛նչ կարող է անել)։ 

Ի՞նչ պիտի անի ՀԱՊԿ-ը, ասենք՝ Բելառուսը, որի նախագահը գրեթե սիրահարված է Ալիևին, կամ Ղազախստանը, որը հաստատ Հայաստանի համար նույնիսկ մեկ կիսամեռ ծերունի չի զոհաբերի։ 

Վե՛րջ, Ադրբեջանը մեզ այլևս շնչելու հնարավորություն չի տալու, էլ ոչ մի կասկած, որ ամեն ինչ պիտի արվի, որ Հայաստանը մեջքը չուղղի։ 

Ու, այո՛, գուցե նրանք նաև ուզում են մեզ ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն այստեղ իրավիճակին չի տիրապետում։ 

Ինչպես ճոխ ճաշասեղանի առջև իրավիճակին չի տիրապետում անատամ մարդը։ Մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը հիմա պիտի ջրազրկված լիներ անքնությունից, ջուր խմելու ժամանակ չունենալուց, քանի որ Իսրայել չենք, որ զինվորի քթից արյուն գալու համար մտներ Պաղեստին։ 

Հետևաբար, ի՞նչ պիտի անի Հայաստանը։ 

Ադրբեջանն այսպիսի պրովոկացիաներ էլի է անելու։ Հայաստանն այսօր այլ զենք չունի, դիվանագիտությունից բացի։ 

Դիվանագիտություն կա, պիտի որ լինի, իսկ, ահա, քաղաքականություն չկա։ Ադրբեջանցիները մեզ վրա այսպիսի պրովոկացիաներով ռազմագերի են ծախում, ընտրություններ են փչացնում, ու սրա վերջը ընտրություններից հետո էլ չի երևում։ 

Ադրբեջանը սողացող պատերազմ է հայտարարել մեզ, հաղթողի դիրքերից անզեն մտել է մեր տարածք ու հայտարարել իրենը։ Իշխանությունը հայտարարում է, որ «Ապագա կա՛»։ Քանի խելքներս գլուխներս է, ասեք՝ որտե՞ղ է այդ ապագան։ 

Միայն թե, թող Արմեն Գրիգորյանը չասի։ Նրա գլխում ձյունը դեռ չի հալել։

Մհեր Արշակյան

MediaLab.am