«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը
– Պարո՛ն Աղազարյան, Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «անհապաղ վերադարձնել» Տավուշի մարզի չորս գյուղ, ու այս համատեքստում արտախորհրդարանական ընդդիմությունը տարաբնույթ հանրահավաքներ է կազմակերպել, առաջիկայում էլ ևս սպասվում են հանրահավաքներ ու փողոցային պայքար՝ իշխանափոխության պահանջով։ Նախ ադրբեջանական կողմի պահանջի վերաբերյալ եմ ձեր դիտարկումները խնդրում, ինչպե՞ս եք գնահատում նաև ընդդիմության գործողությունները։
– Ադրբեջանական կողմի պահանջի հետ կապված, քանի որ առարկայական չեմ տիրապետում իրավիճակին, դատողությունս կլինի ընդհանրական․ եթե խոսքն «անկլավների» մասին է, ապա խնդիրն այդտեղ սիմետրիկ է: Մոտավորապես այնքան տարածք, հավաքական իմաստով, ադրբեջանական կողմն ունի մեր պետության սահմաններում նախկին Խորհրդային Միությունից՝ որպես ժառանգություն ստացած տարբերակ, մոտավորապես այդքան էլ մենք ունենք իրենց մոտ, հետևաբար այս խնդիրը պետք է լուծվի հենց այս սիմետրության հենքի վրա։
Մյուս կողմից՝ մենք գիտենք, որ կան սահմանային վեճեր Ադրբեջանի և մեր միջև․ Ադրբեջանը մեր տարածքից օկուպացրել է մոտավորապես 240 քառակուսի կիլոմետր։ Սահմանային խախտվածության տեսանկյունից թե՛ մենք ունենք նրանցից պահանջ, թե՛ նրանք մեզանից, իսկ այդ հարցերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացի շրջանակներում։
Ինչ վերաբերում է ընդդիմության վարքագծին, ապա ընդդիմությունը նրա համար է, որ բարձրաձայնի տարբեր հարցեր ու տարբեր ձևերով ստանա պատասխանները: Կարող են լինել հարցեր, որոնց պատասխանն իրեն չբավարարի, ու դրանք համարեն շատ կարևոր և հիմնարար պետության համար, դիմեն ժողովրդին և նրանց աջակցությունը ստանալու պայմանով փորձեն հեռացնել օրվա իշխանություններին ու իրենք գան իշխանության։
Այստեղ խնդիրն այն է, որ իրենք չեն հաշտվում այն մտքի հետ, որ տրամաբանական ու ճիշտ է աշխարհաքաղաքական այս պայմաններում իշխանափոխություն իրականացնել ընտրությունների ճանապարհով, որովհետև եթե դա արվի այլ՝ ուժային մեթոդներով, հեղաշրջման ճանապարհով, ապա մենք շատ լուրջ վտանգների առաջ կկանգնենք։ Բայց, այդուհանդերձ, իրենց իրավունքն է դիմել ժողովրդին և ժողովրդի աջակցությունը ստանալու դեպքում կատարել քայլեր։ Իմ միակ կոչն ու խնդրանքը ընդդիմությանը հետևյալն է՝ բոլոր քայլերը լինեն օրենքի ու Սահմանադրության շրջանակներում։
– Իսկ այս անգամ հանրությունը կաջակցի՞ ընդդիմությանը։
– Պայմանականորեն՝ այն իրավիճակը, որ այսօր ունենք, առաջիկա երեք ամսում էլ նույն իրավիճակն է լինելու, հետևաբար ժողովուրդը չի աջակցի։
– Այսինքն՝ ի՞նչ պետք է փոխվի, որ աջակցի, պարո՛ն Աղազարյան։
– Ես չգիտեմ, թե երեք ամիս հետո ինչ կլինի, որովհետև մեր տարածաշրջանը փոթորկուն է, բայց այն իրողություններում, որոնցում մենք գտնվում ենք, կարծում եմ, որ ընդդիմությունը աջակցություն չի գտնի։
– Փաստորեն կարծում եք, որ ձեր քաղաքական թիմը դեռ վայելո՞ւմ է ժողովրդի վստահությունը։
– Այո՛, իշխանության ռեյտինգը իր իսկ ունեցած ռեյտինգի համեմատ բավականին իջել է, բայց, այդուհանդերձ, շատ մեծ կտրվածքով առաջինն է։ Այստեղ ուրիշ քաղաքական հարցեր են առաջանում, որովհետև մեր ազգաբնակչության մի հսկայական զանգված դժգոհ է և՛ մեզանից, և՛ ընդդիմությունից, ու երևի ընդդիմությունը հիմա փորձում է այդ դաշտի վրա աշխատել։
– Ձեր խոսքում ասացիք, որ և՛ մենք ունենք պահանջներ, և՛ Ադրբեջանը, բայց նույն Ադրբեջանը չի ընդունում, որ օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատված, չի պատրաստվում իր զորքերը հետ քաշել, այս պարագայում որքանո՞վ եք վստահ, որ ձեր քաղաքական թիմը կկարողանա այնպես անել, որ Ադրբեջանը հետ կանգնի իր որդեգրած քաղաքականությունից։
– Աշխարհի պատմության մեջ չկան դեպքեր, որ ագրեսոր պետությունները խոստովանեն, որ իրենք զավթողական քաղաքականություն են վարում, դա տարբեր փաթեթավորումներով են ներկայացնում։ Մենք չպետք է Ադրբեջանի սադրիչ հայտարարություններին էմոցիոնալ պատասխաններ տանք, բոլոր հարցերը պետք է լուծվեն սահմազատման գործընթացի շրջանակում։
– Պարո՛ն Աղազարյան, շատ է խոսվում պատերազմի հավանականության մասին, որքա՞ն եք գնահատում այդ հավանականությունը, ու արդյոք այդ դեպքում Հայաստանն ի վիճակի՞ է դա կանխել։
– Ես պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շատ ցածր եմ համարում, որովհետև նախ մենք կամաց-կամաց ուժեղացնում ենք մեր պաշտպանունակությունը, իսկ երկրորդ՝ աշխարհաքաղաքական գնահատականներն այս պահին ի նպաստ մեզ են, իսկ դա շատ-շատ կդժվարացնի ադրբեջանական կողմի գործը։
Եթե Արցախի հարցում աշխարհը մասնատված էր մի քանի ուղղությունների, ու կային երկրներ, որ պաշտպանում էին Ադրբեջանին, կային երկրներ, որ չեզոք էին, ապա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները լրիվ ուրիշ մակարդակի խնդիր է արդեն։ Բայց հույսներս, բնականաբար, չենք կարող միայն դրա վրա դնել, պետք է ռազմական առումով էլ անընդհատ ուժեղանանք, որ Ադրբեջանի համար այդ առումով էլ նպատակահարմար չլինի նման քայլի դիմել։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am