«Ցանկացած բռնություն կարմիր գիծ է, որից հետո համբերել և դիմանալ չի կարելի»․ ոստիկանության գնդապետ

Արդեն շուրջ 4 տարի է՝ Հայաստանում գործում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը։ Մինչ օրս շարունակվում են նաև Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման անհրաժեշտության մասին քննարկումները։ 

Այն մասին, թե ի՞նչ օրենսդրական բացեր կան, որոնք խոչընդոտում են ընտանեկան բռնության կանխարգելման հարցում ոստիկանության արդյունավետ աշխատանքը, զրուցել ենք Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանի հետ։

– Երբեմն արատավոր երևույթների մասին սխալ կամ թերի պատկերացումները թույլ չեն տալիս արդյունավետ պայքարել դրանց դեմ։ Եթե փորձենք ձևակերպել, թե որն է ընտանեկան բռնությունը՝ բոլորին հասկանալի կերպով, ինչպե՞ս դա կանենք։ Կա՞ որևէ կարմիր գիծ, որը բռնության ենթարկվող անձի համար պետք է ազդանշան դառնա՝ դիմելու իրավապահ մարմիններին։

– Ընտանեկան բռնության դեպքում կարմիր գծեր գոյություն չունեն։ Բռնության փաստն արդեն իսկ ազդանշան պետք է լինի՝ դիմելու համապատասխան մարմիններին։ Ընտանեկան բռնության դեպքում համբերել կամ դիմանալ չի կարելի։ Խոսքը, իհարկե, վեճերի մասին չէ, այլ մեկ անձի կողմից մեկ այլ անձի նկատմամբ հարկադրանք կիրառելու։ Անկախ բռնության տեսակից, առաջին իսկ դեպքում բռնության ենթարկված անձը պետք է միջոցներ ձեռնարկի, այլապես շատ մեծ է հավանականությունը, որ դա շարունակական բնույթ կկրի։ 

Փորձը ցույց է տալիս, որ անպատիժ մնալու պարագայում բռնարարն իրեն առավել վստահ է զգում, իսկ բռնության կրկնության դեպքում ներգործության միջոցներն ավելի խիստ են լինում։ Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ շատ հաճախ առաջին նախազգուշացումը բավարար է լինում, որպեսզի բռնության դեպքերն այլևս չկրկնվեն։ Խնդիրն այն է, որ հաճախ բռնարարն ինքը չի գիտակցում, որ իր գործողությունները կարող են որակվել որպես բռնություն և իրավական հետևանքներ ունենալ, քանի որ մարդիկ հաճախ առաջնորդվում են սովորութային նորմերով, ոչ թե օրենքներով։

– Ընտանեկան բռնության ենթարկված կանայք հիմնականում բողոքում են նաև իրավապահ մարմինների անգործությունից կամ ոչ բավարար միջամտությունից։ Միևնույն ժամանակ, ոստիկանները պնդում են, որ կարող են գործել միայն իրենց լիազորությունների շրջանակում, և բողոքների մի մասն էլ պայմանավորված է քաղաքացիների սպասելիքների և ոստիկանության լիազորությունների շրջանակների անհամապատասխանությամբ։ Ըստ ձեզ՝ ո՞րն է հիմնական խնդիրը։ Ի՞նչ լիազորություններ պետք է ունենա ոստիկանությունը, որպեսզի կանխարգելման մեխանիզմն առավել արդյունավետ գործի։

– Ընտանեկան բռնության դեմ պայքարը համալիր աշխատանք է, որում, բացի ոստիկանությունից, ներգրավված են նաև Քննչական կոմիտեն, դատախազությունը, դատարանները, սոցիալական ծառայությունները, հասարակական կազմակերպությունները և, ըստ էության, ողջ հասարակությունը։

Այս շղթայում ներգրավված որևէ կառույց չի կարող միայնակ պայքարել ընտանեկան բռնության դեմ։ Ոստիկանության հիմնական խնդիրը ընտանեկան բռնության դեպքերի առնչվելիս օրենսդրական լիազորությունների սահմանափակ լինելն է։ Հասարակությունը պետք է հասկանա, որ ոստիկանը բռնությանն առաջինն արձագանքող օղակն է միայն։ Կարող եմ ասել, որ օրենսդրական մի շարք բացեր արդեն իսկ լրացվել են։ 

Իսկ եթե փորձեմ կարճ ասել, ապա ոստիկանության համար երկու հիմնական խնդիր կա՝ հասարակության անտարբերությունը և մյուս պատկան մարմինների հետ փոխգործակցության անարդյունավետ պրակտիկան։ 

– Ձեր մատնանշած խնդիրներին կանդրադառնանք, սակայն հիմա կխնդրեի մանրամասնել, թե օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել, որ, ըստ ձեզ, առավել արդյունավետ կդարձնեն ընտանեկան բռնության դեմ պայքարը։

– Քրեական դատավարության և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ են կատարվել թե՛ պատասխանատվություն նախատեսելու, թե՛ խափանման միջոցների ընտրության առումով։ 

Նախ՝ ծանրացնող հանգամանք է համարվում մերձավոր ազգականի կողմից բռնություն գործադրելը։ Սա նշանակում է, որ այս դեպքերն այլևս չեն դիտարկվում որպես մասնավոր գանգատ, այսինքն՝ հաշտվելու դեպքում այս գործերը չեն կարճվի, և հետապնդումը կշարունակվի։ Եթե անգամ բռնության ենթարկված անձը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ստիպված, փորձի հաշտվել կամ բողոքը հետ վերցնել, բռնարարի նկատմամբ հետապնդումը չի դադարի։ Մինչև այս փոփոխությունը շատ դեպքերում գործերը կարճվում էին հենց բռնության ենթարկված անձի կողմից բողոքը հետ վերցնելու հանգամանքով պայմանավորված։

Փոփոխություններ են եղել նաև խափանման միջոցների ընտրության մասով։ Հաճախ են լինում դեպքեր, երբ բռնություն գործադրած անձը խախտում է իր նկատմամբ ոստիկանության նշանակած անհետաձգելի պաշտպանական միջոցը։ Այո՛, նա դրա համար պատժվում է, սակայն մինչև դատարանի կողմից խափանման միջոցի վերաբերյալ վճռի կայացումը անձը ազատորեն կարող է խախտել ոստիկանների կայացրած որոշումը։ 

Քրեական դատավարության օրենսգիրքը թույլ չէր տալիս կալանավորումը որպես խափանման միջոց ընտրել, քանի որ կալանավորման համար պետք է սահմանվեր 1 տարի և ավելի ժամկետով ազատազրկում, մինչդեռ Քրեական օրենսգրքով պատասխանատվություն նախատեսող նորմը առավելագույն պատժաչափ էր սահմանում մինչև 6 ամիս ժամկետով ազատազրկումը։ Հիմա այս սահմանափակումը վերացվել է։ 

Ավելացել են նաև խափանման միջոցների տեսակները՝ կա վարչական հսկողություն, տնային կալանք։ Բացի այդ, խափանման միջոցի ընտրության ժամանակ, որպես հիմնավորում, ավելացել է «նոր հանցագործությունները կանխելու նպատակով» ձևակերպումը։ Այսինքն՝ խափանման միջոցն ընտրվում է ոչ միայն վարույթն ապահովելու համար, այլև նոր հանցագործությունները կանխելու։ Սա շատ լավ հիմք է դատախազի համար՝ հատկապես ընտանեկան բռնության դեպքերում։ 

Բացի այդ, եթե անձը Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արգելված արարք է կատարել, և վարույթն իրականացնող մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, և անձը խախտել է իր նկատմամբ սահմանված խափանման միջոցը, ապա նրա նկատմամբ կարող է նշանակվել կալանք՝ անկախ նրանից, թե ինչ պատժաչափ է նախատեսված Քրեական օրենսգրքով։ Սա արդեն գործուն մեխանիզմ է անհետաձգելի պաշտպանական միջոցը խախտող բռնարարի նկատմամբ, որով հնարավոր է մեկուսացնել բռնություն գործադրող անձին և ապահովել բռնության ենթարկվածի անվտանգությունը։ 

Սա նշանակում է, որ եթե պատկան մարմինների միջև համագործակցությունն արդյունավետ լինի, մենք ունենք բոլոր օրենսդրական մեխանիզմները՝ ծանր հետևանքներից խուսափելու համար։

– Ծանր հետևանքների մասին խոսենք։ Վերջին 8 ամիսներին կնասպանության առնվազն 6 դեպք է գրանցվել Հայաստանում։ Դրանցից մի քանիսի դեպքում, պարզվում է, բռնության ենթարկված կինը բազմիցս դիմել է ոստիկանություն, սակայն բռնարարի նկատմամբ կիրառված միջոցները, դատելով հետևանքներից, բավարար չեն եղել՝ կանխելու կնասպանության դեպքերը։ Ի՞նչ հավելյալ միջոցներ կարելի է ձեռնարկել՝ նման դեպքերից խուսափելու համար։ Արդյոք այստեղ գործ ունենք ոստիկանների անգործությա՞ն հետ, թե՞ խնդիրն այլ է։ 

– Ոստիկանների անգործության մասին փաստեր չկան, այլապես նրանք ոչ թե կպատժվեին ներքին կարգապահական ընթացակարգով, այլ քրեական պատասխանատվության կենթարկվեին։ Բայց, միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ կան մեխանիզմներ, որոնք միտված են բացառելու նման դեպքերը։ 

Ոստիկանության պետի հրաման կա, համաձայն որի, եթե բռնության ենթարկված անձը հայտնում է դրա կրկնության մասին, բռնության առաջին դեպքի հետ կապված բոլոր նյութերն ուղարկվում են կրկնակի ուսումնասիրության՝ անկախ բռնության հետևանքից։ Եթե ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս թերություններ, ապա նախաձեռնում ենք կարգապահական վարույթ, ծառայողական քննություն, և ոստիկանը համապատասխան պատասխանատվության է ենթարկվում։

– Այսինքն՝ եթե բռնարարը կրկնում է բռնությունը, առաջին դեպքը սպասարկած ոստիկանը և նրա պատրաստած նյութերը միանգամից հայտնվում են ձեր ուշադրության կենտրոնո՞ւմ։

– Այո՛, միանգամից։ Բացի այդ, մենք առանձին ուսումնասիրում ենք նաև օպերատիվ ամփոփագրերը և դրանք համադրում մեզ ուղարկված նյութերի հետ, որպեսզի որևէ ոստիկան հնարավորություն չունենա խուսափելու պատասխանատվությունից, եթե թերացել է իր գործառույթների իրականացման ընթացքում։ 

Հիմա նաև ծրագրում ենք թվայնացնել այս ողջ գործընթացը, որը ոչ միայն թույլ կտա խուսափել հնարավոր անճշտություններից, այլև զգալիորեն կարագացնի բոլոր գործընթացները, ինչը միանշանակ դրական ազդեցություն կունենա մեր աշխատանքի արդյունավետության վրա։ Այս գործընթացի շնորհիվ հնարավոր կլինի հաշված վայրկյանների ընթացքում նույնականացնել բռնություն գործադրած անձին, պարզել՝ արդյոք երբևէ հաշվառված եղե՞լ է մեր համակարգում, ի՞նչ արարք է գործել և մյուս բոլոր մանրամասները։

– Ինքներդ նշեցիք, որ առաջին խնդիրը, որին բախվում են ոստիկանները ընտանեկան բռնության կանխարգելման հարցում, հասարակության անտարբերությունն է։ Մեզանում դեռ կարծրատիպ կա, որ այլոց ընտանեկան գործերին միջամտելը սխալ է։ Վերջերս, սակայն, բացառիկ դեպք եղավ, երբ քաղաքացին, որը միջամտել էր ընտանեկան բռնության դեպքին և փրկել կնոջը, պարգևատրվեց գլխավոր դատախազի կողմից։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի հասարակությունը պատասխանատվություն զգա, աջակցի ոստիկանությանն այս հարցում, և ոստիկանություն դիմելը դադարի ընկալվել որպես արատավոր գործողություն։

– Կարծում եմ՝ շատ կարևոր է ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկման աշխատանքների ակտիվացումը ամենատարբեր ձևաչափերով՝ մեդիայի ակտիվացումից մինչև դպրոցներում երեխաների հետ բացատրական աշխատանքներ։ Կարող եմ օրինակ բերել․ անցյալ տարվա համեմատ 4 անգամ ավելացել են անչափահասների կողմից ոստիկանություն դիմելու դեպքերը։ Ես համարում եմ, որ սա իրազեկվածության բարձրացման արդյունք է, որ անչափահասը՝ ի դեմս ոստիկանի, տեսնում է նախևառաջ իրեն աջակցող մեկին։ Սա շատ կարևոր ցուցանիշ է։ Ընդհանրապես՝ կրթությունը, իրավագիտակցությունը ամենակարևորն են։ 

– Նույն համատեքստում խոսենք հենց ընտանեկան բռնության մասին․ միայն հուլիս ամսվա ընթացքում, ըստ ոստիկանության պաշտոնական կայքի, հանրապետությունում ընտանեկան բռնության ավելի քան 25 դեպք է գրանցվել։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ մասին են վկայում այս թվերը՝ ոստիկանության պատրաստվածության ու արձագանքման մակարդա՞կն է բարձրացել, թե՞ բռնության դեպքերն են ավելացել։

– Ոստիկանության նկատմամբ վստահությունը, իհարկե, ավելացել է, բայց դա վճռորոշ չէ։ Սա իրազեկվածության բարձրացման արդյունք է։ Մարդիկ սկսել են հասկանալ՝ ինչ է ընտանեկան բռնությունը, ինչպես և ով կարող է հակազդել դրան։ Սա նաև խոսում է այն մասին, որ ընտանեկան բռնությունը դադարում է լատենտ խնդիր լինելուց։ Եվ սա դրական կողմն է։ Այլ հարց է, որ խնդրահարույց են մնում բռնության կրկնության դեպքերը։ 

– Ընտանեկան բռնության ենթարկված անձինք հաճախ բողոքում են նաև ոստիկանության աշխատակիցների վերաբերմունքից, նրանց հետ շփման ընթացքում կրկնակի զոհականացման և խտրականության ենթարկվելուց: Շատ հաճախ սա նաև համապատասխան հմտությունների և մասնագիտական կարողությունների պակասի վկայություն է։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է կարևոր ոստիկանության աշխատակիցների վերապատրաստումը և մասնագիտացումը նման դեպքերի մասով։ Ի՞նչ փոփոխություններ եք դուք նկատում վերապատրաստումների մեկնարկից ի վեր՝ համակարգի աշխատակիցների շրջանում։ 

– Ես կարծում եմ, որ թերապևտը չի կարող վիրահատություն կատարել։ Ես, իհարկե, համարում եմ, որ ողջ համակարգի վերապատրաստումն է շատ կարևոր, բայց նաև վստահ եմ, որ ընտանեկան բռնությունը այն խնդիրն է, որով պետք է զբաղվի մասնագիտացած ոստիկանը։ Այս դեպքերը առանձնահատուկ զգայունություն և պատրաստություն են պահանջում, և բնական է, որ ոչ բոլորը համակարգում կարող են սպասարկել նման դեպքեր։ Ուստի շատ կարևոր է, որ դեպքի վայրում աշխատեն կոնկրետ ընտանեկան բռնությունների մասով վերապատրաստված, մասնագիտացած ոստիկաններ։ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ արդեն իսկ վերապատրաստումներ իրականացվում են: 2021 թ.-ից մինչ օրս ավելի քան 110 ոստիկան է վերապատրաստվել այդ ծրագրի շրջանակում:

Մենք նախատեսում ենք նաև պարեկների հետ վերապատրաստումներ իրականացնել ընտանեկան բռնության մասով, քանի որ նրանք են առաջին արձագանքողը դեպքերին։ Կարծում եմ՝ դա ևս շատ արդյունավետ կլինի թե՛ դեպքերի արձանագրման, թե՛ կանխարգելման իմաստով։ 

ԵԽ–ի կողմից կազմակերպված դասընթացների արդյունքում ձեռք բերված առավել զգայուն մոտեցումները գենդերային և ընտանեկան բռնության զոհերի նկատմամբ, ինչպես նաև նոր գիտելիքներն ու կատարելագործված հմտությունները գործնականում օգտագործվում են կրկնազոհացման և հնարավոր խտրականության կանխարգելման համար:

– Երկրորդ կարևորագույն խնդիրը, որ մատնանշեցիք, փոխգործակցության պակասն է։ Ինչպիսի՞ն պետք է լինի համագործակցությունը ընտանեկան բռնության կանխարգելման գործընթացում ներգրավված կառույցների միջև, որպեսզի արդյունքը, ի վերջո, նկատելի դառնա։

 – Իհարկե այս գործում փոխգործակցությունը բարելավելու տեղ ունենք։ Մենք ուսումնասիրել ենք Ֆրանսիայի փորձը, որտեղ կան ընտանեկան բռնության մասով մասնագիտացած քննիչներ, դատախազներ և դատավորներ։ Իհարկե, նրանք քննում են նաև այլ գործեր, բայց ընտանեկան բռնության դեպքերը մակագրվում են միայն այդ թեմայով վերապատրաստված մասնագետներին։ Սա թույլ է տալիս անխախտ պահել աշխատանքային գիծը՝ տվյալ դեպքի քննության ողջ ընթացքում։ Կարծում եմ՝ սա լավ լուծում կարող է դառնալ Հայաստանի համար։ Բացի այդ, սա նաև միանգամայն իրագործելի է մեր երկրում։

Միջգերատեսչական համագործակցության եվրոպական լավագույն փորձը ակտիվացրել է մեր ջանքերն այս ուղղությամբ, մենք փորձում ենք դրանք կիրառել գործնականում, բայց դեռ շատ անելիքներ կան։

– Բոլոր մակարդակներում խոսվում է նաև ընտանեկան բռնության օրենսդրության մեջ առկա բացերի մասին։ Դուք ևս նշեցիք փոփոխությունների մասին, որոնք արդեն կատարվել են։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ հավելյալ փոփոխություններ պետք է ձեռնարկել ընտանեկան բռնության կանխարգելման գործընթացը և ոստիկանության աշխատանքը առավել արդյունավետ դարձնելու համար։

– Նախևառաջ պետք է լուծվի ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացիների հետ տարվող աշխատանքների հարցը։ Սա շատ լուրջ հարց է, քանի որ այսօր Հայաստանում սթափարաններ չկան, իսկ ընտանեկան բռնության դեպքերի գերակշիռ մեծամասնության դեպքում բռնություն գործադրող անձինք ոչ սթափ վիճակում են լինում, իսկ նրանց հետ աշխատանքը չափազանց բարդ է։ 

Եթե հնարավորություն լինի այդ սուր վիճակում որոշ ժամանակով մեկուսացնել ոչ սթափ վիճակում գտնվող անձին, վստահաբար, դա շատ ավելի արդյունավետ կլինի, քան ոստիկանության նշանակած անհետաձգելի պաշտպանական միջոցները։ 

Բացի այդ, օրենքում գրված է, որ բռնություն գործադրած անձի զենքը կարող է վերցնել միայն որոշում կայացրած ոստիկանը։ Մենք առաջարկում ենք հանել «որոշում կայացրած» բառերը, քանի որ զենքը կարող է գտնվել, օրինակ՝ Սյունիքում, իսկ որոշում կայացրած ոստիկանը՝ Երևանում։ Այս ձևակերպումը զգալիորեն բարդացնում և դանդաղեցնում է զենքը վերցնելու գործընթացը։

Երրորդ բացը, որի մասին կուզեի ասել, վերաբերում է անձի սեփականության իրավունքին։ Սահմանադրական դատարանի որոշման մեջ սահմանվում է, որ անհետաձգելի միջոցի կիրառման դեպքում ոստիկաններն իրավունք չունեն բռնություն գործադրած անձին հեռացնել տնից, եթե նրա կացարանն ապահովված չէ։ Իսկ ո՞վ պետք է ապահովի այն, ինչպե՞ս։ Ոստիկանն այս պարագայում ի՞նչ կարող է անել։ Մինչդեռ բռնություն գործադրած անձի նկատմամբ սահմանափակման այս միջոցի կիրառումը ամենաարդյունավետներից է։ 

Սոնա Մարտիրոսյան

Հոդվածը պատրաստվել է Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ։ Սույն հոդվածում արտահայտված կարծիքները հեղինակինն են և կարող են չհամընկնել Եվրոպայի խորհրդի կարծիքին: