Ադրբեջանի ԱԳՆ-ն լռում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպման մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մայրցամաքային եվրոպական վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի գլխավորած պատվիրակությանը, գրում է Factor.am-ը։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով ԱԳՆ-ին, գրում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր կապված ներկա տարածաշրջանային անվտանգության, այդ թվում՝ եռակողմ հայտարարության իրագործման, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հետ։ Կողմերը նաև ընդգծել են ադրբեջանաֆրանսիական համագործակցության զարգացման ներուժը և դրանում փոխադարձ հետաքրքրություն արտահայտել։

Հաղորդվում է, որ Ջեյհուն Բայրամովը ֆրանսիական կողմի ուշադրությունն է հրավիրել Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամների՝ Արցախ կատարած այցին ու նշել, որ իբր նման այցերը վնաս են հասցնում տարածաշրջանում հետկոնֆլիկտային փուլում խաղաղության հաստատմանը։

Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս քննարկվել են։ Ուշագրավն այն է, որ ֆրանսիական պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին։ Այդ մասին են վկայում հանդիպման լուսանկարները, որոնք, ի դեպ, հրապարակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ոչինչ չհաղորդելով Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի այցի մասին։ Ստացվում է, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում բարձրաձայնել ու թաքցնում է Մինսկի խմբի համանախագահի հետ քննարկումների փաստը։

Հավելենք, որ օրերս Ստեֆան Վիսկոնտին այցով Հայաստանում էր, այդ ընթացքում նա հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։