Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ուսուցիչները կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել ըստ գտնվելու վայրի. ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ, հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի կամավոր ատեստավորմանը մասնակցելու նպատակով հայտագրված ուսուցիչներն անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենան ատեստավորման քննությանը մասնակցել տվյալ պահին իրենց գտնվելու վայրին մոտ քննական կենտրոններում:

Ուսուցիչներն այդ մասին պետք է տեղեկացնեն՝ նամակ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչև սեպտեմբերի 15-ը՝ ժամը 18:00-ն:

Ուսուցիչների կամավոր ատեստավորումն իրականացվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի օգոստոսի 29-ի N 881-Ա հրամանի համաձայն, որով սահմանված են քննական կենտրոնները և քննությունների ժամանակացույցը. հղումը՝ այստեղ:

Նախարարությունից հիշեցնում են, որ գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման» կարգի պահանջի համաձայն: