Գլխավոր դատախազի տեղակալն ու ԱՄՀ փորձագետն անդրադարձել են կոռուպցիոն գործերի քննության մարտահրավերներին

Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Ալիս Ֆրենչին:

Ինչպես տեղեկացնում են Դատախազությունից՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Գլխավոր դատախազության՝ հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող գործառույթներին, լիազորությունների շրջանակին, միջազգային իրավապահ կառույցների հետ փոխգործակցությանը, կոռուպցիոն գործերի քննության մարտահրավերներին, ինչպես նաև հակակառուպցիոն ոլորտում արձանագրված հաջողության պատմություններին:

Այս համատեքստում, ի թիվս այլնի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում արձանագրված հաշտության երեք համաձայնությունները, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 5 մլն դոլար արժողության գույք:

Հանդիպման ընթացքում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: