«Չի կարելի պահանջները ուսուցիչներից անընդհատ խստացնել, այլ պետք է նաև հետաքրքվել, թե ինչով կարելի է նրանց օգնել, ինչի կարիք ունեն, իսկ այդ հարցերում, ցավոք, շարժ չկա». փորձագետ

«Չի կարելի պահանջները ուսուցիչներից անընդհատ խստացնել, այլ պետք է նաև հետաքրքվել, թե ինչով կարելի է նրանց օգնել, ինչի կարիք ունեն, իսկ այդ հարցերում, ցավոք, շարժ չկա».  փորձագետ
«Չի կարելի պահանջները ուսուցիչներից անընդհատ խստացնել, այլ պետք է նաև հետաքրքվել, թե ինչով կարելի է նրանց օգնել, ինչի կարիք ունեն, իսկ այդ հարցերում, ցավոք, շարժ չկա». փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

– Պարո՛ն Խաչատրյան, ԿԳՆ-ն ուսուցչի վարքականոն է մշակել, ինչը բուռն քննարկվում ու քննադատվում է հանրության շրջանում։ Դուք նշում եք, որ այս նախագիծը դեռ 2014-ին էր դրվել շրջանառության մեջ, քննարկումների փուլում էր։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր պայմանավորված նման նախագծի ներկայացումը, և եթե սա կյանքի կոչվի, ի՞նչ վտանգներ կան։

– Ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ ինչով էր պայմանավորված։ Գուցե պատճառն այն է, որ նախարարությունը ցանկացավ ասել, որ կա ինչ-որ փաստաթուղթ, որովհետև որոշ ժամանակ որևէ փաստաթուղթ չկար։ Գուցե սա այդ լռությունը լցնելու ինչ-որ ձև էր, ինչ-որ մի բան առաջարկել։ Բայց, իմ կարծիքով, շատ հապճեպ ստացվեց, որովհետև մենք բոլորս կոնկրետ այս ոլորտում սպասում էինք այլ փաստաթղթի։ Արդեն 1,5 տարի է՝ սկսվել է «Ուսուցիչ» ծրագրի մշակումը, և ես սպասում էի, որ այդ ծրագիրը կներկայացվի, որովհետև սա արդեն այդ ծրագրի մասն է։

Ես տրամաբանական կհամարեի, եթե նախարարությունը ներկայացներ «Ուսուցիչ» համապարփակ ծրագիրը, որը 2017 թվականի ամռանը նախկին նախարար Լևոն Մկրտչյանն էր հայտարարել, և այդ «Ուսուցիչ» ծրագրի կետերից մեկում նշվում է, որ մշակվելու է ուսուցիչների վարքականոն՝ որպես ուսուցիչների հանդեպ վարվող քաղաքականության մաս։ Սա ավելի տրամաբանական կլիներ։

Այն, ինչ հիմա արվեց, ուսուցիչներին վերաբերող մի հատված դրվեց շրջանառության մեջ, որը հիմնականում պահանջ է։ Այսինքն՝ սրանով ուսուցիչներին ինչ-որ պահանջ է ներկայացվում առանց համապարփակ քաղաքականության։ Ուստիև կարծում եմ, որ քայլերի հերթականությունը ճիշտ չարվեց։ Եթե ներկայացվեր «Ուսուցիչ» նախաձեռնությունը և դրա մեջ կամ դրանից հետո այս վարքականոնը, կարծում եմ՝ սա ավելի նորմալ կընկալվեր ուսուցիչների կողմից։

– Ամեն դեպքում, այդպիսի վարքականոն ունենալու անհրաժեշտություն կա՞ր։ Մեր ուսուցիչն ունե՞ր այդ վարքականոնի կարիքը։ Շատ քննադատվեց, որ նշվում է, թե ինչ պետք է հագնի ուսուցիչը։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։

– Այդ խնդիրը կա իհարկե։ Նորից եմ ասում, եթե մի քիչ տրամաբանական ու մի քիչ երկարաժամկետ նայենք, կտեսնենք, որ վերջին տարիներին ուսուցիչների հանդեպ պահանջները անընդհատ խստացվում են։ Այսինքն՝ անընդհատ ուսուցիչներին ասում են՝ էս մի գործն էլ արեք, էս մի հաշվետվությունն էլ պետք է գրեք, սա էլ պետք է անեք, էն մյուսն էլ պետք է անեք, ինչ-որ սահման կա, որ արդեն սկսում է բացասաբար ազդել։

Չմոռանանք, որ հեղափոխություն է եղել երկրում, և, բնականաբար, մարդիկ այլ սպասելիքներ ունեն։ Նրանք սպասում են, որ հեղափոխությունից հետո իրենց հանդեպ դրական ինչ-որ բան կլինի։ Իսկ այս փաստաթուղթը արդեն բոլորին հայտնի է, որ մշակվել է 2014-ին, տպագրվել է, և հարց է առաջանում, թե ինչո՛ւ 2014-ի փաստաթուղթը հիմա հետ բերվեց ու ներկայացվեց նախարարության կողմից։

– Մենք տեսնում ենք, որ նախարարությունների թիվն է կրճատվում, մի քանի նախարարություններ իրար են միանում։ Հիմա կրթության ոլորտում վերջին 7-8 ամիսներին ի՞նչ նոր առաջնահերթություններ ենք մշակել։ Արդյոք առկա խնդիրներին լուծում տալու աշխատանքներ իրականացվե՞լ են, թե՞ այդպիսի վարքականոններով է ամեն ինչ սահմանափակվում։

– Այս պահին, ճիշտն ասած, որևէ այդպիսի բան չկա, ու դա խնդիր է։ Այսօր որպես փոփոխություն կարելի է մատնանշել այն, որ դպրոցներն ընտրությունների գործընթացից դուրս բերվեցին, այսինքն՝ որևէ կերպ չներգրավվեցին ընտրական պրոցեսներում։

Սա, իհարկե, լավ էր, բայց հասկանալի է, որ հիմա՝ հեղափոխությունից հետո, առաջացել է որոշակի դատարկություն, որը պետք է լցնել նոր գաղափարներով, նոր հայեցակարգերով։ Այդ դատարկությունը եթե մենք չլցնենք գաղափարներով, ծրագրերով, քննարկումներով… հիմա, օրինակ՝ պետք է շատ ինտենսիվ ձևով ընթանան տարբեր հարցերի շուրջ քննարկումներ, աշխատանքային խմբեր ստեղծվեն, ինչ-որ աժիոտաժ լինի և այլն, որովհետև համակարգը հիմա շատ հոգնած, սառած վիճակում է, պետք է գաղափարական շարժ մտցնել, որ համակարգը կամաց-կամաց սկսի արթնանալ ու գնա զարգացման։ Այդ իմաստով այս դատարկությունը վտանգավոր է։ Եթե սա ինչ-որ գաղափարական ձևով չլցվեց, մեր կրթական համակարգը այլ ուղղությամբ է գնալու։ Այսինքն՝ այս մեկը բողոքեց նրանից, այն մեկը փակեց փողոցը, այս մի տնօրենին չուզեցին, այն մեկին հանեցին, բողոքեցին, թե ինչո՛ւ հանեցին։ Այսինքն՝ անձնային խնդիրների բան է դառնալու։

– Ազգային ժողովում նաև կրթությանն առնչվող հարցեր են բարձրացնում և, օրինակ, նշվում է, որ մարզերում պահպանվել է ծանոթ-բարեկամով դպրոցի տնօրեն նշանակելու պրակտիկան։ Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս։ Գոնե տնօրենի, ուսուցչի ընտրության հարցում կա՞ որոշակի փոփոխություն, կրթության ոլորտում այդ ռիսկերը չեզոքացվե՞լ են։

– Համենայնդեպս, մի բան կարող եմ ասել, որ հիմա այդ պրոցեսները մի փոքր ավելի մեղմված են։ Չեմ բացառում իհարկե, որ գուցե կան այդպիսի կոռուպցիոն երևույթներ, բայց միգուցե դրանք շատ ավելի աննկատ են դարձել։ Նախ՝ արդեն հայտարարությունները հրապարակվում են, ավելի տարածվում են, ինչ-որ մրցույթներ են անցկացվում, որոշ դպրոցներում մեկից ավելի թեկնածուներ են լինում և այլն։ Այսինքն՝ ինչ-որ աշխուժություն, փոփոխություն կա, բայց չեմ կարող ասել, որ այդ երևույթներն այլևս բացառված են, անհնար են։ Ամեն դեպքում, մենք բոլորս գիտենք, որ դրանք մեր մշակույթում, ցավոք, բավական պինդ տեղ ունեն և այդքան հեշտ չէ վերացնել։ Միգուցե հիմա այդ ամենն ավելի աննկատ է դարձել։

– Պարո՛ն Խաչատրյան, տեսակետ կա, որ մի կողմից այս վարքականոնը կրթական բարեփոխումների այդ ծրագրի շրջանակում է, մյուս կողմից՝ հնչում է կարծիք, որ տվեք մանկավարժին արժանապատիվ աշխատելու պայմաններ և ապրելու համար անհրաժեշտ սոցիալական երաշխիքներ, ապա միայն փորձեք գնահատել մասնագիտական վարկանիշը, աշխատանքի որակը։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։

– Իհարկե, այդ սիմետրիան պետք է պահել, քանի որ որպեսզի ուսուցիչը լավ արդյունք տա, լավ աշխատանք ունենա, պետք է նաև որոշակի պայմաններ ունենա։ Չի կարող մարդը հենց այնպես լավ արդյունք տալ։ Դրա համար ես կարծում եմ, որ սիմետրիկ պետք է լինի, չի կարելի անընդհատ պահանջները խստացնել։ Տեսեք՝ հիմա մենք այս տարի 9-րդ դասարանի հայոց լեզվի քննությունները դարձրել ենք կենտրոնացված, դա բերելու է որոշակի արդյունքների վատթարացման։

Դրա արդյունքում հնարավոր է ինչ-որ խնդիրներ որոշ դպրոցներում առաջանան, որ ինչու եք վատ աշխատում, ինչու են ձեր ցուցանիշները ցածր։ Այսինքն՝ մյուս կողմից այս վարքականոնն է գալիս, որ այսպես պետք է անեք, այնպես պետք է անեք,այսինքն ստացվում է, որ մենք միշտ ավելի կենտրոնանում ենք այն բաների վրա, երբ ուսուցչից ինչ-որ բան ենք պահանջում կամ ստուգում։ Իսկ այն մասերը, որ պետք է գնանք հետաքրքրվենք՝ հարգելի ուսուցիչ, ինչո՛վ քեզ օգնենք, ինչի՛ կարիք ունեք, ի՛նչ խնդիրներ կան, այդ հարցերում, ցավոք, շարժ չկա։ Հիմա, օրինակի համար, արդյոք հեղափոխությունից հետո հարկային մուտքերը չե՞ն ավելացել, գրանցված աշխատողների թիվը չի՞ ավելացել, եթե ասում ենք, որ այլևս չկա կոռուպցիա, օլիգարխները հարկերն արդեն ավելի լավ են վճարում և այլն, ինչո՛ւ այդ գումարների ինչ-որ մասը ուսուցիչներին չի ուղղվում։

Մանե Հարությունյան

MediaLab.am