Սև լճի ուղղությամբ հակառակորդն առաջխաղացման որևէ փորձ չի ձեռնարկել․ ԳՇ-ն հերքում է մամուլում տարածված տեղեկությունը․ Factor.am

Հայաստանյան համացանցային որոշ լրատվամիջոցներ, հղում անելով տելեգրամյան ալիքների, լուրեր են տարածում այն մասին, որ հակառակորդը Սև լճի ուղղությամբ փորձել է առաջանալ, իրավիճակը բավական լարված է։

Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը հերքում է շրջանառվող տեղեկությունը։ «Այդ բոլոր լուրերն ադրբեջանական ալիքներն են տարածում՝ փորձելով խուճապ առաջացնել հանրության շրջանում»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Ասատրյանը։

Հիշեցնենք, որ երեք ամսից ավելի է, ինչ ադրբեջանական Զինված ուժերը Սև լճի հատվածում խախտել են Հայաստանի սահմանը, այս պահին էլ շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում և պարբերաբար նաև առաջխաղացման փորձեր են ձեռնարկում։