Երեկվա երաժշտական ծրագիրն ու պատկերը ինձ համար ևս մեկ քար էին տունդ ու հոգիդ վերականգնելու համար. Հրանտ Վարդանյան

«Մարդկանց գլխում շատ բան է պետք փոխել, ոչ միայն աղքատությունը». Հրանտ Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, շատ երկար ու բուռն քննարկված միջոցառումն արդեն իրողություն է: Ինչպե՞ս եք գնահատում այն:

– Շատ բարձրաճաշակ միջոցառում էր, որը երբևիցե չի արվել, ու շատ կարևոր է, որ հենց այդ սիմվոլիկ օրը, որը Սովետական Միության կազմից դուրս գալու օր է ինձ համար, նման բարձր որակով նշվեց: Շատ մեծ խումբ էր աշխատել, ու ես շնորհավորում եմ խմբին: Կարևոր էր, որ «Հայաստան, երկիր դրախտավայրով» սկսվեց միջոցառումը, կարևոր էին օդում պատկերվող սիմվոլները՝ Հայկ Նահապետից մինչև Սասունցի Դավիթ:

Ոգեշնչող ու տրամադրություն փոխող միջոցառում էր սա, ինչը չի նշանակում, թե դա տոն էր, որովհետև այն արված էր շատ զուսպ, ուժեղ և պինդ, որն այսօր մեզ համար շատ կարևոր է, ու թող չկռկռան, չի կարելի: 

Շատ լավ հասկանում եմ, ես մինչ օրս այդ քեֆ անելու երաժշտությունը որ լսում եմ, մեջս բունտ է առաջանում, որովհետև մենք շատ լուրջ կորուստներ ունենք, իսկ ամենամեծ կորուստը մարդկային կորուստն է, զավակի անդառնալի կորստից ավելի ցավ չկա:

Պատճառները, իրավիճակը՝ ովքե՛ր, ո՛ւմ փնթիության, սրիկայության, դավաճանության պատճառով կորցրեցինք, շատերին է պարզ, բայց թաղել ամբողջ ժողովուրդը սգի մեջ շարունակ չի կարելի, որովհետև մեր կողքին նաև երեխաներ են մեծանում, երիտասարդներ կան, որոնք վաղվա օրը պետք է կերտեն, ու չի կարելի նրանց մտցնել սգվորի պատյանի մեջ ու անընդհատ այդ սուգն ավելացնել: Այսօր մշակութային ու ոգեղեն բաներ են պետք անել, մենք այն վիճակում ենք, որ արվեստը, բարձրակարգ համերգը, կինոն, թատրոնը կարող են օգնել մեզ դուրս գալու այդ հոգեբանական ծանր վիճակից:

– Եթե Անկախության օրվան նվիրված միջոցառումը չանցկացվեր՝ ի՞նչ ցույց կտար:

– Կունենայինք մի անգույն շարքային օր ու վերջ: Կարևոր է միանշանակ ու շատ կարևոր էր, որ այսքան մանրակրկիտ ու բարձր մակարդակով նշվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օրը: Հրապարակում այդ օրը նշել ենք, չենք տոնել, երեկ տոն չի եղել ու չէր կարող լինել, որովհետև գլուխը կախ, սուգը սրտում մարդը չի կարող տոնել, բայց գլուխը բարձր նշել կարող է: Անկախությունը շատ կարևոր է, ու դարեր շարունակ մենք կյանք ենք տալիս այդ անկախության համար: Այդ սիմվոլիկ օրերը շատ կարևոր են, մենք չենք կարող չնշել դրանք, պետք է նշենք:

– Պարո՛ն Վարդանյան, այդ միջոցառման ուղերձը ո՞րն էր, ի՞նչ տվեց այն հանրությանը:

– Որ կանք՝ բզկտված, բայց ապրում ենք, պիտի ուժեղ լինենք, որպեսզի դուրս գանք անդունդից: Ինձ համար սա շատ կարևոր է: Այսօր Սովետական Միության նոր, ապուշ ծրագրերի մեջ թաթախված մեծ մասսա կա, որը նորից ուզում է վերադառնալ, ինչն ինձ համար անթույլատրելի է: 30 տարի չենք կարողացել դուրս գալ կայսրության ճիրաններից, բայց չնշել այդ օրը՝ չի կարելի:

Իմպերիան չի թողել ու մինչ օրս չի թողնում, որ դուրս գանք իր ճիրաններից, ու այս պատերազմն էլ էր իմպերիայի ձեռքով արված, նրա թույլտվությամբ ու մասնակցությամբ: Այսինքն՝ պատիժ էր մեր ազատ, անկախ, ինքնիշխան լինելու համար, որը սրիկայաբար անում են այս 30 տարվա ընթացքում, ու մարդկանց մեջ վախեր են առաջացել, այդ վախերից դուրս գալ է պետք:

– Ինչպե՞ս եք պատկերացնում այդ վախերի հաղթահարումը:

– Երեկվա միջոցառումն ինձ համար այդ սիմվոլիկան ուներ: Միևնույն է, համաձայն չենք, բոլորիս սրտերում այդ ցավը նստած է, բայց այդ ցավով հանդերձ գլուխդ պետք է կարողանաս բարձրացնել, դուրս գաս այդ վիճակից: Ու արվեստը, երաժշտությունը, կինոն, թատրոնը, պոեզիան կարող են մեզ օգնել այդ հարցում: Ոչ մի հռետոր, ոչ մի ցույց, ոչինչ այդ ազդեցությունը չի ունենում, ինչպես, ասենք՝ կինոն, թատրոնը և այլն:

Սրանք պետք են ու շատ կարևոր, չի կարելի մի ամբողջ ազգ ողջ-ողջ թաղել, 24 ժամ սգի մեջ լինելով բան դուրս չի գա, որովհետև կյանքը շարունակվում է, որովհետև այն զինվորը, որը զոհվել է իր անկախության ու հայրենիքի համար, զավակ է թողել, ու այդ զավակի կյանքին մենք պետք է լույս տանք, կանաչ ճանապարհ, դա սևով չի արվում: 

Ամեն տարի մենք միավորվել ենք միայն Եղեռնի օրը, դա շատ վատ է, մենք չենք կարողանում միավորվել տոների օրը, բայց հակառակը պետք է լիներ, ա՛յ դա է թանկն ու կարևորը: Մեր մեջքը ուղղելու համար շատ բան ունենք անելու, շատ բաներից դեռ պետք է ազատվենք, իսկ արվեստն ու մշակույթը կարող են լավագույն ձևով ազդել վերականգնվելու վրա: Երեկվա երաժշտական ծրագիրն ու պատկերը մշակված էին և մատուցվեցին բավականին բարձր ձևով, որն ինձ համար ևս մեկ քար էր տունդ ու հոգիդ վերականգնելու համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am