Բաց նամակ երեխաներին

Մհեր Արշակյան

Երեխանե՛ր, հիմա ստիպված ենք արձանագրել բաներ, որոնք մեծ մարդիկ վաղուց են հասկացել։ Ուղղակի ձեր աղմուկն է սարսափելի։ Ասում եք՝ հողերը տվել են։ Էդ հողերը չեն տվել, որովհետև հոգով ու սրտով ամբողջ ազգը դավաճան էր, էդ հողերը վերցրել են: Վերցրել են՝ ոչ մեկիդ կարծիքը չհարցնելով, վերցրել են ահաբեկիչներով, Թուրքիայով, միջազգային հանրության բարոյական աջակցությանն ի հեճուկս: 

Էդ հողերը վերցրել են: 

Վերցրել են, որովհետև հոժարակամ տվող չկար։ 

Վե՛րջ: 

Հաճելի՞ է սա մեզ, թե՞ տհաճ, մարդի՞կ են անմահացել, թ ոչ մեկը չի էլ զոհվել՝ էդ հողերը չկան: Ոչ ոք եղածը շուռ տալ չի կարող, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ Ամերիկան: 

Նիկոլը հեռանա, թե մնա՝ էդ հողերը կորսված են, կարո՞ղ էր պահել Նիկոլը, թե՞ չէր կարող պահել՝ էդ հողերը չկան: 

Թե ինչ է մտածում Հադրութի մշակույթի բաժնի պետը, ոչ մեկին հետաքրքիր չէ: Որպեսզի կարողանաս էդ հողերը վերադարձնել, որքան էլ պարադոքսալ հնչի, պետք է հաշտվես կորցնելու մտքի հետ, պետք է նախ հիշես, որ էդ հողերը պահող չի եղել: Հաշտվել այդ մտքի հետ՝ նշանակում է նախ սառեցնել տաք գլուխը: 

Այսօր խոսել հենց այսօր վերադարձնելու մասին՝ նշանակում է հակառակորդին «հրավիրել» չգրավածն էլ վերցնելու: Կռվողդ ո՞վ է, ինչո՞վ է կռվելու, էս պատերազմը հարկադրված են կանգնեցրել, կանգնեցրել են Ադրբեջանին ու Թուրքիային, որովհետև նրանք առաջանալու տեղ ու ուժ ունեին: 

Քեզ չեն կանգնեցրել, որովհետև դու էիր ամբողջ աշխարհին խնդրում կանգնեցնել Թուրքիային: Այո՛, տեղի է ունեցել ամոթալին, այո՛, գլուխներ պետք է «թռնեն», բայց նախ ընդունեք, որ զոհեր պահանջողները հաստատ չեն գնալու զոհվեն: 

Ոչ 17-ը, ոչ էլ` «Իմ քայլը»: Ոչ մի ՍԴ, ոչ մի ԱԺ չի կարող լինել այնքան արկածախնդիր, որ վիճարկի տեղի ունեցածը: Էդ հողերը կորցրել ենք, որովհետև 1994-ի հաղթանակից հետո այդպես էլ չսառեցինք: Հիմա աշխարհը մեզ վրա սառը ջուր է լցրել: Դեռ պետք է ուրախանանք, որ՝ ոչ ձմռան ամենացուրտ օրը: 

Երեխանե՛ր, ձեզ այսօր մի՛ կերակրեք հողերը ծախելու մասին դավադրությամբ: Դա թողեք զոհերին ու այնտեղ կռվածներին: 

Մենք պատերազմը պարտվել ենք, մեր ուսերին է ծանրանում պարտվածի խաղաղությունը: Եկեք ընդունենք, որ ինչ դավաճանության մասին էլ լինի խոսքը, այս պատերազմը չէր ավարտվի, քանի դեռ Շուշին չէր ընկել: 

Կավարտվեր մեկ ամիս հետո, բայց` ի՞նչ, երեխանե՛ր, դրանից կռվողների թիվն ավելանալո՞ւ էր, Ֆրանսիան ու Ամերիկա՞ն էին կանգնեցնելու այս կռիվը: 

Բոլորը գիտեին, չէ՞, թե ովքեր են Ադրբեջանի կողմից կռվողները: Ձեզ ասում են կանգնեցնելու գինը` պահպանել այն, ինչը դեռ չեն վերցրել: Դուք սխրանքի պակա՞ս ունեք: Ուրեմն ինչո՞ւ կաք: Կա՛մ խաղացեք ձեր մանկության կռիվ-կռիվը, կա՛մ ապրողներին թույլ տվեք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ: 

Սիրելի՛ երեխաներ, ձեզ ոչ մեկը չի խանգարում պահանջել վարչապետի հրաժարականը, նույնիսկ մեծերն են այդ կարծիքին, որ նա պիտի հեռանա, բայց դրված ստորագրություններից հեռու խաղացեք, որովհետև հենց այդ ստորագրությունները հետ վերցրեցին, դուք նույնիսկ Երևանում էդ կռվի մասնակից չեք լինի, նույնիսկ ձեր տանը չեք հասցնի մտածել, որ վերջին կռվի համար անգամ բանը բանից անցել է: 

Մհեր Արշակյան

MediaLab.am