«Բացահայտ ստոր մեթոդներին դիմելը ցույց է տալիս իշխանությունների վախեցած լինելը». Լեւոն Զուրաբյանը` աղմկահարույց ձայնագրության մասին

«Բացահայտ ստոր մեթոդներին դիմելը ցույց է տալիս իշխանությունների վախեցած լինելը». Լեւոն Զուրաբյանը` աղմկահարույց ձայնագրության մասին
«Բացահայտ ստոր մեթոդներին դիմելը ցույց է տալիս իշխանությունների վախեցած լինելը». Լեւոն Զուրաբյանը` աղմկահարույց ձայնագրության մասին
Հեղինակ MediaLab

«Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, կատարելով քաղաքական հակառակորդներին լրտեսելու եւ վարկաբեկելու Սերժ Սարգսյանի հակասահմանադրական հրամանը, ապօրինաբար գաղտնալսել է երկու ԱԺ պատգամավորներ` Վարդան Օսկանյանի եւ իմ մասնավոր զրույցը եւ Ինտերնետում տեղադրել այդ զրույցի ձայնագրությունից կցմցած մի նյութ, որն անմիջապես տարածվել է ռեժիմի շահերը անթաքույց սպասարկող լրատվամիջոցների կողմից»,-համացանցում տարածված աղմկահարույց ձայնագրությանն անդրադարձել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն` իր հայտարարության մեջ:

Այս կապակցությամբ հայտարարում եմ.

Ռեժիմի կողմից քաղաքական հակառակորդներին լրտեսելու այս ճղճիմ արարքը հակասում է Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված ժողովրդավարական տարրական նորմերին ու ռեժիմին հերթական անգամ դնում է օրենքից դուրս: Եւ թող չփորձեն խուսափել այս հանցանքի համար պատասխանատվությունից: Եթե հանցագործները անմիջապես չեն բացահայտվում, ուրեմն դա արել են հատուկ ծառայությունները: Այս օրինախախտման պատասխանատուները վաղ թե ուժ ամբողջ խստությամբ պատասխան են կրելու օրենքի առջեւ: Իշխանություններին պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չտալու նկատառումով առաջարկում եմ դատախազությանը ընդունել սույն հայտարարությունը որպես հաղորդագրություն հանցագործության մասին եւ պահանջում եմ քրեական պատասխանատվության կանչել գաղտնալսման եւ դրա հիման վրա պատրաստված նյութի հրապարակման հեղինակներին։

Այս փաստը հաստատում է վաղուց արձանագրված այն իրողությունը, որ երկրի հատուկ ծառայությունները, փոխանակ զբաղվեն արտաքին վտանգներից երկրի անվտանգության ապահովման համար խիստ անհրաժեշտ հետախուզական եւ հակահետախուզական գործունեությամբ, հարկատուների միջոցները եւ սեփական ջանքերը հիմնականում ապօրինաբար ծառայեցնում են գործող իշխանությունների դիրքերի ամրապնդմանն ու ընդդիմությանը լրտեսելու, վարկաբեկելու եւ վնասազերծելու նպատակներին:

Ռեժիմի կողմից նման բացահայտ ստոր մեթոդներին դիմելու եւ ներքաղաքական լրտեսությամբ զբաղվելու իրողության հրապարակայնացումը ցույց է տալիս, որ իշխանությունները այնքան վախեցած են նախագահական ընտրություններում հնարավոր մարտահրավերներից, որ դրանք չեզոքացնելու նպատակով պատրաստ են բռնվել անգամ փրփուրներից:

ԱԱԾի կողմից պատրաստած եւ հրապարակված նյութի բովանդակության որեւէ քննարկում կամ մեկնաբանություն համարում եմ բարոյապես եւ քաղաքականապես անընդունելի: Ավելին, դա կլինի ուղղիղ այն, ինչ որ պետք է հատուկ ծառայություններին այս ճղճիմ սադրանքը հաջողելու համար: Ուստի, ռեժիմի հատուկ ծառայությունների կողմից վատագույն գեբիստական ավանդույթներով պատրաստված եւ հրապարակված այս նյութի բովանդակության որեւէ քննարկում, մեկնաբանություն կամ հաստատում քաղաքական եւ հասարակական գործիչների կամ լրատվամիջոցների կողմից ուղղակի հավասարազոր է լինելու համագործակցության հատուկ ծառայությունների հետ այս ապօրինի գործունեության մեջ»:

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=pS-koBAEetQ