Եթե դու ստեղծում ես հակակոռուպցիոն դատարան, ուրեմն քո երկրում կա կոռուպցիոն ճգնաժամ․ Հովհաննես Քոչարյան

«Մեդիալաբի» հարցազրույցը ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանի հետ

– Պարո՛ն Քոչարյան, արդարադատության նախարարությունը հանրայնացրեց Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված դատարաններ։ Ի՞նչ կարծիքի եք այդ նախաձեռնության մասին, տեղի՞ն է այդ նախաձեռնությունը։

– Որպեսզի հասկանանք՝ տեղի՞ն է, թե՞ տեղին չէ, պետք է կարդանք նախագծի հիմնավորումները։ Իսկ հիմնավորումներում խոսվում է, որ այդ դատարանները կարող են ապահովել որակյալ արդարադատություն և գործերի արագ քննություն։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, մնացյալ գործերով որակյալ արդարադատության և գործերի արագ քննության խնդիր չկա՞։ Կա, չէ՞։

– Կարծիք կա, որ դատարանները ծանրաբեռնված են տարբեր գործերով, և նման դատարանի ստեղծումը կթեթևացնի մյուս դատարանների գործը։

– Դատական համակարգի ծանրաբեռնվածությունը այդ համակարգի ամենահիմնական խնդիրն է, հետևաբար ոչ թե պետք է գնաս հատվածական լուծումների, արհեստական բեռնաթափումների, այլ լուծես խնդիրը ամբողջ համակարգի համար։

Սովորաբար այսպիսի մասնագիտական դատարաններ ստեղծվում են դատական համակարգի նկատմամբ անվստահության արդյունքում։ Ամբողջ աշխարհում է այդպես։

Եթե դու գնում ես հակակոռուպցիոն դատարանի, ուրեմն քո երկրում կա կոռուպցիոն ճգնաժամ, անվստահություն իշխանությունների նկատմամբ, և, ամենակարևորը՝ քո երկրում կա անվստահություն դատական համակարգի նկատմամբ։

Այսինքն՝ լավ օրից չէ, որ ստեղծվում են այս դատարանները։ Այդ դատարանները պետական ապարատի անբուժելի արատի հետևանքով ծնվող դատարաններ են։

Այսինքն՝ Հայաստանում այս նախադրյալները կա՞ն։ Հետո տեսեք՝ խոսում են, թե գործերը բարդ են, հետևաբար մասնագիտացված դատարաններն անհրաժեշտություն են։

Իսկ ո՞վ ասաց, որ կոռուպցիոն բնույթի բոլոր գործերը բարդ են։ Դրանց մեծ մասը շատ արագ ու շատ հեշտ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ ստանդարտ միջոցառումներով բացահայտվող հանցագործություններ են։ Իհարկե, կարող են լինել կոռուպցիոն բարդ սխեմաներով ծավալուն գործեր, բայց դրանք մեր դատական համակարգում ինչքա՞ն կան, որ համակարգը ծանրաբեռնվի։ Իհարկե շատ քիչ։ 

Խնդիրն այն է, որ որակի ու արդյունավետության հարց է բարձրացվում, այն դեպքում, երբ դա պետք է լուծել ամբողջ դատական համակարգի համար։

Ոչ մի երաշխիք չկա, որ նոր ստեղծվող դատական կորպուսը չի ծանրաբեռնվելու, քանի որ ստեղծվելու է հակակոռուպցիոն օպերատիվ մարմին և գործեր է մատակարարելու դատարան։ Հետո նորից կսկսեն խոսել գործերի քննության ողջամիտ ժամկետի մասին։ 

– Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավորի ընտրության առաջարկվող ձևի մասին ի՞նչ կարծիքի եք։

– Դա քննարկելու առանձին թեմա է։ Ի՞նչ երաշխիք, որ դատական այդ կորպուսը համալրող դատավորները գործադիր իշխանությունից 100 տոկոսով անկախ կլինեն։

Որտե՞ղ են այդ օրենսդրական երաշխիքները։ Ես չեմ ասում՝ Կառավարությունը միտումնավոր տանում է նրան, որ այդպես չլինի, այդ մասին չեմ խոսում։ Դատավորների անկախության վրա չազդելու մասին երաշխիքները պետք է ապահովվեն, պետք է տրվեն օրենսդրությամբ։

Հայտարարություններ միշտ էլ կհնչեն։ Ես ձեզ բերեմ Ուկրաինայի օրինակը, որտեղ դատական համակարգի շուրջ ամենադրամատիկ քննարկումներն էին։ Միջազգային կազմակերպությունները թույլ չէին տալիս Ուկրաինայի իշխանություններին, որ դատական հակակոռուպցիոն կորպուսի ձևավորման հարցում նրանք մասնակցություն ունենան, ու ամեն ինչ անում էին, որ դրանք ձևավորվեն միջազգային փորձագետների ազդեցության ներքո։

Նույնիսկ այդ երկրի առաջ ֆինանսավորումը դադարեցնելու պայման էին դրել։ Ուկրաինայի վրա շատ ուժեղ պրեսինգ կար եվրոպացի գործընկերների կողմից։ Մեզ մոտ կարծես թե նման ճնշում չկա։

Կարծում եմ՝ սա թեթև վեթինգի մի ձև է, որով գործող դատական համակարգին հեռու կպահեն կոռուպցիոն գործերի քննությունից, նոր ձևավորվող դատական կորպուսով անցնեն այդ գործերի քննությանը, և դրան կհետևի գործերի քննության ժամկետների կրճատման խնդիրը։ Ես չեմ բացառում, որ կլինեն օրենսդրական փոփոխություններ գործերի քննության առավելագույն ժամկետներ սահմանելու մասին։ 

Դատավորի ընտրության մասին հարցրեցիք. շատ տարօրինակ մեխանիզմներ են կիրառվում։ Նախագծում նշվում է, որ եթե օպերլիազորը վերջին հինգ տարում տույժ ունի, չի կարող ընդգրկվել դատական կորպուս։

Սա այն դեպքում, երբ օպերլիազորի տույժը մեկ տարի հետո կորցնում է իր նշանակությունը։ Իսկ համակարգում աշխատող այնպիսի օպեր չկա, որ տույժ չունենա։

Մարդու տույժի իրավաբանական նշանակությունը շատ արագ կորչում է, բայց մի ամբողջ իշխանության ճյուղ նրա համար մնում է անհասանելի։ Սա կոռուպցիա ծնող նորմ է, և լավ կլիներ, որ նախագիծը այդ ավելորդ սահմանափակումներից ձերբազատվեր։

Իհարկե, նաև պետք է հստակեցվեն երեք փորձագետների առաքելությունը, որոնք մասնակցություն են ունենալու դատավորների նշանակման հարցում։ Այդ երեք փորձագետները Բարձրագույն դատական խորհրդին տալու են երաշխավորություններ։

Նախագծից հայտնի չէ՝ ովքեր են լինելու այդ փորձագետները։ Մնացած դատավորների ընտրության հարցում նման փորձագետների անհրաժեշտություն չկա, բայց այս դեպքում հանկարծ կարիք է առաջանում։

Ինձ համար հասկանալի կլիներ կոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծումը, եթե դատարանի կազմը լիներ ոչ թե միանձնյա, այլ 3, 4, 5 հոգով, որոնց մեջ կլինեին հասարակության այլ ներկայացուցիչներ, և դա քննության լավագույն ձևը կլիներ։

Միգուցե լավ նպատակով է արվում, չեմ կարող կասկածի տակ դնել կառավարության ջանքերը, բայց միայն բարի նպատակները քիչ են, և երբեմն բարի նպատակներով է կառուցված ճանապարհը դեպի դժոխք։ 

– Նաև աշխատավարձի հարցը՝ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատավարձը ավելի բարձր է լինելու, քան մյուս դատավորներինն է։ 

– Իմա՞ստը։ Դա խտրական նորմ է մյուս դատավորների նկատմամբ։ Եվ աշխատավարձը ավելի բարձր լինելու դեպքում դատական մյուս համակարգից սկսվելու է ներհոսք դեպի մասնագիտացված դատարաններ, ինչի արդյունքում արգելափակվելու է նոր կադրերի ներմուծումը այդ համակարգ։ Այս հարցը պետք է լուրջ քննարկել։

Դատավորների աշխատավարձը պետք է բարձրացնել, բայց պետք է բարձրացնել միասնական համակարգի միջոցով։ Ճիշտ է, կոռուպցիայի դեմ պայքարը պետության օրակարգային հարցերից է, բայց դա չպետք է հանգեցնի ինստիտուցիոնալ երաշխիքների միջև տարբերությունների։ 

– Դուք ուսումնասիրե՞լ եք միջազգային փորձը, ի՞նչ է այն ցույց տալիս։

– Նայեք՝ եվրոպական երկրներում փորձ է արվել այդ մոդելը ներդնել, բայց չեն պահպանել։ Այս համակարգը առաջինը ապրոբացվել է Ասիայի, Աֆրիկայի երկրներում, բայց գրեթե զրոյական արդյունք։

Որոշ երկրներ, օրինակ՝ Սենեգալը, եթե չեմ սխալվում, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում դիրքերը բարձրացրել էր, բայց ոչ մի վերլուծություն չկա, որ դա արդյունք էր մասնագիտացված դատարանների ստեղծման։

Կոռուպցիայի դեմ պայքարի հաջողված լինելու հարցում կարող են ազդել բազմաթիվ գործոններ՝ կրթություն, քաղաքական համակարգ, իրավական մշակույթ, բազմաթիվ կարծրատիպեր և այլն։

Բայց մասնագիտացված դատարանի ստեղծումը կապել կոռուպցիայի դեմ պայքարի բարելավման հետ, իմ կարծիքով, պետք է շատ վառ երևակայություն ունենալ դրա համար։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am