Հովիկ Աղազարյան․ Վախկոտ գելխեղդը

Ալեքսանդր Դյումա ավագի մոտ պալատական ծաղրածուն ամենազորեղ ու հավատարիմ մարդկանցից մեկն էր, որովհետև համարձակվում էր պատմել իրողություններն ու խոսել իշխանության իրական շարժառիթների մասին առանց երկմտանքի ու մեղմասացության։ Իսկ մեկ այլ պատմության մեջ թոթովախոս երեխան բարձրաձայնում էր թագավորի մերկության մասին։

Բոլոր իշխանություններն էլ ունենում են իրենց «շիկոները»։ «Պողպատյա մանդատ» ԲԲԸ շիկոն էլ Հովիկ Աղազարյանն է, ինչպես «Թարս խիար» ՓԲԸ շիկոն՝ Գալուստ Ոսկեբերանը։ Հովիկը հայ մեխանիկ է, պետական և քաղաքական գործիչ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։

Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ ազգի երեսփոխանների պաշտպանությունը հանգիստ չի տալիս կառավարությանը, և իրենց սիրելիների համար 103 մլն դրամ են հատկացրել պետական պահպանության ծառայությանը։ Հոկտեմբերի 27 տեսած երկրում դեռ մի բան էլ ուշացած նախաձեռնություն, եթե իհարկե կարծում ենք, թե «ռոմանտիկներին» կկասեցնեն մետաղորսիչ սարքերը։

Հետո էլ լավագույնս ապահովելու համար արդեն պաշտպանված ազգընտիրների կյանքը՝ ավելացրեցին գրպանի ծախսը։ Դրան էլ գումարեցին պատգամավորներին հայհոյելու քրեականացումը, և փաթեթը կամբողջականանա։ Հիմա էլ առավելագույն ապահովության համար կսահմանափակվեն լրագրողների մուտքն ու ելքը, ազատ տեղաշարժն ու գտնվելու վայրերը։ 

Ով ասաց, որ խորհրդարանական երկրում լրագրողները ազատ ելումուտ պետք է ունենան խորհրդարանում։ Խանգարեն ազգիս լավագույնների աշխատանքը, շեղեն իրենց հարցերով ու, Աստված չանի, զենքից, դանակից ու պատառաքաղից բերեն ներս։

Նաիրի Հունանյանը նախկին դաշնակցական լրագրող էր, ասում է խորհրդարանի ապագա նախագահը, իսկ զինված պայքարի անվեհեր մարտիկ Գեղամ Մանուկյանն էլ հակադարձում, որ իրեն Չե Գեվարայի բրելոկն է բավական։ Իրենք բրելոկով էլ կարող են գելխեղդների օրն ու տոնը փչացնել։

Հովիկ Աղազարյանն էլ ազնվորեն պատմում է ապագան, որ անվտանգության ուժեղացումը ոչ միայն գայլերի, այլև գելխեղդների դեմ է։ Ճիշտ է, ինքը վախկոտ գելխեղդ է, ու իրենից վտանգ չկա, բայց կարող են լինել խոշոր սեփականատեր գելխեղդներ, որոնք Հովիկի պես հանդուրժող չեն լինի, ինքնապաշտպանության մորմոքում կարող են Էդմոն Մարուքյան անել 5-րդ շարասյանը, հիշել Մեղրու հանձնման ծրագիրը և սյունիքյան արծիվներին դուրս մղել Արարատյան դաշտի մատույցներից։ Սասուն Միքայելյանի ականջը կանչի։ 

Զարմանալի է, թե ժամանակին ինչպես է քաջ Դաշնակցությունն իր շարքերում հանդուրժել վախկոտ գելխեղդին։ Ի դեպ, Աղազարյանը շարքային դաշնակցական չի եղել։ 1990-1995 թվականներին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ (1990 թվականից)։ 1996 թվականին ընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ:

Դե, իսկ Հովիկն էլ Լևոն Տեր–Պետրոսյանի հիպնոսի տակ մնացած ժամանակ որոշակի հատկություններ է ձեռք բերել։ 

Վախկոտ գելխեղդը իհարկե ճիշտ է, նորընտիր 8-րդ գումարման խորհրդարանում մեզ ահեղ մարտեր են սպասելու, որտեղ հացի ու տեսարանների պակաս չի լինի․ պողպատյա գլադիատորները կմենամարտեն քոքահեն կռինչների ու թարս խիարների հորդաների դեմ՝ մոռանալով իրական խրամատներն ու իրական սահմանը։

Կամուֆլյաժե բիկինիները կլինեն առաջնային սպառման ապրանքներ, խորհրդարանական բոքսը կդառնա հանրային համերաշխության երաշխավորված գործիք, մանավանդ որ Վահե Հակոբյանը պատրաստ է ԶՊՄԿ-ի թշնամիներին նոկաուտի ուղարկել իր ֆինանսական զրկանքների համար։ Մենակ թե Հովիկիս չկպնի։

Կունենանք գելխեղդ մարտեր լեռնականների լավագույն ավանդույթներով՝ մարտեր առանց կանոնների՝ «բռունցքներ ու քացիներ» կարգախոսով, լրագրողները դրանք չեն նկարի, հետո ծեծվածներին հարցեր չեն տա՝ խիզախություն ակնկալելով, իսկ ծեծվածներն էլ կբավարարվեն գրպանի 250 հազար դրամով։

Միջդիրքային մարտեր ժողովրդի սրտի խորհրդարանում, խրամատներ միջանցքներում, կամուֆլյաժե գելխեղդներ ու կռինչներ, հայհոյախոսություն պողպատե մանդատի ու մանգաղի արանքում, աստղն էլ հավանաբար կդիտի բավականությամբ ու սուրճի ընկերակցությամբ։ Բայց այդ ամենից Հովիկ Աղազարյանը զերծ կմնա, քանի որ նա ի սկզբանե ապահովագրել է իրեն։

Իսկ այդ ընթացքում՝ իրական մարտեր սահմանին, զոհեր ու վիրավորներ, անօդաչուներ ու նռնականետներ։ Վախկոտ գելխեղդների գրպանային ծախսի խորհրդարան, որտեղ բոլորին հուզում են սեփական եկամուտներն ու փիարը, իսկ, դե, սահմանը, դե, սահմանը թող դաշնակիցը մտածի, սրացումների դեպքում էլ կհայհոյենք, խորհրդարան պահենք թե բանակ, մետաղորսիչներ դնենք, թե խրամատներ կահավորենք։

Ամեն դեպքում սպասենք նորանոր բարելավումների, եթե ազգի մեծ մասը չի կարող լավ ապրել, առնվազն կարելի ա ազգի ընտրյալ 100-ին որակյալ կյանք ապահովել, ու կապ չունի, թե որակյալ կյանքը վախկոտ, թե անվախ գելխեղդների համար է։

Շնորհակալություն գոնե, որ ունենք Հովիկ Աղազարյան, որը միակն է, որ չի թաքցնում իրենց նվիրական երազանքներն ու բյուրեղյա երազները և բացահայտ հայտնում մեզ՝ հեգնելով կամ հիմարի տեղ դնելով, բայց դա թերևս այլ հաստատության ու մասնագետների բացահայտման տիրույթում է։ 

Վահրամ Թոքմաջյան և ընկերներ

MediaLab.am