Խաչիկ Ասրյան․ հայկական մակնշմամբ fյուրերը

«․․․մեր գերխնդիրը հայոց գենի 

անաղարտության պաշտպանումն է: 

Հայոց գենի արմատում են երկրի քաջարի ռազմիկը, 

մշակույթի, կրթության ու գիտության հանճարը,

 հայրենատերը… 

Հեռու պահենք մեր սուրբ գենը հայրենիք

ներխուժող արատավոր բարքերից՝ 

մեր տունն ավերող կոռուպցիայից, 

աղանդավորից, թմրամոլից…»

Խաչիկ Ոսկեբերան

Մինչ մենք աշխատում էինք այս նյութի վրա, ստացանք բոթը։ Բոթը գուժում էր, որ Խաչիկ Ասրյանը դուրս է գալիս ընտրապայքարից և պահանջում է չեղարկել ընտրությունները։ Սակայն հաշվի առնելով այն հյութեղությունը, որ մեր օրվա հերոսը հաղորդել է հայոց քաղաքական միապաղաղ դաշտին, չկարողացանք դիմադրել գայթակղությանն ու հրապարակում ենք արդեն պատրաստ հոդվածը։

Հեղինակի հուզումնագիր

Համաշխարհային պատմությունը գիտի բազմաթիվ օրինակներ, երբ խիզախությունը, քաջությունն ու ռազմահայրենասիրությունը հայրենապաշտության առինքնող և ազգանվեր հենասյուներն են եղել։ 

Մեր այսօրվա հերոսը Գարեգին Նժդեհի գործի ու գաղափարների արժանավոր ժառանգն ու հետևորդն է։ Դրա մասին են խոսում նրա ստացած հուշամեդալները և պատվոգրերը՝ «Մայրական երախտագիտություն» հուշամեդալը՝ 2008 թ., Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հուշամեդալը՝ 2013 թ., Հայաստանի ազգային պարարվեստի միության «Վահրամ Արիստակեսյան» ոսկեզօծ հուշամեդալը՝ 2015 թ. և 160-ից ավելի այլևայլ հուշամեդալներ և պատվոգրեր։ Թերևս պատվոգրերով, հուշամեդալներով նրան ձեռնոց կարող է նետել Լեոնիդ Իլյիչը։

Լինելով հայոց պետականության ողնաշարի՝ Սյունյաց աշխարհի անմնացորդ նվիրյալ և հավատավոր՝ մեր բարեկամը հատկապես ցանկացել է անցնել նժդեհյան ուղով, պայքարել բոլշևիկյան ու թուրքական դաշինքի դեմ, հիշեցնել ոսոխին Նժդեհի ու նրա գաղափարների անսակարկությունը և ոգևորության պոռթկման ծիրում 1992-1993 թթ. նկարահանել է «Արյան հետքերով» գեղարվեստական տեսաֆիլմը։

Նկարահանել է այն ժամանակ, երբ 1991-1995 թթ. սովորում էր Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետում և «Նժդեհյան գայլախումբ» ամենաերիտասարդ ջոկատի գլխում մասնակցում էր Լաչինի, Սաֆյանի, Սվարասիի, Գորիսի և Կապանի սահմանների պաշտպանական մարտերին։ Այդպիսի բազմազբաղ ու բազմապրոֆիլ ճկունությանը նույնիսկ վաղամեռիկ Բոնապարտը կնախանձեր։ 

Հիրավի անձնվիրության ու ունիվերսալության ավելի կարկառուն օրինակ հնարավոր չէ պատկերացնել։ Ուժերի ու նվիրումի ինչպիսի կենտրոնացում ու անմնացորդ հավատ առ հայրենիքդ, որ միաժամանակ իրավաբանություն սովորես՝ ուսյալ հայրենիք ունենալու ոգու կանչով, պատերազմես ամենաթեժ կետերում և, միաժամանակ, սխրանքներդ անմահացնես սեփական ֆիլմով։ 

Գոռ Վարդանյանը հավանաբար անկյունում նյարդային ծխում է, մրցակությունն ու պրոդուկտիվությունն իհարկե մեր տիտանի դեպքում իր օգտին չեն։ 

1970 թ. լավագույնն էր համաշխարհային ֆիլմարտադրության դիտանկյունից։ Այդ թվականին են ծնվել Քրիսթոֆեր Նոլանը և մեր գորիսեցի Անտոնիոնին։ Ծնվելով այդ դժնդակ թվականին, երբ Երևանի կենդանաբանական այգու սիմվոլը՝ Վովա փիղը, փախուստի էր դիմել, իսկ Շառլ դը Գոլը լքում էր երկրային թագավորությունը, նա իր մանկան ճիչով ու ծննդով անմեկնելի հույս ու հավատ տվեց սեփական ժողովրդին, որ փրկիչը ծնվել է, և ինքնիշխանությունն ու Սյունյաց սուվերենությունն այլևս իր ամուր բազուկներում են։ 

Տեղի ծխական դպրոցում կրթությունն ավարտելուց հետո, Ղարաբաղյան շարժման ամենաբախտախնդիր ու առանցքային փուլում, բարեբախտաբար թե դժբախտաբար, գտնվում է հայրենիքից հեռու՝ հավատալով, որ համազգային ճիչն ու կորովը ճիշտ հունով կընթանան։ 

1988-1991 թթ. ծառայում է խորհրդային բանակում՝ Հեռավորարևելյան զինվորական օկրուգի ծովային հետևակում՝ որպես զորամասի հրամանատարի տեղակալ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով։ Ծառայությունից վերադառնալով էլ՝ անմիջապես զինվորագրվում է Ղարաբաղյան պատերազմի կամավորական ջոկատ, բուհագրվում է իրավաբանության ֆակուլտետ և իրեն նվիրում ֆիլմարտադրությանը։ 

Լինելով բազմակողմանի զարգացած, էրուդիտ և ահռելի ներաշխարհի ու էներգիայի կրող՝ մեր հերոսն իրեն լավագույնս է դրսևորում նաև կյանքի այլ ոլորտներում։ 

1991-1995 թթ. եղել է արևելյան մարտարվեստների մարզիչ, 1996-1997 թթ.՝ Սյունիքի մարզային ոստիկանության ուղեկցող խմբի հրամանատար։ 1998 թ. Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եռամսյա ռեժիսորական և պրոդյուսերական դասընթացների և, միաժամանակ ոգևորված Գոռ Վարդանյանի սխրանքով, 1999 թ. Սյունիքում հիմնադրել Սամվել Գևորգյանի անվան «Սյունիք» կինոընկերությունը, շարունակել իր ռազմահայրենասիրական ու կրթամշակութային գործունեությունը։ 

Սանկտպետերբուրգյան այցից տպավորված՝ մեր պատանի Լոմոնոսովը հայրենյաց մարզկենտրոն Կապանում կազմակերպում է հայ-ռուսական բարեկամության 1-ին միջազգային կինոփառատոնը։ Միջազգային կինոքննադատներն ու մամուլի էջերը լռում են իհարկե այդ կինոփառատոնի շռնդալից մեկնարկի մասին, բայց մենք վստահ ենք, որ ինչպես իր մյուս նախաձեռնություններում, սա էլ լավագույնս է կամրջել սյունեցու և համաշխարհային կինոմշակույթի կապը։ 

2002 թ. Սյունիքում հիմնադրել է «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը։ Արդեն հավանաբար տեղյակ եք, որ խոսքը հայկական քաղաքակրթության Սյունյաց ենթամշակույթի գերմանական ճյուղավորման առհավատչյա Խաչիկ Մայիսի Ասրյանի մասին է։ Հայաստանի հանրապետական կուսակցության ու անձամբ Սերժ Սարգսյանի նվիրյալ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի մասին։ Այն նույն Խաչիկ Ասրյանի, որ վերջին Արցախյան պատերազմից հետո պատրաստ էր իր հայրենիքին նվիրաբերել ամենաթանկը և պատերազմել ՆԱՏՕ-ի զորքերի դեմ Դոնբասում։

Հիրավի, «Մովսես Խորենացի» մեդալը, «Գարեգին Նժդեհ» ու «Վազգեն Սարգսյան» հուշամեդալները չէին կարող դատարկ տեղը տրվել և պարգևատրել էին իսկապես հայրենիքի նվիրյալին ու հողեղեն զավակին։

2007-2018 թթ. աշխատելով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում՝ ողջ ընթացքում գովերգում է հայոց արգանդը, որ Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան է ծնել, և վստահեցնում, որ ինքն ու իր «հայոց արծիվները» արմատախիլ կանեն հայու գենի բոլոր թշնամիներին։ 

2018-ի դեկտեմբերին, սակայն, կույր արդարադատության դամոկլյան սուրը կախվեց 45117 կողմնակից ունեցող կուսակցության գլխին։ 

Մեզ հայտնի չէ, թե ինչու հայոց քաղաքական դաշտի Խաչիկյուգենդի առաջնորդը հրաժարվեց երկիրը վերադարձնել ադամական դրախտ՝ հայու գենի ու հայապահպանության ոսկե դարի մտքից, բայց հույս ունենք, որ նա չի հեռանա հանրային Օլիմպոսից և կվերադառնա՝ ունենալով ինքնապաշտամունքի բացառիկ տաղանդ։

«Ընտրակաշառք բաժանողը թուրքի օգտագործած՝ կեղտաջրի մեջ գտնվող պահպանակ է»:

© Խաչիկ Ասրյան

Цитаты великих людей

Վահրամ Թոքմաջյան և ընկերներ

MediaLab.am