«Ես զարմանում եմ, որ այս ժողովուրդը կարողանում է այսքան գոյատևել». Արթուր Իսպիրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ-երգահան Արթուր Իսպիրյանը:

-Պարոն Իսպիրյան, Երևանի կենտրոնում դարձյալ պատմամշակութային հուշարձան է ապամոնտաժվում,  իսկ պայքարի ձայնը փորձում են լռեցնել: Այս օրերին դուք մասնակցում եք Աֆրիկյանների ակումբի տան շենքի ապամոտաժման դեմ անցկացվող ակցիաներին, ի՞նչ պետք է անել:

-Ես, որպես Երևանը սիրող ցանկացած մարդ, բացասական եմ վերաբերվում այս ամենին, որովհետև նման վանդալիզմ չի կարելի անել: Մեր աչքի առաջ են իրենց քանդած բոլոր մշակութային օբյեկտները: Շենքերը քանդեցին, կառուցեցին տգեղ Հյուսիսային պողոտան, աղավաղեցին ամբողջ քաղաքի կենտրոնը: Ամեն մեծ քաղաք ունի իր հին պատմությունը, նոր պատմությունը, բայց իրենք այսօր ջնջում են ամբողջ հին պատմությունը: Պետք է շարունակել պայքարը:

-Կոնկրետ Աֆրիկյանների տունն ապամոնտաժելն ու այդ տարածքն ազատելը ի՞նչ նպատակ է հետապնդում ձեր կարծիքով:

-Իհարկե, դա բիզես նպատակ ունի: Եթե, օրինակ, այնտեղ 16 հարկանի շենք են ուզում կառուցել, իհարկե, պետք է քանդեն հուշարձանը, տարածքը վաճառեն: Եթե հասկանային, որ դա մշակութային արժեք է, պետք է պահպանել, այսպես չէին ավերի քաղաքը, այս վիճակին չէին հասցնեի: Հարյուրավոր նման շենքեր են քանդել, հիմա չենք ուզում, որ այս վերջին կտորը քանդեն: Էլի թող նորացնեին, բայց տեսքը թող պահեին, հնությունը պահեին: Հուշարձանը տեղափոխելով՝ պատմություն չեն պահում:

-Երևանի իշխանությունները խոսում են «Հին Երևան» ծրագրի մասին, թե բոլոր հուշարձանները հավաքելու են մեկ վայրում, սակայն այդ ծրագիրն այդպես էլ կյանքի չի կոչվում: Հավատո՞ւմ եք, որ հնարավոր է իրագործել հուշարձանների կենտրոնացումը մեկ վայրում:

-Ես չեմ հավատում այդ ծրագրին, այդ ծրագիրը խայտառակություն է: Պետք է շատ անգրագետ ճարտարապետ լինես, որպեսզի նման ծրագր իրագործես:

-Պարոն Իսպիրյան, վերջին օրերին նաև մեծ աղմուկ հանեց Զվարթնոցի և Գառնիի տաճարների տարածքում կերուխում կազմակերպելը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հուշարձանների տարածքները վարձակալությամբ մասնավոր ընկերություններին տրամադրելը:

-Քննադատելի աշխատաոճ է դա: Իմ պապերը Գառնիից են, մանկությունս անցել է այդ տաճարում: Ես ինքս գնացել և տեսել եմ, թե ինչպես էին խնջույքի ժամանակ փակել տաճարի տարածքը, ոչ ոքի չէին թողնում: Այդ իրավիճակն անցավ, բայց չպետք է դա դառնա  շարունակական, որ ամեն հարուստ կազմակերպություն, երբ ուզենա, ոնց ուզենա փակի մեր մշակութային օջախները: Կարող են համերգ անել, դա լինի հանրության  համար, բայց ոչ թե կերուխում անեն ու փակեն տաճարը:

-Իսկ ընդունելի՞ է այն պատճառաբանությունը, թե վարձակալության դիմաց տրվող գումարներով տաճարների պահպանությունն է ապահովվում:

-Չգիտեմ, ես դեռ քանդելուց բացի ոչ մի պահպանություն ու կառուցում չեմ տեսել: Դե կապրենք, կտեսնեք: Ամեն դեպքում, անթույլատրելի է հետագայում տաճարների տարածքում նման կորպորատիվ խնճույքներ կազմակերպելը: Ես լսել եմ, որ այդ տաճարների տարածքներում հարսանիքներ էլ են անում, այլ խնջույքներ էլ:

-Մշակույթի նախարարությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել այդ տաճարների տարածքում խնջույքներ կազմակերպելը, այսինքն՝ խստովանո՞ւմ են, որ սխալ են թույլ տվել:

-Իհարկե, դա էլ կա: Կարծում եմ՝ այս դեպքում բարձրացված աղմուկն իր գործն արեց:

-Պարոն Իսպիրյան, այս փուլում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդիրն է  բարձրացել: Այսինքն՝ Հայաստանում հերթական գնաճի ալիքն է սպասվում, ինչպե՞ս եք սա գնահատում:

-Ժողովուրդն իրավունք ունի ընդվզելու, որովհետև ընտանիքների բյուջեների վրա ազդում է այս իրավիճակը: Ամեն ինչ գնալով թանկանում է, օրեցօր թանկացում են: Երբ որ ես դրսից գալիս եմ Հայաստան, տարբերություն չեմ տեսնում այնտեղի և այստեղի գների միջև: Հայաստանում գները հավասարեցվել են եվրոպական երկրների գներին: Թե հյուրանոցներում, թե ռեստորաններում, թե խանութներում գները հավասար են եվրոպական երկրների գներին: Ես զարմանում եմ, որ այս ժողովուրդը կարողանում է այսքան գոյատևել: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում մի խումբ կա, որը մտածում է՝ ինչ անի, որ այս մարդիկ թողնեն գնան, զզվեն ու գնան: Ինչ-որ մի խումբ կա, որը մտածում է միայն վատություն անելու մասին:

-Հերթական թանկացումը կմեծացնի՞ արտագաղթը:

-Ամեն փոքր հիասթափություն կարող է խորացնել արտագաղթն ու աղքատությունը: Այսօր արտագաղթի ավտոբուսները սպասում են մարդկանց: Ես ահավոր տեսարանի ականատես եղա՝ մարդիկ ընտանիքներով արտագաղթում են ու չգիտեն, թե ուր են գնում, ինչի համար են գնում: Այդ մարդիկ չգիտեն, թե ինչ կլինի իրենց հետագա ճակատագրի հետ, իրենց երեխաներին ինչ ճակատագիր է սպասվում: Այսօր մտածում են՝ միայն թե գնան:

Մարի Ներսեսյան

© Medialab.am