Սննդի անվտանգության որ ոլորտը ստուգես՝ համատարած խախտումներ են հայտնաբերվելու բոլոր ոլորտներում. Դավիթ Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր, ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը 

– Պարո՛ն Պիպոյան, մարտի 15 -ին «Հետք»-ում հրապարակված հոդվածի համաձայն՝ 2023 թ. մարտի 2-ին փորձաքննության ներկայացված շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել։ Նման արդյունքը սպասելի՞ էր։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում սննդամթերքի ոլորտում անվտանգային կանոնները որքանո՞վ են պահպանվում, ոլորտի վերահսկողությունը պատշաճ մակարդակո՞վ է իրականացվում։

– Հետազոտության պատկերն ինձ համար ոչ միայն անակնկալ չէր, այլ նաև եթե բոլոր արտադրողների մոտ խախտումներ հայտնաբերվեին, ինձ համար որևէ տարօրինակ բան չէր լինի։ Կարևոր էր, որ ընկերություններից մեկն , օրինակ, արագ արձագանքեց այդ հրապարակմանը, որովհետև դա նշան է, թե արտադրողն ինչպես է վերաբերվում իր սպառողներին ու կոնկրետ ինչպիսի վերաբերմունք ունի իր ապրանքի նկատմամբ։ 

Արձագանքի մեջ, ինչպես տեսանք, նշված էր, ու բոլորս էլ լավ գիտենք, որ Հայաստանում խախտումը միայն մեկ օղակում չի կատարվում, այսինքն՝ մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ կամայական օղակում հնարավոր է սննդամթերքի աղտոտում։ 

Բազմիցս ականատես եմ եղել, որ երբ առավոտյան մատակարարներն ապրանքը բերում են խանութ, աշխատողները հապաղում են դա տեղավորեն սառնարանի մեջ, կամ երբ այսքան հաճախ հոսանքազրկումներ են լինում, պարզ է, չէ՞, որ կաթնամթերքը ջերմային ռեժիմի խախտման հետևանքով որակազրկվելու է։ Ոլորտային խնդիրները բազմաթիվ են ու բազմապիսի, իսկ պատկան մարմինների աշխատանքի արդյունավետությունը տարիներ շարունակ միայն բացասական միտումով է առաջ ընթանում։ 

Ավելին ասեմ՝ պատկան մարմինների վերահսկողությունը միայն ինչ-որ մանր-մունր անհայտ խանութներում ու գործարաններում է կատարվում, երբեք չենք նկատում խոշոր արտադրողի, իրացման ցանցի անուն: Ակնհայտ է, որ դա արվում է աչքակապության համար, որովհետև սննդամթերքի ռիսկայնության առումով, բնական է, ռիսկային է խոշոր արտադրողը։ 

Ինչ վերաբերում է սննդամթերքի անվտանգության ոլորտներին, օրենքը չի գործում, պետական մարմիններն այսօր օրենքի ոտնահարմամբ են աշխատում, արտադրողներն էլ իրենց հերթին են աշխատում օրենքի ոտնահարմամբ։ Մի երկրում, որտեղ պատկան մարմնին կարելի է օրենքի խախտումով աշխատել, ինչո՞ւ չի կարելի դա արտադրողին։ 

Սննդամթերքի անվտանգության օրենսդրությունը Հայաստանում պահանջում է, որ լինեն ռիսկի վրա հիմնված ստուգումներ, իսկ ռիսկերը պետք է գնահատի նշանակված գիտական կենտրոնը, ոչ թե վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը։ Այդ կենտրոնը չկա, 2014 թվականից այդ նշանակումը չկա, այսինքն՝ մեզ մոտ օրենքի խախտմամբ է պետական վերահսկողություն տեղի ունենում։ 

Նույն տրամաբանությամբ էլ տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետեր, համակարգ, որը անվտանգության կառավարման համակարգ է, իրենք էլ դա չեն ներդնում, արդյունքում ունենում ենք օրենսդրություն խախտող պետական մարմին ու տնտեսվարող սուբյեկտ և ոտնահարված իրավունքով հասարակություն։ 

Սա շատ նորմալ է, որովհետև սննդամթերքի ոլորտի անվտանգության խնդիրներն ակնառու են դառնում ու հանրայնացվում բացառապես ԶԼՄ-ների մի քանի նմանատիպ նյութերից հետո, 2-3 օր քննարկումից հետո բոլորը մոռանում են այդ խնդրի մասին։ Ինձ համար սա արդեն տարիների փորձ է։ Մենք՝ որպես այդպիսին, ունենք խնդիր ռիսկի հաղորդակցման հետ, նույն ԶԼՄ-ները դեպքային են անդրադառնում խնդիրներին, ոչ թե համակարգային։ Իսկ աշխարհում չկա մի երկիր, որ դեպքային անդրադարձներով կապահովի համակարգային արդյունք։ 

– Անգամ եթե սիստեմատիկ անդրադառնանք խնդիրներին, կարծում եք՝ դա ինչ-որ արդյունք կտա՞, որովհետև ասացիք, որ պետական մակարդակով չկան այն կառույցները, որոնք պետք է անհրաժեշտ ռիսկերը գնահատեն։

– Կարծում եմ՝ այո՛, որովհետև սպառողն ավելի պահանջատեր կդառնա, բացի այդ, եթե ԶԼՄ-ները մասնակից դառնան նաև այս գործընթացին, անընդհատ բարձրաձայնեն խնդիրների մասին, թակեն պատկան մարմինների դռները, նրանք ուզեն թե չուզեն ի վերջո ինչ-որ լուծում պետք է տան, բայց երբ դա դեպքային է արվում, արդյունք չի լինում։ Մշտական հսկողության պարագայում այլ կլինի։ 

Հավատացեք ինձ, այսօր սննդի անվտանգության ո՛ր ոլորտը ստուգես, համատարած խախտումներ են, որ հայտնաբերվելու են, համատարած, բոլոր ոլորտներում՝ հանրային սնունդ, մսամթերք, կաթնամթերք, որ ոլորտ մտնեք՝ նմանատիպ խախտումների եք բախվելու։ Սննդամթերքի անվտանգության կամայական ոլորտում դուք կարող եք գտնել ձեռնարկություն, որն աշխատում է առանց օրենքի պահանջների պահպանման։ 

– Պարո՛ն Պիպոյան, իսկ նորմա՞լ է, որ լրատվամիջոցը պետք է պատկան մարմիններին ստիպի, որ օրենքով նախատեսված իրենց գործառույթները կատարեն։

– Իհարկե ոչ, ինչի մասին է խոսքը։ Բայց ես պետք է ընդգծեմ հետևյալը, որ հասարակության շրջանում ԶԼՄ-ների պատրաստած նմանատիպ նյութերի հանդեպ մեծ պահանջարկ կա, որովհետև հասարակությունը չի վստահում պետական վերահսկողությանը, այսինքն՝ հասարակությունը կարոտ է մի այսպիսի անկախ հետազոտության, որպեսզի հասկանա, թե ովքեր են բարեխիղճ աշխատում։ 

Որքան պետության կողմից տրված ինֆորմացիան անպիտան է, այնքան այդ կարգի նյութերի պահանջարկը մեծ է լինելու։ Այս պահանջարկը բացառապես խոսում է պետական վատ աշխատանքի մասին, որովհետև եթե լինի գիտական նշանակված կենտրոն, բնականաբար, պետական վերահսկողությունն արդեն ռիսկի վրա հիմնված կլինի, նաև ռիսկի հաղորդակցումը պետության կողմից կլինի ռիսկի վրա հիմնված, որտեղ կլինի գիտական կենտրոն, որը կապահովի պատշաճ ու թափանցիկ տեղեկատվություն, ու դրանից հետո, բնականաբար, նմանատիպ նյութերի անհրաժեշտություն անգամ չի լինի։

– Սպառողները տեղեկանալուց հետո, թե ինչ որակի սննդամթերք են սպառում, ի՞նչ պետք է անեն, որպեսզի քիչ թե շատ անվտանգ սնունդ սկսեն սպառել։

– Շատ հաճախ են ինձ հարցնում, ու շատ ժամանակ ես մի շարք ոլորտների համար չեմ կարողանում պատշաճ տնտեսվարողի անուն տալ, քանի որ մեր տնտեսվարողները հետևողական չեն ու չեն կարողանում որակ ապահովել, ես երբևէ չեմ դիմի նման ռիսկի՝ տալ որևէ տնտեսվարողի անուն։ Մինչև չլինի միջազգային չափորոշիչներին համահունչ ռիսկի կառավարման համակարգի ներդրումը, մինչև տնտեսվարողը չկարողանա դաշտից մինչև պատառաքաղ ապահովել ողջ շղթայի անվտանգությունը, ես ո՛չ իմ հարազատին, ո՛չ ծանոթին խորհուրդ չեմ տալու։

– Պետությունն ինչո՞ւ չի անում անհրաժեշտ քայլը, չունե՞նք բավարար ռեսուրս։

– Նախ՝ պատկան մարմինների արդյունավետության համար ինձ համար կարևոր չափանիշ են մասնագիտական գիտելիքն ու որակը, երկրորդը՝ քաղաքական կամքը։ Սննդամթերքի անվտանգության ոլորտում Հայաստանում, ցավոք սրտի, շատ քիչ են պրոֆեսիոնալ մասնագետները, երկու ձեռքի վրա կարող եք հաշվել սննդամթերքի անվտանգության ոլորտի լավագույն մասնագետներին մեր երկրում։ Պետությունը պետք է գործուն քայլեր իրականացնի կադրային ներուժի հետ կապված։ 

– ՀՀ քաղաքացին ի՞նչ աստիճանի վտանգավորության սնունդ է օգտագործում։

– Հայաստանում, ինչպես արդեն ասացի, այս ոլորտում բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներ կան՝ և՛ մանրէաբանական, և՛ քիմիական, և հնարավոր չէ մեկ հարցազրույցի շրջանակում այդ մասին խոսել։ Միայն անցած տարվա մեր հրապարակումները ձեզ բավարար են մեկ տարվա նյութ պատրաստելու համար, որովհետև մեր հետազոտություններն իրականացվել են անասնաբուժական դեղամիջոցների ապօրինի գործածության ոլորտում, ծանր մետաղների ոլորտում, սնուցման ոլորտում, ամեն տեղ մենք խնդիր ենք բացահայտել, ամեն տեղ։ 

Բայց երբ չկա համակարգային լուծում, անգամ մեր հետազոտությունները չեն կարող արդյունք ապահովել, եթե գործուն քայլեր չձեռնարկվեն համակարգային լուծումներ ապահովելու համար։ Գալով բուն հարցին՝ ամեն ինչ կախված է այն քանակներից, որքան մենք օգտագործում ենք, մասնավորապես, քիմիական վտանգների առումով, որքան սննդակարգը հավասարակշռված ու դիվերսիֆիկացված է, այնքան քիմիական ռիսկերի առումով վտանգներն ավելի քիչ են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am