«ԲՀԿ-ն պետք է կոշտ հակահարված տա». Ըստ վերլուծաբանների` Օսկանյանի գործը կազդի իշխանությունների վարկանիշի վրա

«ԲՀԿ-ն պետք է կոշտ հակահարված տա». Ըստ վերլուծաբանների` Օսկանյանի գործը կազդի իշխանությունների վարկանիշի վրա
«ԲՀԿ-ն պետք է կոշտ հակահարված տա». Ըստ վերլուծաբանների` Օսկանյանի գործը կազդի իշխանությունների վարկանիշի վրա

Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի` Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը, ըստ քաղաքական վերլուծաբանների, միանշանակորեն կազդի իշխանություների վարկանիշի անկման վրա:
Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է «հանցավոր ճանապարհով ստացվածեկամուտներն օրինականացնելը»՝ փողերի լվացում: Ի պատասխան` Օսկանյանն հայտարարել է, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Դատախազի ԱԺ-ում հայտնվելը, քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը ուղղակիրոեն կապում է առաջիկա նախագահական ընտրությունների հետ:
«Իշխանության կողմից փորձ է արվում ճնշելու ԲՀԿ-ին` նախագահական ընտրություններին ընդառաջ»,-ասում է Բոզոյանը`«Մեդիալաբին»: :
Հաշված ամիսներ անց մեկնարկող նախագահական ընտրություններից առաջ, ենթադրաբար հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Թուլացող ընդդիմության ֆոնին, որի հանդեպ ի տարբերություն նախորդ ընտրություններին հասարակության հետաքրքրությունը զգալի նվազել է, ԲՀԿ-ն փորձում է տարբեր հնարքներով ընդդիմադիր դաշտում շահավետ դիրք զբաղեցնել:

Թեեւ շատերը համոզված էին, որ ԲՀԿ-ՀՀԿ «ամուսնությունն» անխուսափելի է, սակայն Գագիկ Ծառուկյանը մայիսի 24-ին  հայտարարեց, որ «կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը» եւ որ ինքը պատրաստ է ունենալ, կորուստներ, «սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու է»:

Հայտարարությունից հետո, Ծառուկյանը երկրորդ անակնկալը մատուցեց. մայիսի 31-ին ներկա չգտնվելով հինգերորդ գումարման ԱԺ հանդիսավոր առաջին նիստին, որը բացատրվեց նրա «շատ զբաղված լինելով»:

ԲՀԿ-ի իշխանական կոալիցիա չմտնելը, ՀՀԿ վարած քաղաքականությունը երբեմն քննադատելը, ինչպես նաեւ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված աղմկահարույց պատմությունը, Գագիկ Ծառուկյանի թիմին կարծես սկսում են ընդդիմադիր երանգներ են հաղորդում:

Այդ մասին, չնայած հավաստիության հանդեպ շատերի թերահավատությանը, սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաեւ հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ նշելով, որ ՀՀ-ում ընտրողների ընդդիմադիր հատվածի 30,4%-ը ՀՀ նախագահի թեկնածու է տեսնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Հարցվածների 10,1%-ն ասել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու է տեսնում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 8,7%-ը՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, 4%-ը՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին»,-ասել է Ադիբեկյանը՝ նշելով, որ հարցումներն անց են կացվել Հայաստանի բոլոր մարզերի 1650 ընտրողների շրջանում։

Չանդրադառնալով Ադիբեկյանի ուսումնասիրությանը, քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանն ասում է, որ իշխանությունների պահվածքը ԲՀԿ հանդեպ «հստակեցավ» հենց մայիսին, երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ կոալիցիա չի կազմելու իշխանության հետ, իսկ «իշխանությունը քրեական գործ հարուցեց Օսկանյանի դեմ եւ միանգամից գնաց նման քայլի»:

«Սա ապացուցում է, որ լուրջ բարեփոխումներ իշխանության կողմից չեն լինելու եւ եթե նրանք խոսում են, որ պատրաստ են բաց գործել ու գնում են դեպի եվրոինտեգրման, ապա ընդհանրապես նրանց արած գործերը չեն համապատասխանում իրենց խոսքին»,-ասում է Բոզոյանը «Մեդիալաբին»:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ եթե անգամ ընդունենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ կապված պատմությունը ճիշտ է, ապա այն կոռուպցիայի 0,0001 տոկոսն էլ չի կազմում մեր երկրում գոյություն ունեցող այն կոռուպցիոն երեւույթների, որտեղ կան հանրապետականները կամ նախագահի միջնորդությամբ նշանակված չինովնիկները:

«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես կառավարության հետ վերջին խորհրդաժողովում նշել էր նախագահ Սերժ Սարգսյանը, պետք է սկսել՝ բռնելով կոռուպցիայի գլխից: Օսկանյանի այս դեպքից հետո հասարակության մի մասի մոտ հարց է առաջանում, թե արդյո՞ք Օսկանյանը կոռուպցիայի գլուխն է, որ պետք է քրեական գործ հարուցել նրա դեմ, հետապնդել ինչ-ինչ գորոծողություններով ու փորձել ճնշել: Այս առումով հասարակության կողմից միայն բացասական վերաբերմունք կլինի իշխանությունների հանդեպ»,-ասում է Բադալյանը «Մեդիալաբին»:

Այս դեպքում, ըստ Բադալյանի, ԲՀԿ-ի վարկանիշը կբարձրանա, եթե նա ճիշտ արձագանքներ տա այս ամենին ու գործողություններով հանդես գա:

«ԲՀԿ-ն պետք է կոշտ հակահարված տա դատախազության այդ քայլին, որպեսզի իր վարկանիշը բարձրանա: Այլապես նրա ընտրազանգվածը կմտածի, եթե նա չի կարողանում պաշտպանել իր ցուցակում 2-րդ համարում գրանցված թեկնածուին, ապա մեր շահերն ի՞նչպես է պաշտպանելու»,-ասում է Բադալյանը:

Փորձագետը հավելում է, որ անկախ նրանից ԲՀԿ-ի վարկանիշը կընկնի, թե կբարձրանա, չի կարող կապ ունենալ գալիք նախագահական ընտրությունների հետ. «Քանի որ նախագահական ընտրություններին անցնելու է այն թեկնածուն, որը ճիշտ կընկալվի աշխարհաքաղաքական ուժերի կողմից»:

© Medialab.am