Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆելդը կայցելի Հայաստան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Նորվեգիայի կառավարության կայքը:

Աննիկեն Հյուիթֆիլդը հանդիպումներ կունանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

«Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարը Հայաստանում կլինի երկրի համար դժվար ժամանակներում։ Տարածաշրջանում լարվածությունը բարձր է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության, այնպես էլ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով։ Իր ելույթներում տիկին Հյուիթֆելդը ուշադրությունը կկենտրոնացնի Հայաստանի հետ Նորվեգիայի համերաշխության վրա և կուսումնասիրի այն ուղիները, որոնց միջոցով Նորվեգիան կարող է աջակցել կարևոր բարեփոխումներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստան այցի ընթացքում  Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք՝ ի թիվս այլ խնդիրների, աշխատում են խոսքի ազատության և մարդու իրավունքների առաջխաղացման ուղղությամբ:

Մինչ Հայաստան ժամանելը Նորվեգիայի ԱԳ նախարարի կայցելի նաև Վրաստան։