Իրավիճակը շատ բարդ է, ու շատ կազմակերպություններ, բառիս բուն իմաստով, վախենում են թարմ ապրանք տեղափոխել.  Երվանդ Թարվերդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, տնտեսական֊քաղաքական գործիչ Երվանդ Թարվերդյանը

– Պարո՛ն Թարվերդյան, դոլարի ու եվրոյի արժեզրկումն ու դրան զուգահեռ դրամի արժևորումն ի՞նչ ազդեցություն են ունեցել բիզնեսի վրա:

– Դրամի արժևորումը վտանգավոր է ներքին արտադրության համար, քանի որ ապրանքը դառնում է ավելի քիչ մրցունակ, այսինքն՝ ապրանքի ինքնարժեքը արտարժույթով ավտոմատ բարձրանում է, բոլոր ծախսերն իրականացնում ենք դրամով: 

Կա նաև մեկ այլ խնդիր, եթե ռուս-ուկրաինական այդ հայտնի դեպքերից սկսած ռուսական ռուբլու փոխարժեքն էր նվազում, ու ֆիքսված էին մնում ԱՄՆ դոլարն ու եվրոն, այդ ժամանակ մեր տնտեսությունն ավելի շատ էր տուժում, որովհետև մեր արտադրանքի մեծ մասն իրացվում է Ռուսաստանում, այսինքն՝ արտահանման հիմնական շուկայի արտարժույթը անկայուն էր: Այսօր Ռուսաստանում անուղղակի ռուբլին արժևորվում է, այսինքն՝ դոլար-ռուբլի հարաբերությունում տատանումներ են, մեզանում զուգահեռ նույն տատանումն է իրականացվում: 

Եթե հումքը ներկրվում է ԱՊՀ անդամ պետություններից դուրս երկրներից, այդ պարագայում հումքի ինքնարժեքն էժանանում է, սակայն մեր տնտեսական գործիչները՝ ձեռնարկատիրությամբ զբաղվողները, արդեն վախենում են, որովհետև չեն հասկանում՝ կայուն փոխարժեք լինելո՞ւ է, թե՞ չէ: 

Շատ դեպքերում նկատում ենք, որ դոլարն ու եվրոն արժեզրկվում են, բայց գները չեն իջնում, ընդհակառակը՝ գնաճ է: Աշխարհում իրականացվում է արտարժութային գնաճ, օրինակ՝ ԱՄՆ-ում բենզինի մեկ լիտրը մոտ երկու դոլարի շեմն անցել է, շուրջ երկու կամ ավելի անգամ թանկացել է, Եվրոպայում նույն վիճակն է, գազը ևս թանկացել է: 

Երբ էներգակիրները թանկանում են, այդ երկրներում պատրաստի արտադրանքի ինքնարժեքն ավտոմատ բարձրանում է, այսինքն՝ մեր պետություն ներմուծվող ապրանքները արտարժույթով ավելի շատ են թանկացել, քան մեզ մոտ արտարժույթն արժեզրկվել է: Առաջին հայացքից ներմուծվող ապրանքի ինքնարժեքը պետք է իջներ, քանի որ արտարժույթի փոխարժեքն իջել է, բայց իրականում ինքնարժեքն ավելի բարձր է լինում:

– Այսինքն՝ արտարժույթի փոխարժեքի տատանումները ազդել են և՛ արտահանման, և՛ ներմուծման գործընթացի վրա՞:

– Ցանկացած տատանում բացասաբար է ազդում տնտեսության ու ձեռնարկատիրության վրա, որովհետև բիզնեսմենը սովորաբար իրականացնում է հաշվարկներ ինչ-որ շահույթ ստանալու նպատակով, չգիտի՝ վաղը վճարումներ կատարելու համար եվրոն կամ դոլարը թանկանալո՞ւ է, թե՞ էժանանալու: 

Բնակչությունն էլ այս ամենի հետևանքով անընդհատ տեսնում է տատանվող գներ: Բիզնեսմենն ինչո՞վ պետք է ապահովագրված լինի, երբ մեր պետության վարած ֆինանսավարկային քաղաքականությունը չի կարողանում ապահովել կայունություն, որովհետև մեր տնտեսությունը անմիջական կախված է դրսի տնտեսություններից ու այնտեղ տեղի ունեցող տատանումներից:

– Պարո՛ն Թարվերդյան, փաստորեն դրամի արժևորումը ևս բացասական ազդեցությո՞ւն է ունենում բիզնես ոլորտի վրա:

– Միանշանակ, սեփական արտադրության վրա բացասական է ազդում դրամի արժևորումը: Շատ պետություններ անգամ իրենց ֆինանսավարկային քաղաքականության արդյունքում արժեզրկում են իրենց ազգային արժույթը, որպեսզի ապրանքի ինքնարժեքը այլ պետությունների արտարժույթներում ավելի փոքր լինի, որ իրենց պետությունում արտադրվող ապրանքները մրցունակ լինեն: 

– Իսկ պետությունը հիմա կարո՞ղ է այնպես անել, որ դրամն այսքան չարժևորվի, որպեսզի ձեր նշած խնդիրներին չառնչվի բիզնես ոլորտը:

– Կոնկրետ դեպքում պետությունը պետք է շուկայից ձեռք բերի արտարժույթ, որպեսզի դոլարն արժևորվի, բայց պետությունը եթե շատ էլ ցանկանա՝ իրեն չի կարող թույլ տալ նման մեծ քանակությամբ արտարժույթ ձեռք բերել, որովհետև սա գործընթաց է, որն ինչ-որ տեղ կապված է ռուսական ռուբլու արժևորման հետ, ոչ թե ցնցումային ինչ-որ իրավիճակ, որը մեկ-երկու օր կարող է տևել: Քանի որ մեր տնտեսությունը բավականին փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ, մեր արժույթը նույնպես արժևորվում է:

– Արտարժույթի փոխարժեքի տատանումներով պայմանավորված՝ արտահանման գործընթացն այսօր ի՞նչ վիճակում է:

– Գյուղմթերքի, սպիրտային խմիչքների մեծ մասը գնում է Ռուսաստան, իսկ հանքարդյունաբերությունը՝ այլ երկրներ, ու այստեղ մենք տուժում ենք, քանի որ իրացումը կատարվում է եվրոյով կամ դոլարով, ու ստացված եկամուտը՝ դրամային տեսքով արտահայտված ավելի, ցածր է: 

ՏՏ ոլորտում, որտեղ հիմնական պատվիրատուները ամերիկյան ու եվրոպական պետություններն են ու արաբական աշխարհը, ամբողջ գումարը ստացվում է արտարժույթով, և մեր ծրագրավորողների դրամային տեսքով արտահայտված եկամուտը մոտ 17-20%-ով նվազել է, միևնույն ժամանակ այդքան մասով նվազել են այդ անձանց վճարվելիք կամ վճարվող հարկերը: 

Եթե դիտարկենք գյուղմթերքը, մասնավորապես, թարմ մրգերը, ապա մենք մայիս ամսից, երբ եվրոպական տրանսպորտային ամբողջ հոսքը՝ կապված ռուս-ուկրաինական խնդրի հետ, տեղափոխվեց Վրաստան, որտեղ ահռելի կուտակումներ են, ու ամեն օր լսում ենք, որ խնդիրը շուտով կկարգավորվի, բայց իրավիճակը շատ բարդ է, ու շատ կազմակերպություններ, բառիս բուն իմաստով, վախենում են թարմ ապրանք տեղափոխել Վրաստանի տարածքով, քանի որ թարմ ապրանքը, այդ թվում՝ ծիրանը, որը հենց այս շաբաթից, ամենայն հավանականությամբ, սկսելու են մասսայական քաղել, մեծ տրանսպորտային միջոցներով շատ ռիսկային է արտահանել: 

Եթե ավտոտրանսպորտը Վրաստանի տարածքը 15-20, որոշ դեպքերում՝ ավելի երկար ժամանակ է անցնում, ապա այդ ապրանքը կորցնում է իր որակն ու տեսքը: Ամեն օր սպասում ենք, որ լաստանավը գործարկվի, բայց եթե անգամ գործարկվի, ապա երկու լաստանավ չի կարող մեկ կամ երկու ամսում ապահովել 30 կամ ավելի հազար տոննա ծիրանի արտահանումը: Շատ մեծ վտանգի առաջ ենք կանգնած հայկական մրգերի արտահանման մասով, որովհետև ավտոտրանսպորտային միջոցը չի կարող Վրաստանի տարածքը հատել այնքան ժամանակում, որպեսզի այդ ապրանքը նորմալ տեսքով ու որակով հասցվի Ռուսաստան: 

– Պարո՛ն Թարվերդյան, եթե արտարժույթի փոխարժեքի այսօրվա վիճակը մոտավորապես մեկ ամիս էլ այսպես պահպանվի, ի՞նչ վիճակ կլինի:

– Ժողովրդական մի լավ խոսք կա, ասում է՝ դաժան ավարտը անավարտ դաժանությունից լավ է: Որ փուլում էլ կանգնի արտարժույթը, մեզ համար շատ կարևոր է, որ դա ֆիքսվի, ու տատանումները լինեն փոքր կարգի, ենթադրենք՝ 1 տոկոս: Բնականաբար, եթե շարունակվի, ավելի վատ վիճակում կհայտնվի ոչ միայն բիզնեսը, այլ նաև պետությունը: Սովորական քաղաքացին էլ այդ ամենի հետևանքները կզգա ապրանքների թանկացումների տեսքով: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am