Եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու քարոզարշավը, կընդհատենք. Փաշինյանը՝ կորոնավիրուսի առնչությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն այս պահին շարունակվում է, քանի որ այն ընդհատելու անհրաժեշտություն չկա, եթե կորոնավիրուսով պայմանավորված լինի անհրաժեշտություն, կընդհատեն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Ջերմուկում լրագրողների հետ զրույցում:

«Եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը: Այս պահին ինչ խնդիր կա, ես երեկ երեկոյան ներկայացրել եմ»,-վստահեցրեց Փաշինյանը ու նշեց՝ եթե լինի ավելի մեծ ռիսկ, այդ մասին կհայտարարվի:
Նա նշեց՝ հիմա այդ անձանց հետ շփված բոլոր մարդկանց շրջանակը պարզվում է, և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:
«Ընդ որում, կարող են լինել մարդիկ, որ կմեկուսացվեն «Գոլդեն փելես»-ում, բայց կարող են լինել մարդիկ, որոնց որոշ հանգամանքներից ելնելով խնդրենք մեկուսանան իրենց տանը»,-ասաց նա:

Հարցին, թե քարոզարշավը շարունակվելու է, նա ասաց՝ ինչպես տեսնում եք, շարունակվում է: «Եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու, կընդհատենք: Քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն նման անհրաժեշտություն չկա»,-ասաց Փաշինյանը:

Մարտի 11-ին Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի 3 հաստատված դեպք: 1 դեպք գրանցվել էր մարտի 1-ին: Դեպքերը չորսն են, կարանտինի մեջ գտնվող անձինք՝ 41-ը: