Հետհեղափոխական իրականության մեջ որևէ թափուր պաշտոնի մրցույթ կոնկրետ անձի համար չի հայտարարվում․ Ռոմանոս Պետրոսյանը եղել է Հիդրոօդերևութաբանության կենտրոնում

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Նա իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդիպում և առարկայական քննարկում է ծավալվել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Ծանոթացել է կենտրոնի գործունեությանը և առկա խնդիրներին։

«Արձանագրեցինք, որ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ՝ սկսած շենքային պայմանների բարելավումից, կառավարման մշակույթի փոփոխությունից մինչև մասնագիտական գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար տեխնիկական վերազինման, կադրերի վերապատրաստման, նորարական գործիքակազմի ներմուծման անհրաժեշտություն։

➡️Քննարկեցինք ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարները։

Խոսելով կադրային քաղաքականությանից՝ ևս մեկ անգամ վստահեցրի, որ հետհեղափոխական իրականության մեջ որևէ թափուր պաշտոնի մրցույթ կոնկրետ անձի համար չի հայտարարվում․ բոլոր թափուր հաստիքները պետք է զբաղեցնեն կոմպետենտ, բանիմաց ու գրագետ մասնագետներ, իսկ ստորին օղակի լավագույն մասնագետներն առաջխաղացման ու ինքնադրսևորման հնարավորություն ստանան ։

➡️Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների գործունեության հիմքում պետք է լինի բացառապես Հայաստանի Հանրապետության շահը և տվյալ կառույցի դերի ու քաղաքական կշռի բարձրացումը պետական կառավարման համակարգում։ Դա հնարավոր է միայն ոլորտի ճիշտ կառավարման, վճռական որոշումների կայացման ու շրջադարձային գործելաոճի արդյունքում։

➡️Ինչպես նախորդ կառույցներում հանդիպումներիս ժամանակ, այնպես էլ այսօր, գործընկերներիս հորդորեցի հստակ ձևակերպել խնդիրները, գույքագրել, ըստ առաջնահերթության տեսակավորել և ինստիտուցիոնալ ու աշխատանքային անձնական խողովակներով վեր հանել դրանք։

Կարճաժամկետ տեսանելի ապագայում մեր գլխավոր անելիքն է այսրոպեական միջամտություն պահանջող խնդիրների լուծմանը զուգահեռ ՊՈԱԿ-ի կայուն զարգացման համար նախադրյալներ ապահովել։

Համագործակցության կոչ արեցի՝ ամենակրտսեր մասնագետից մինչև ստորաբաժանման ղեկավար, միասին լծվել ոլորտում մեր տեսլականին համահունչ բարեփոխումների իրականացմանը։

Շրջակա միջավայրի բոլոր ենթաոլորտներում օր առաջ պետք է խորքային բարեփոխումների գործընթացներ մեկնարկեն։

Ի գո՛րծ», -գրել է նա։