«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը
– Պարո՛ն Ղուկասյան, թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ժամանել են Հայաստան, հարցազրույցներ վարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, ու, ինչպես նշեցին որոշ լրատվամիջոցներ, նրանց այցը Հայաստան տեղի է ունեցել մեր պետական բյուջեի հաշվին: Ինչպե՞ս եք գնահատում այս այցը այն համատեքստում, որ տվյալ երկրի հետ չկա դիվանագիտական նորմալ հարաբերություն, ու պետք չէ՞ր նախապես հայ հանրությանը տեղեկացնել այդ այցի մասին, որովհետև այցը կազմակերպվել է ՀՀ պետական միջոցներով:
– Նախևառաջ ցանկանում եմ ասել, որ իրավապաշտպան կազմակերպությունները խոսքի ազատության տեսանկյունից Թուրքիան համարում են ոչ ազատ, այսինքն՝ եթե թուրք լրագրողները եկել են Հայաստան՝ եկել են իրենց իշխանությունների թույլտվությամբ, ես կարծում եմ, որ նախաձեռնությունը գալիս է Անկարայից:
Եթե նկատել եք՝ այսօր Թուրքիայում տեղի են ունենում արմատական փոփոխություններ, մասնավորապես՝ Քրդերի բանվորական կուսակցության առաջնորդը հրապարակայնորեն դիմեց իր կողմնակիցներին, որ դադարեցնեն պայքար Թուրքիայի դեմ: Թուրքիայի ներսում, ըստ էության, տասնյակ տարիներ ընթանում էր քաղաքացիական պատերազմը, որը հիմա, տեսնում ենք, Թուրքիայի իշխանությունները ցանկանում են ավարտել:
Որպես երկրորդ քայլ տեսնում ենք, որ փորձում են Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել, հասկանալի է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը Հայաստան նպատակ ունի Թուրքիայում առաջացնել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու վերաբերյալ ներքին դիսկուրս:
Ես կարծում եմ, որ այդ երկու հարցը՝ հայկական ու քրդական, Թուրքիայի համար միշտ եղել են կարևոր ու գլխավոր խոչընդոտն են եղել, որ Թուրքիան դադարեցրեց Եվրամիությանն ինտեգրման իր գործընթացը: Հիմա տեսնում ենք, որ Թուրքիան կարծես փորձում է վերացնել այդ խոչընդոտները, որոնք իրեն խանգարում էին ԵՄ-ի հետ ավելի ամուր հարաբերություններ ունենալ կամ նույնիսկ դառնալ ԵՄ անդամ պետություն: Վերջին տարիներին կար ձևավորված կարծիք, որ Թուրքիայի համար Եվրամիության դուռն առհասարակ փակ է:
Այս փոփոխությունները, որ նկարագրեցի, վկայում են, որ այդ հարցում տեղի է ունենում ինչ-որ մի լուրջ փոփոխություն, ու չի բացառվում, որ հաջորդ քայլը մենք կտեսնենք Թուրքիայի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավման փորձեր:
Հայաստանի իշխանություններն այնպիսի իրավիճակում են, որ իրենց համար Թուրքիան դիտարկվում է կարևոր պետություն, նրանք հույսեր ունեն Թուրքիայի միջոցով Ադրբեջանի հետ հասնել խաղաղության պայմանագրի կնքման ու կողմնակից են «3+3», այսինքն՝ առանց ԵՄ-ի Հարավային Կովկասի քաղաքական ապագային:
Իհարկե, սա մեծ կարևորություն ունեցող իրադարձություն էր, որ Թուրքիայի կառավարությունը որոշեց իր մեդիաների ներկայացուցիչներին ուղարկել Հայաստան՝ լուսաբանելու Հայաստանի իշխանության դիրքորոշումները:
Ինչ վերաբերում է նախապես հանրությանը իրազեկելուն. Փաշինյանի արտաքին քաղաքական կուրսը, որն այս վերջին տարիներին տեսնում ենք, կարճ կարելի է ձևակերպել այսպես՝ ժխտել Ցեղասպանությունը, մերժել Արցախի ինքնորոշման իրավունքը:
Այսօրվա իշխող ուժի արտաքին քաղաքականության մեջ գլխավոր վեկտորը թուրքամետ քաղաքականությունն է, ինչը լավ չի դիտվում Հայաստանի ներսում, հարցումները ցույց են տալիս, որ իշխող ուժը կորցնում է իր կողմնակիցներին: Դրա համար էլ նախապես չեն տեղեկացնում իրենց քայլերի մասին, այլ ընտրել են մարդկանց փաստի առաջ կանգնեցնելու ռազմավարությունը:
– Ձեր գնահատմամբ՝ Թուրքիան իսկապե՞ս ուզում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել:
– Այնպիսի միջազգային իրավիճակ է ստեղծվել, որ Արևմուտքի հետ իր կոնֆլիկտում Ռուսաստանը հավանաբար գալիս է պարտության, ստիպված է լինելու համաձայնել կրճատել միջուկային զենքը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից, ու Թուրքիան, հավանաբար, Ռուսաստանը որպես ԵՄ-ին ալտերնատիվ չի դիտարկում, նաև ԱՄՆ-ի հետ հակասող շահեր ունի Սիրիայում: Նման դրության մեջ, թերևս, ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավումը Թուրքիայի համար միակ հնարավոր ռազմավարությունն է: Ու դրանով է պայմանավորված այն շրջադարձը, որը տեսնում ենք Թուրքիայում:
– Իսկ հույսը, որ ասացիք, թե Հայաստանի իշխանությունը ուզում է Թուրքիայի օգնությամբ կնքել պայմանագիր, կարդարացվի՞, որովհետև մենք գիտենք, թե Թուրքիան ի՞նչ բովանդակությամբ պայմանագիր է ուզում կնքել, դրա մասին իրենք բազմիցս բացահայտ ասել են, պարո՛ն Ղուկասյան:
– Հայաստանն այստեղ միայնակ չէ, ԵՄ-ն ու եվրոպական պետությունները դեմ են, որ Հայաստանը Բաքվի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքի: Ես չեմ կարծում, թե Թուրքիան կարող է պայմաններ թելադրել ԵՄ-ին, նրա հույսը Կովկասում Ռուսաստանն էր, որ հնարավոր կլինի Ռուսաստան-Իրան ինչ-որ հակակշիռ ստեղծել ԵՄ-ին: Եթե հիմա Ռուսաստանը ինչ-ինչ զիջումների է գնում, հավանաբար Թուրքիայի համար դա այն իրողությունն է, որ Թուրքիայի համար ԵՄ-ին հակակշիռ պարզապես չկա, ու դա ազդում է Թուրքիայի քաղաքականության վրա:
Ես կարծում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հարցում նրանք չեն կարող իրենց պայմաններն առաջ տանել: Որքան էլ Փաշինյանը նման ցանկություն ունենա ու տրամադրված լինի դրան, այնուամենայնիվ ԵՄ-ն իր շահերն է տարածաշրջանում առաջ տանում ու մտադիր է Հայաստանն ու Վրաստանը ընդգրկել Եվրամիության կազմում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















