«Եթե իրենց հարցումներով հաղթում են, բա ինչի՞ են ընտրակաշառք բաժանում». Ալեն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը

-Այսօր հրապարակվել են «Գելափի» հարցման արդյունքները, ըստ որոնց առաջատարը Քոչարյանի գլխավորած դաշինքն է 28,7 տոկոսով, իսկ ՔՊ-ի վարկանիշը 25,2 տոկոս է: Ինչպե՞ս եք գնահատում այս արդյունքները:

-Դա նախատեսված քաղտեխնոլոգիա է, որ սկզբիցցույց են տալիս մի բան, հետո գնալով փոխվում է, ևընտրություններից առաջ լրիվ այլ տվյալ է ներկայացվում:

Ակնհայտ է, որ դա իրականությանը չի համապատասխանում: «Գելափի» ղեկավարի ջղաձգումները՝ իմ անվան հետ կապված, ևս դրա մեկ ապացույցն են: Խորհուրդ կտամ՝ ինքը հանգիստ նստի իր տեղը: 

-Կարծում եք՝ սա երկրորդ նախագահի կողմից իջեցված պատվե՞ր է:

-Սա քաղտեխնոլոգիա, և մեզ նույնպես նման բան առաջարկվել է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առաջարկվել է նման տեխնոլոգիա կիրառել, և ՔՊ-ն նման աշխատաոճը մերժել է: 

-Կարծում եք՝ այս հարցումներն իրականության հետ ոչ մի աղերս չունե՞ն: Ձեր տպավորությամբ՝«Քաղաքացիական պայմանագիրն» առաջատա՞ր է լինելու:

-«Քաղաքացիական պայմանագիրը» առնվազն 2-3 անգամ ավելի շատ ձայն է հավաքելու, քան երկրորդ տեղը գրաված ուժը: Թող իրենք իրենց երազախաբությամբ ապրեն: 

-Ընտրակաշառքների մեխանիզմը, որն այս անգամ ևս գործի դրվեց ընդդիմության կողմից, կարծում եք՝ որևէ դերակատարում չի՞ ունենալու ընտրության արդյունքների վրա:

-Նախ՝ ինքնին հարց է, թե այդ ինչպե՛ս է լինում, որ ընդդիմությունն ընտրակաշառք է բաժանում, այն պարագայում, երբ իշխանություններին մեղադրում էր ընտրությունները կեղծելու մեջ:

Արդեն ակնհայտ է, որ նման ձևերով են փորձելու թվեր ապահովել: Բա եթե իրենց հարցումներով իրենք հաղթում են, ընտրակաշառքի իմաստը ո՞րն է: Բա ինչի՞ են ընտրակաշառք բաժանում, եթե «Գելափի» մեկ այլ կազմակերպության հարցումներով հաղթում են:

Տեսնում ենք, որ իրենք էլ չեն հավատում իրենց այդ հարցումներին: Մեր իրավապահները զբաղվում են ընտրակաշառքի դեպքերով, և մեծ թվով մեղադրյալներ ենք ունենալու: Նոր փոփոխություններով՝ դա բավականին մեծ պատիժ է ենթադրում՝ մինչև 7 տարվա ազատազրկում: Այնպես որ, նրանց վիճակը լավ չի լինելու: 

-Ընդդիմադիրները հայտարարում են հետընտրական բախումների հավանականության մասին: Իշխանությունն այս առումով հաշվարկներ արե՞լ է:

-Բախումների գնացողների՞ն էլ պետք է փողով բերեն, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կամ որևէայլ կենտրոնի, կամ «Գազպրոմի», կամ որևէ այլ տեղերից աշխատողներին պետք է ստիպողաբա՞ր բերեն բախումների:

Մի անգամ փորձեցին, էլի,նոյեմբերի 9-ից հետո, տեսանք՝ ինչ ստացվեց: Այնպես որ, թող իրենք իրենց հույս չտան: Ընտրությունների տվյալները կլինեն, և մենք կգնանք առաջ:

Եթե ինչ-որ մարդկանց կթվա, որ իրենք կարող են օրենքից դուրս ինչ-որ գործողություններ անել, այդ ժամանակ արդեն օրենքի պատասխանը շատ-շատ լուրջ զգալու են: 

-Այսօր քարոզարշավի վերջին օրն է: Դուք կարծում եք, որ իշխող թիմը 50 տոկոսից ավելի ձա՞յն է ստանալու: Շատերը երեկվա ձեր հանրահավաքը համեմատում էին 2018-ի հանրահավաքների հետ և նկատում, որ երեկ ավելի սակավամարդ էր հրապարակը:

-Այդ փնտրտուքը թող բոլորը դադարեցնեն: Հայաստանում գործող իշխանությունը ունի բացարձակ մեծամասնություն, այլ կարծիք չկա: Այլ կարծիքը թրենդ է, որը փորձում են ձևավորել՝կողքիններին հույս տալու համար: Մեկին գումար են խոսք տալիս, մյուսին խոստանում են վարկը փակել, մեկին պաշտոն են խոստանում:

Այդպես շահագրգռում են, թե չէ ո՞վ է գնալու անիմաստ տեղը պայքարի, առավելևս, եթե այդտեղ գաղափար չկա: Դրա համար ամեն մեկին մի բան խոսք են տալիս:

-Կարեն Կարապետյանի՞ն էլ են այդպես շահագրգռել:

-Ակնհայտ է, որ պաշտոն են խոսք տվել: Ես, անկեղծ ասած, Կարեն Կարապետյանին ափսոսում եմ: 

– Տեսակետ կա, որ եթե իշխանությունը մեծամասնություն ունենա, այդ դեպքում էլ մենք այսօրվա ճգնաժամը չենք լուծելու, եթե ընդդիմությունը հաղթի, էլի չենք լուծելու: Մտավախություն չունե՞ք, որ այս անգամ կարող է մեծամասնություն չկազմեք, և ընդդիմադիր ուժերը հետագայում ձեզ համար խնդիր ստեղծեն:

-Ընդդիմադիր ուժերը երբեք ընտրություններում չեն հաղթել: Ձեր նշած ընդդիմադիր ուժերը՝ Սերժ Սարգսյանով, Ռոբերտ Քոչարյանով, իրենց իշխանության տարիներին երբեք ընտրություն չեն հաղթել և չեն կարող Հայաստանում ընտրություն հաղթել: 

– Եթե նույնիսկ 70-100 հազար ընտրակաշա՞ռք են խոստանում կամ տալիս:

– Իհարկե չեն կարող, նույնիսկ այդ պարագայում չեն կարող: Նույնիսկ եթե իրավապահների աչքից վրիպեն այդ դեպքերը, այդ մարդկանց 70-80 տոկոսն էլի գնալու է քվեարկի իր ցանկությամբ:

ՀՀ քաղաքացին ազատություն է ստացել և այդ ազատության տերն է: Թող իրենք իրենց ինչքան ուզում են խաբեն:

Մանե Հարությունյան

MediaLab.am