Արցախում Ռուսաստանը փորձում է իշխանափոխություն իրականացնել, ուրիշ ոչ ոք չէր կարող դա այնտեղ անել. Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, ձեր դիտարկմամբ՝ Արցախի Հանրապետության ներքաղաքական կյանքում ի՞նչ խմորումներ են տեղի ունենում:

– Արցախում տեղի ունեցողն առանձին գործընթացներ չեն, դրանք հետևանք են 2020 թվականի 44-օրյա պատերազմի, որոնք իրենց հերթին հետևանք էին 2018-ին Հայաստանում տեղի ունեցած այսպես կոչված հեղափոխության: 

2018-ին Հայաստանում իշխանափոխություն իրականացվեց Արևմուտքի կողմից, ու իշխանության բերված քաղաքական ուժն երեք խնդիր ուներ լուծելու. Արցախը թողնել Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ երաշխիքի, երկրորդ՝ Հայաստանում գեներացնել հակառուսական տրամադրություններ, այդպիսով դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց, այսինքն՝ ռազմաբազայի դուրս բերում, ԵԱՏՄ-ից դուրս գալ և այլն, ու Զանգեզուրի միջանցքի տրամադրում: 

Առաջինը կիսով չափ կատարվել է, բայց դրան հակադրվեց վերջին պահին ռուսական կողմը՝ տեղակայելով խաղաղապահ զորք ու թույլ չտալով, որ ադրբեջանական զորքը մտնի Ստեփանակերտ, որովհետև դրանից հետո արդեն Արցախի հարցը դադարում էր գոյություն ունենալուց, իսկ Արցախի հարցը, ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի համար բավականին լավ գործոն է Հայաստանի ու Ադրբեջանի վրա ճնշման ու Հարավային Կովկասում ազդեցություն ունենալու համար: 

Հիմա Արևմուտքի խնդիրն է, որ խաղաղապահները դուրս գան Արցախից, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրն է, որպեսզի դա տեղի ունենա, այսինքն՝ Ղարաբաղի հարցն ամբողջությամբ փակվի, ու փաստացի, բացելով Զանգեզուրի միջանցքը, կստացվի, որ Արևմուտքը Թուրքիայի, Հայաստանի ու արդեն գոյություն չունեցող Ղարաբաղի, Ադրբեջանի, Կասպից ծովի վրայով ամբողջովին կապվելու է Միջին Ասիայի հետ ու այնտեղի հանքահումքային ռեսուրսներն ամբողջովին այս ճանապարհով է դուրս բերելու: 

Սա թույլ չտալու համար քայլեր պետք է ձեռնարկվեն. չորս գործոն է պետք դա կանխելու համար, որոնցից առաջինը ռուսական խաղաղապահ զորքերն են, որոնք կան Ղարաբաղում, երկրորդ՝ Հայաստանում ուրիշ իշխանություն, ինչն այս պահին չի դիտարկվում, երրորդ՝ Ադրբեջանում իշխանափոխության հարց, ինչը ևս չի քննարկվում, չորրորդ՝ Արցախում ներքաղաքական գործընթացի իրականացում ու իշխանափոխություն: 

Մենք տեսանք, որ այս չորսից առաջինը՝ խաղաղապահների գործոնը կա, իսկ չորրորդ գործոնի առաջին արարը մենք տեսանք, երբ Արցախի ԱԺ նախագահը հանկարծակի վատառողջության պատճառով հեռացավ, ու նրա փոխարեն նշանակվեց մեկ այլ գործիչ: Եթե ընդունենք, որ ԱԺ նախկին նախագահն իսկապես ուներ առողջական խնդիրներ, ապա Արայիկ Հարությունյանին ոչինչ չէր խանգարում նրան փոխարինել իր խմբակցության մեկ այլ գործիչով, բայց ընտրվեց ՀՅԴ ներկայացուցիչը, ինչը նշանակում է, որ Ղարաբաղում մասնակի իշխանափոխություն եղավ: 

Այս պահին այնտեղ երկիշխանություն է, որը չի կարող երկար շարունակվել, ու ինչ-որ հանգուցալուծում պետք է ստանա. կա՛մ խորհրդարանի նոր նախագահ պետք է նորից ընտրվի, կա՛մ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, որովհետև այդ երկու գործիչները տարբեր մոտեցումներ ունեն Արցախի ապագայի վերաբերյալ: 

Հիմա այդ հանգուցալուծման նշույլներն են երևում, կարծես թե, սկզբում խոսվեց, թե Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական ներկայացնի, հետո պարզվեց, որ հրաժարական չի ներկայացնելու, որի մասին Ռուբեն Վարդանյանը խոսեց, այսինքն՝ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, որոնք դեռևս հստակեցված չեն, ինչի պատճառով էլ որոշակի անորոշություն կա: 

 – Այսինքն՝ Արցախում Ռուսաստանը փորձում է իշխանափոխությո՞ւն իրականացնել:

– Այո՛, որովհետև Ղարաբաղում ուրիշ ոչ ոք չէր կարող դա անել, Հայաստանից հաստատ չէին ասի՝ փոխեք ԱԺ նախագահին ու բերեք Դաշնակցության բյուրոյի ներկայացուցչին, որը մերժելի թեկնածու է Հայաստանի համար:

– Ստացվում է, որ Ռուսաստանն ունի՞ հնարավորություն Արցախում իշխանափոխություն անելու, իսկ Հայաստանում՝ ո՞չ:

– Այո՛, որովհետև Հայաստանում իշխանափոխություն անելու համար ուրիշ գործոններ են պետք, Արցախում դրա համար լրիվ ուրիշ գործոններ են պետք, բացի դրանից՝ Ղարաբաղում լրիվ այլ իրավիճակ է, քան Հայաստանում: Ռուսական խաղաղապահ զորքերի ազդեցությունը քաղաքական ուժերի վրա լրիվ ուրիշ է, քան ռուսական 102-րդ ռազմաբազայինը՝ Հայաստանում: 

– Պարո՛ն Բադալյան, իսկ ռուսների համար Ռուբեն Վարդանյանը նախագահի ցանկալի՞ թեկնածու է:

– Ենթադրաբար՝ այո՛, որովհետև իրենց կողմից նա ուղարկվեց Ղարաբաղ, նշանակվեց պետնախարար, 113 օր աշխատեց այնտեղ: Երբ Թուրքիայում երկրաշարժ եղավ, ու Թուրքիայի դիրքերը որոշակիորեն թուլացան, ռուսական կողմը, միգուցե արդեն Ադրբեջանի հետ ինչ-որ առևտրային համագործակցության մեջ մտնելով, փոխեց Ռուբեն Վարդանյանին մեկ այլ գործիչով: Ռուբեն Վարդանյանին այնտեղ պահում են իբրև պահուստային տարբերակ, եթե նրանց համար ցանկալի գործիչ չլիներ, նրան կհանեին Արցախից: 

 – Եթե Արցախում իշխանափոխություն իրականացվի, դա ինչպե՞ս է ազդելու այնտեղ ստեղծված ներկայիս դրության վրա, Արցախը ապաշրջափակվելո՞ւ է:

– Եթե իշխանափոխություն իրականացվի, ապա տեղի է ունենալու քաղաքական առևտուր Ադրբեջանի իշխանությունների հետ. կա՛մ նրանք կբացեն ճանապարհը, կա՛մ Ղարաբաղի պաշտպանության բանակը ուժով կբացի ճանապարհը՝ դրանից բխող բոլոր զարգացումներով ու հետևանքներով: Այսինքն՝ ճանապարհի բացումը քաղաքական առևտրի թեմա է լինելու Ադրբեջանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև, որտեղ Հսյաստանի իշխանությունը որևէ դերակատարություն չի ունենալու: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am