ՀՀԿ-ի հիշողության կորուստը

Վահրամ Թոքմաջյան
Հեղինակ MediaLab

«Պետականության քայքայման գործընթացն անխուսափելիորեն բերելու է անդառնալի կորուստների, որոնցից խուսափելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից»: Մեջբերումը հատված է ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունից:

Այո՛, սիրելի՛ ընթերցող, ՀՀԿ-ն մեզ ելք է բերել, և այդ ելքը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է: Ո՞վ կսպասեր դեպքերի նման կտրուկ շրջադարձ: Ի՞նչն էր ընկած այս հայտարարության հիմքում:

Ավստրալիայի հրդեհներից տուժած կենգուրուներին է նույնիսկ հայտնի, որ Սահմանադրական դատարանը դիտարկվում էր որպես նախկին իշխանության վերջին խրամատ: ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխությունը ստիպեց, որ ՀՀԿ-ն հանդես գա նման հայտարարությամբ:

Այս մասը թողնենք ապագայի պատմաբանների համար որպես պատրաստ տեքստ, իսկ մենք անցնենք երևույթների ավելի հեռուն դիտարկելուն:

Նախ՝ «վերջին խրամատ» հասկացության շուրջ: Փաստացի պատերազմի մեջ գտնվելը, կոդավորված ու մարդկանց զգայական համակարգերի վրա ազդող բառերը, մշակութային վարքագիծը ստիպել են, որ ամեն արժող-չարժող իր տան կամ աշխատավայրի դիմաց դրոշակ տնկի ու այն հայտարարի «պոստ», «ազգի փրկության դուռ», «դրախտի քավարան» կամ, որ ավելի հնչեղ է՝ «բաստիոն»:

Հենց այս մտայնությամբ էր առաջնորդվում Հրայր Թովմասյանը, երբ այն հայտարարում էր «վերջին խրամատ», այս մտայնությունն են կիսում նաև այն 89 մարդիկ, որոնք երկու տարի անց կատարեցին մի կիսավճռական քայլ և կարծեցին, թե հետայսու իրենց արժանի տեղն ունեն Մխիթար Գոշի կողքին:

Իրականում իշխանությունը մոլորության մեջ է: Միամիտ մոլորության: Սահմանադրական դատարանը և դատական համակարգն ընդհանրապես նախկին իշխանության նախավերջին դիրքերն են: Նրանց վերջին դիրքը փողն է: Անթիվ, անհամար բիզնեսները և փողը:

Փողի կայսրության միակ ու դեռևս անփոխարինելի տիրապետողը նախկին իշխանություններն են: Եթե մենք ուզում ենք, որ ՀՀ-ում ժողովուրդն ունենա իրական իշխանություն, ապա պետք է վերադարձնել այդ փողը:

Սխալ չհասկանաք: Ես չեմ ասում՝ այդ փողը տվեք ինձ: Ո՛չ, այդ փողը պետք է մտնի ժողովրդի ընտանեկան գանձարան՝ պետական բյուջե: Այս դեպքում նոր մենք կարող ենք խոսել նախկինների «վերջին խրամատի» առումի մասին:

Հիմա գանք ՀՀԿ-ի առաջ քաշած փրկության հույսին՝ Փաշինյանի հեռացմանը: Իմ խորին համոզմամբ՝ յուրաքանչյուր ոք ունի կարծիք հայտնելու իրավունք: Բնավ կարևոր չէ, թե այդ կարծիքը դուր կգա՞ իմ և ձեր քիմքին, թե՞ ոչ:

Սակայն կարծիք հայտնելու համար կարիք կա իրավունք վաստակել: Ով խոսի-չխոսի, բայց սահմանադրականությունից և իրավական պետությունից խոսելու իրավունք ՀՀԿ-ն հաստատապես չի վաստակել:

Կուսակցություն, որի մասնակցությամբ կեղծվել են առնվազն չորս նախագահական և չորս խորհրդարանական ընտրություններ, կուսակցություն, որի անմիջական քավորությամբ կեղծվել է մի ամբողջ հանրաքվե, սահմանադրականությունից և իրավականությունից խոսելու իրավունք չունի: 

Փաշինյանը հավերժ չէ: Ինչ-որ մի օր նա կհեռանա, կամ դեպքերի անցանկալի զարգացման դեպքում նրան կհեռացնեն: Բայց եթե անգամ նրան հեռացնեն, ուրեմն դրա իրավունքն ունեն այն մարդիկ, որոնք պետության դեմ գործած հանցանքներ չունեն: 

Իսկ ինչո՞ւ է խոսում ՀՀԿ-ն: Խոսում է, որովհետև առ այսօր ոչ ոք չի դատվել վերը նշված հանցանքների համար:

Չի դատվել, որովհետև այն նախավերջին բաստիոնը, դրան էլ վրադիր՝ իրավապահ համակարգի մի յուղոտ մաս, ծառայում է ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ նախկինների ֆինանսական ռեսուրսներին:

Ի դեպ, կեղծված ընտրությունների մասով ինձ որևէ իրավական ապացույց պետք չէ: Ինքս 2003-ից մասնակցում եմ ընտրական գործընթացներին տեղամասերում: Յուրաքանչյուր անգամ տեղամաս մտնելիս ինձ մոտ եղել է 50:50-ի զգացողություն:

Միշտ պետք է աչքի առաջ ունենայիր, որ ցանկացած ընտրակեղծիք կանխելու պարագայում քեզ կարող են վնասել, առևանգել, հունից հանել, գլխիդ գործ սարքել ու բազմաթիվ այլ լածիրակություններ:

Բայց մենք շարունակել ենք գնալ տեղամասեր ու պահել ձայներ, շարունակել ենք լինել փողոցում՝ նաև այս օրվա համար: Ա՛յ եթե պետական սահմանից այս կողմ ինչ-որ մեկը վերջին խրամատ է պահել, ապա դա մենք ենք եղել:

Մյուս կողմից՝ շատ խոսելով՝ ՀՀԿ-ն լավություն է անում նույն իշխանական թիմին: Շատ հեշտ է բանավեճի մեջ մտնել ու պատասխանել ՀՀԿ-ին, շատ դժվար է ունենալ նոր բովանդակություն հաղորդող ուժեր և մտնել բովանդակային բանավեճի մեջ: Այս պարագայում ՀՀԿ-ն ընդդիմություն չէ: Հեղափոխությունից հետո իշխանության եկած ցանկացած ուժի համար ՀՀԿ-ն մուրազ է, մուրազ:

Սիրելի՛ ընթերցող, մեր մեջ ասած, 2018 թ. գործընթացներից հետո ես այլ հեռանկար էի պատկերացնում ՀՀԿ-ի համար:

Միամտություն ունեի կարծելու, որ այդ կառույցը կվերափոխվի: Կմաքրվի օդիոզ դեմքերից, առաջ կքաշի նեոհանրապետականությունը, կդառնա իրական, որակական պահպանողական ուժ, հանգիստ կթողնի Նժդեհին, կխուսափի նրա անունը տեղի-անտեղի շահարկելուց, կվերարժևորի յուր ունեցածը և դասեր կքաղի թույլ տված սխալներից: Ավաղ:

Ընդունում եմ, որ ես անուղղելի ռոմանտիկ եմ այս հարցում:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am